ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻՑ ԿՈՂՄԵՐԸ ՔԱՇՎԵԼ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետության կողմից լիազորված, բայց իրենց պարտականություններն անբարեխիղճ կատարող պաշտոնյաներն այնքան են շատացել, որ նրանց գործողություններից մարդիկ զրկվում են սեփականությունից ու ընկնում դատարանների դռները: Սակայն նույնիսկ այդ դեպքում շատերին չի հաջողվում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքը: Աշտարակ քաղաքի բնակիչներ Սարգսյաններն իրենց տուժող են համարում, քանի որ նրանց ցանկանում են զրկել հողամասից:
90-ականներին Աշտարակի բնակիչ Մերուժան Սարգսյանն իր կնոջ եւ երեխաների հետ մասնակցել է հողի սեփականաշնորհման գործընթացին եւ մի քանի կտոր հող ստացել որպես սեփականություն: Դրանից հետո Մերուժանի երեխաները մեկնել են Ռուսաստան: 1997-ին  Մերուժանը որոշել է վաճառել իր հողակտորները Արամ Մեհրաբյանին, եւ երբ գնացել են նոտարի մոտ` գործարքը վավերացնելու, նոտարը չի հարցրել` Մերուժա՛ն, այդ հողի նկատմամբ քո ընտանիքի մյուս ադամները որեւէ իրավունք ունե՞ն կամ կա՞ նրանց համաձայնությունը: Միայն Մերուժանի կինն է հող օտարելու համաձայնություն տվել, եւ առանց մյուս համասեփականատերերի կարծիքն ու իրավունքը հաշվի առնելու Աշտարակի նոտարը կնքել է առքուվաճառքի պայմանագիր` հիմք ընդունելով Արագածոտնի մարզպետարանից 1997-ին տրված տեղեկանքը եւ պետական ակտը, որտեղ միայն Մերուժանի եւ նրա կնոջ անունն է նշված եղել:
Այսինքն՝ Աշտարակի քաղաքապետարանում եւ Արագածոտնի մարզպետարանում «թաքցրել են» ժառանգների առկայության փաստը: Եւ հենց նույն թվականին էլ գործարքն Աշտարակի քաղաքապետարանի գյուղբաժնի հաշվառման գրքում գրանցվել է Ա. Մեհրաբյանի անունով, եւ տրվել է սեփականության իրավունքի պետական ակտ: Սակայն 2000թ. նույն այդ ՏԻՄ-ը հողի հարկերը Սարգսյաններից է պահանջել: 2003-ին Մերուժանը մահացել է: Նրա ժառանգները վերադարձել են, ժառանգությունն ընդունել եւ սեփականության վկայականներ ստացել` հողերով հանդերձ: 2008-ին էլ հողերի գնորդ Ա. Մեհրաբյանն է մահացել, եւ երբ նրա ժառանգներն են սկսել ժառանգության ընդունման գործընթացը, պարզել են, որ հողակտորներն ուրիշինն են: Սարգսյաններն էլ են հետաքրքրվել «մութ գործարքով» եւ դատարանով վիճարկել Աշտարակի քաղաքապետարանի, նոտարի, կադաստրի աշխատակցի գործողությունները եւ դրանից հետո Մեհրաբյանների անվամբ տրված սեփականության վկայականները: Սակայն նրանք հաջողության չեն հասել նույնիսկ ՍԴ որոշումը ներկայացնելուց հետո. ըստ այդմ` առանց գույքի համասեփականատերերի համաձայնության  այն չէր կարող օտարվել: Վճռաբեկը դա էլ հաշվի չի առել, եւ դատական ակտերը կայացվել են ի վնաս Սարգսյանների: Այժմ էլ Մեհրաբյաններն են դիմել դատարան` հակառակ կողմի սեփականության վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջով:
Մերուժանի որդին` Նորիկ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այդ գործի «մեղավոր» պաշտոնյաները փորձել են իրենց հետ լեզու գտնել, բայց քանի որ չեն կարողացել, սկսել են ոստիկանության միջոցով ճնշել. «Մենք հող չենք վաճառել: Իմ հայրը չէր կարա հող վաճառել մենակ, քանի որ մենք բոլորս էլ համասեփականատեր ենք եղել: Վկայականները մեր անվամբ են: Իրանք (Մեհրաբյանները) վկայական ձեռք են բերել էս վերջում` գործը բացահայտվելու ընթացքում: Որպեսզի 5 հոգի մարդ չքաշվի, քաղաքապետը (Աշտարակի) ինձ կանչել ա, մի հեկտար հող ա առաջարկել: Դրանից հետո մի ամիս զանգել են մեր տուն՝ համաձայնության չգալով ինձ հետ, ես գնացել եմ քրեական վարչություն, քաղաքի վարչություն, էս գործը քանդել հանել եմ. էս ընթացքում ակտն էլ են սարքել, վկայականն էլ են տվել դատավարության ընթացքում… Մենք վերադարձել ենք 2003-ին՝ հորս մահվան կապակցությամբ: Այդ ժամանակ մենք չենք իմացել եւ ժառանգություն ենք ստացել, վկայականները փոխվել ա: 2009-ին ինձ են մոտեցել երկու անծանոթ, պասպորտ էին ուզում, ինչ էին անում, հետո հաջորդ օրը պայմանավորվել ենք, որ հանդիպենք: Հանդիպումից մեկ ժամ առաջ 6-րդ վարչություն են ուղարկում իմ տան վրեն: Վարչության աշխատողն էլ գոռում էր՝ հեսա նարկոտիկ քցեմ ջեբդ, կբռնեմ…»: Ինչ վերաբերում է մոր համաձայնություն տալուն, ապա Նորիկն ասաց. «… Մորս ընդեղ ձեռագիր բան չկա գրած. ընդեղ գրած ա՝ ես համաձայն եմ, որ իմ ամուսինը վաճառի հողը, բայց ո՞ր հողը, կարող ա մեր տունն են վաճառել: Կարող ա՝ վաղն էլ գան ասեն՝ էս տունն էլ եք վաճառել… Նոտարն առքուվաճառք է արել… Չորս տարի ա՝ նոտար չկա դատարանում»:
Ի դեպ, այս մութ գործարքի հետ կապված` 6-րդ վարչությունում քրգործ է հարուցվել որոշ պաշտոնյաների գործողությունների մասով, սակայն կարճվել է` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Այսինքն՝ նրանք կեղտոտ գործն արել են` չեն դատվել, կողմերին էլ գցել դատարանների դռները… Ու սա տարածված երեւույթ է:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս