ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերջապես ավարտվեց ԲՀԿ-ի «հաջորդ դասը» ու հայտնի դարձավ ՀՀ նախագահի ընտրություններում այդ կուսակցության որոշումը. ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու եւ չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին:
Փաստորեն, խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը մի քանի ամիս շարունակ հասարակությանը լարված պահելուց, Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու շուրջ ինտրիգ ստեղծելուց հետո հայտարարեց ընտրություններին որեւէ ձեւաչափով չմասնակցելու, ասել է թե՝ ընտրությունները բոյկոտելու մասին: Ինչ խոսք, սա եւս քաղաքական դիրքորոշում է: Միայն թե՝ ուշագրավ է այն հանգամանքը, որ Գ.Ծառուկյանը նախագահական ընտրություններին իր չառաջադրվելու մասին հայտարարեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ Ս.Սարգսյանն ասել է, որ Ծառուկյանն ազատ է՝ իր որոշումների մեջ, ուզում է առաջադրվի, ուզում է՝ ոչ: Բայց նաեւ նախազգուշացրել է, որ առաջադրվելու դեպքում ինքն էլ իր քայլերը կանի, մասնավորապես՝ օրենքի շրջանակներում գործի դնելով կոմպրոմատների թղթապանակը: Այդ ամենի արդյունքում էլ Ծառուկյանը որոշում է կայացրել չառաջադրվելու մասին:
Երեկ քաղաքական կուլիսներում շշուկներ կային, որ Ծառուկյանն ու Սարգսյանը պայմանավորվել են նոր կոալիցիա կազմելու մասին: Նույնիսկ խոսվում էր, որ դեկտեմբերի վերջին Ս.Սարգսյանը հանդես է գալու համապատասխան առաջարկով, ԲՀԿ-ն էլ ընդունելու է այն, ու նախագահական ընտրություններից հետո Ծառուկյանը Բաղրամյան 26-ում հերթական հուշագիրը ստորագրելուց հետո կրկին շամպայնի բաժակ է բարձրացնելու: Նաեւ խոսվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետ Տ. Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին, իսկ այդ պաշտոնին նշանակել ԲՀԿ-ի կողմից ընդունելի ՀՀԿ-ականի: Թե որքանով Ս.Սարգսյանին կհաջողվի իրագործել իր ծրագիրը, ցույց կտա ժամանակը:

Հավատա, վստահիր, պահանջիր

ԲՀԿ քաղխորհրդի, ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանի այս որոշումը, սակայն, միանշանակ չի ընդունվել կուսակցության ներսում, եւ այնտեղ երկու մասի են բաժանվել: Բանն այն է, որ Ծառուկյանի առաջադրման կողմնակիցները, ԲՀԿ-ի ոչ գործարար խավը՝ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Գուրգեն Արսենյանը, Ստեփան Մարգարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը եւ այլք, մի քանի օր է՝ շոկի մեջ են. ամիսներ շարունակ նրանք ջանքեր չեն խնայել այդ ծրագիրն իրագործելու ուղղությամբ, հասարակական տրամադրություններն են որոշակիորեն նախապատրաստել, նույնիսկ Վ.Օսկանյանն ու Ն.Զոհրաբյանը, օգտագործելով իրենց միջազգային կապերը, կարողացել են Բրյուսելում հանդիպումներ կազմակերպել, որտեղ ասեն, թե Ծառուկյանը լավ թեկնածու է: Բայց ամեն ինչ ընկել է ջուրը: Առավել եւս, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելուց հետո ԲՀԿ ներսում նրանք անընդհատ եղել են պայքարի մեջ. ԲՀԿ գործարար խավը նրանց մշտապես մեղադրել է Ծառուկյանի «ուղեղը լվանալու», իշխանությունից դուրս բերելու եւ ընդդիմադիր «սարքելու» մեջ: Փոխարենը այս օրերին հրճվանքի եւ կերուխումների մեջ են գործարար ԲՀԿ-ականները. Ծառուկյանի առաջադրվելու դեպքում նրանք ստիպված էին լինելու ընտրություն կատարել կուսակցության առաջնորդի եւ Ս. Սարգսյանի, ավելի ճիշտ՝ բիզնեսը կորցնել-չկորցնելու տարբերակների մեջ: Իսկ հիմա նրանց ձեռքերն ազատ են ու կարող են անմնացորդ նվիրվել Ս.Սարգսյանին:

Մեր խոսքը գործ է

Շատերը պնդում են, որ սրանով դրվեց ԲՀԿ-ի վերջի սկիզբը: Կարծիք կա, որ եթե Ծառուկյանն այդ որոշումը կայացրած լիներ առանց Ս.Սարգսյանի հետ հանդիպելու, ապա միգուցե դա նորմալ ընկալվեր: Իսկ Սարգսյանի հետ հանդիպումից հետո չառաջադրվելու մասին հայտարարությունն ընկալվում է որպես վախկոտություն, փախուստ՝ սեփական կաշին փրկելու համար: Այլ կերպ ասած՝ սրանով Ծառուկյանը մեծապես վնասեց իր հեղինակությանը: Ու որքան էլ ԲՀԿ-ականները հիմա փորձեն համոզել, թե Ծառուկյանի առաջադրմամբ հասարակությունը կրկին բեւեռների կբաժանվեր, եւ ինքն ի սկզբանե կանխեց նոր արյունահեղությունը, արժանահավատ չի հնչում:
Կա նաեւ հակառակ տեսակետը. Ծառուկյանի թվացյալ նահանջը ՀՀԿ-ի պարտությունն է: Նախ՝ ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց, իսկ այս որոշմամբ Ծառուկյանը վերջնականապես անվավեր հայտարարեց Ս.Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին 2011թ. փետրվարյան հայտարարության տակ իր ստորագրությունը: Մնում է՝ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի խոսքը գործ լինի, եւ նրանք մինչեւ վերջ հավատարիմ մնան քաղխորհրդի որոշմանը, այլ ոչ թե մի կողմից հայտարարեն որեւէ մեկին չսատարելու մասին, բայց «տակից» խաղեր տան հօգուտ Ս.Սարգսյանի:
Հ.Գ. Այս ամենի արդյունքում շահեկան դիրքում է հայտնվել ՀԱԿ-ը. Ծառուկյանը, որ առաջադրվելով կարող էր խլել ընդդիմության ձայները, չի մասնակցի ընտրություններին, արդյունքում՝ ազատ է ընդդիմադիր դաշտը, ՀԱԿ-ը ընտրություններում մոնոպոլ կարգավիճակում է, եւ հիմա ԲՀԿ ընդդիմադիր զանգվածի քվեն կգնա ՀԱԿ-ին: Իսկ Տեր-Պետրոսյանը վերականգնում է իր դիրքերը եւ հաջող գործելու դեպքում կարող է կրկնել 2008թ. էֆեկտը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս