«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը առաջիկայում պատրաստվում է Գյումրի քաղաքում իր առաջին գրասենյակը բացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այժմ քննարկվում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ներկայության հարցը գրասենյակի բացմանը:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Վահե Մոսինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ միավորման ստեղծումից հետո էլի մարդիկ են միացել իրենց: Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «Անի պլազա» հյուրանոցում միավորման ստեղծումն ազդարարող միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե իրենց են միացել ավելի քան 60 կազմակերպություն, որոնցից 50-ը հասարակական կազմակերպություններ են, իսկ 10-ը` կուսակցություններ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե այս ժամանակահատվածում ովքեր են միացել «Հայկական վերածնունդին»: Մամլո պատասխանատուից տեղեկացանք, որ այս ընթացքում եւս 13 միություն է համալրել «Վերածնունդը»: Դրանք են` «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությությունը», «Նոր Զեյթուն» հայրենակցական միությունը, «Հուսո Առագաստ» հիմնադրամը, «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ն, «Հայաստանի ավանդական երիտասարդների միություն» ՀԿ-ն, «Երիտասարդության ուժը» ՀԿ-ն, «Գեղամա» ՀԿ-ն, «Հայ ազգայնական շարժում» ՀԿ-ն, «Գլոսսա» իրավապաշտպան ՀԿ-ն, «Գվարդիական աստղ ռազմահայրենասիրական միություն» ՀԿ-ն, Միջազգային հասարակական իրավապաշտպան շարժում «Единство» ՀԿ-ն, «Գոյ» բարեգործական հիմնադրամը, «Ազատամարտիկների եu զորացրված զինծառայողների հասարակական միություն» կազմակերպությունն ու «Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ն:
Մեր զրուցակիցը հայտարարեց նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում բոլոր կուսակցությունների ու ՀԿ-ների հետ. «Հանդիսավոր կերպով կլինի համաձայնագրի ստորագրում, ըստ այդմ, կշարունակենք մեր աշխատանքները: Արդեն կլինի գրասենյակների բացում, հանդիսավոր բացումներ»: «Հայկական վերածնունդ»-ի մամլո պատասխանատուն նաեւ նշեց, որ ամառվա ընթացքում իրենք ակտիվորեն աշխատելու են, իսկ աշնանը շարունակելու են նոր գրասենյակների բացման գործընթացը. Գյումրիից հետո գրասենյակ կբացեն նաեւ Վանաձորում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ