Սերունդ կա, որ թատրոն չի տեսել. Հովակ Գալոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Հովակ Գալոյանը, ով հանդիսատեսին հայտնի դարձավ նաեւ սերիալներից, «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին, խոսել է թատրոնի հանդիսատեսի պահանջներից, երիտասարդ կադրերին թատրոնում պահելու խնդրից եւ այլ թեմաներից:

-Հովա՛կ, մի շրջան ակտիվորեն ներգրավված էիք սերիալներում, Ձեր կերպարներն էլ տպավորվում էին հեռուստադիտողների շրջանում: Այժմ ինչո՞ւ չեք նկարահանվում:

-Եթե լինի հարմար առաջարկ, ինչո՞ւ ոչ, կընդունեմ. դա իմ աշխատանքն է, եթե ես դա չանեմ, բա էլ ո՞վ անի: Երեւի արդեն սեպտեմբերին կլինեն նոր առաջարկներ: Իհարկե, եղել են հրավերներ, որոնցից ես հրաժարվել եմ նաեւ գումարային հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով, ինչ թաքցնեմ:

-Գիտենք, որ մի թաքուն երազանք ունեք` Ձեր իսկ նախաձեռնությամբ ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմ նկարահանել: Այդ ուղղությամբ աշխատո՞ւմ եք: Նորություններ կա՞ն:

-Այդ ուղղությամբ քայլեր արվում են: Դա, իհարկե, բարդ գործընթաց է, սակայն նորություններ հայտնել դեռ չեմ կարող. սպասողական վիճակում եմ: Ամեն դեպքում, նպատակս իրականացման փուլում է: Ինքս կլինեմ ֆիլմի գլխավոր ռեժիսորը, սակայն կհրավիրեմ այլ ռեժիսորի եւս:

-Հանդիսատեսն ու մասնագետները երբեմն դժգոհում են` նշելով, որ մեր թատրոնների խաղացանկերն ուշ-ուշ են թարմացվում, նաեւ նոր շնչի, սերնդափոխության կարիք է զգացվում: Ի՞նչ կասեք:

-Մեր թատրոնը տարին երեք-չորս նոր ներկայացում է հանձնում հանդիսատեսի դատին: Այսինքն` մեզ մոտ խաղացանկը փոփոխական է: Իհարկե, կան ներկայացումներ, որոնք մնում են՝ հանդիսատեսի շրջանում պահանջարկ վայելելու հանգամաքից ելնելով: Ի դեպ, մեր թատրոնում սեպտեմբերին կլինի «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման պրեմիերան: Ինչ վերաբերում է թարմ շնչին, պետք է նկատեմ, որ մեզ մոտ նոր սերունդ կա, կան ներկայացումներ, որոնցում զբաղված են հետաքրքիր, խարիզմատիկ երիտասարդներ, սակայն խնդիրը նրանց թատրոնում պահելն է: Թատրոնն առանց երիտասարդների մեռած է, սակայն երիտասարդներին պահելը միայն թատրոնից չէ, որ կախված է: Դա պայմանավորված է երիտասարդի մտածելակերպից, մեծապես նաեւ` ֆինանսական դրությունից: Շատ շնորհքով դերասաններ գնում են արտագնա աշխատանքի, որ կարողանան գումար վաստակել…

-Թատրոնի այսօրվա հանդիսատեսն ինչո՞վ է տարբերվում, օրինակ, տասը տարի առաջվա հանդիսատեսից:

-Այսօր ժողովուրդը խորիմաստ, հետաքրքիր ներկայացման պահանջ ունի, թեկուզ կոմեդիայի, բայց խորը: Բացի այդ, օրինակ` խորհրդային տարիներին գոյություն ունեին հրաշալի ավանդույթներ, որոնք հարկավոր է այսօր էլ կիրառել: Այն ժամանակ թատրոնների հայտնի դերասաններ, ասենք` Մետաքսյա Սիմոնյանը, պապս` Հովակ Գալոյանը, եւ այլք գնում էին մարզեր, գյուղերի ակումբներում լուրջ ներկայացումներով էին հանդես գալիս: Հիմա մտածում են` էդպես ոնց կլինի: Գյուղացիները կովը կթում էին, դաշտից գալիս էին տուն, գործերն ավարտում էին ու գնում ակումբ. Դոստոեւսկու «Ապուշ»-ն էին դիտում: Այդպիսով ստեղծվում էր գյուղական ինտելիգենցիա: Այդ մարդիկ հնարավորություն ունեին նայելու ներկայացումներ, որոնք Մոսկվայում մրցանակի էին արժանանում: Այսօր էլ ժողովրդին պետք է տալ այդ այլընտրանքը: Երկու տարի առաջ մարզերից մեկում բարեգործական նպատակներով ներկայացումով էինք հանդես գալիս եւ այնտեղ հանդիպեցինք երեխաների, որոնք չգիտեին` ներկայացումն ինչ է, թատրոնն ինչ է: Զարմացած նայում էին մեզ վրա: Սերունդ կա, որ թատրոն չի տեսել: Կցանկանայի, որ թատրոնների ծախսերը հոգային, որպեսզի վերջիններս հաճախ հնարավորություն ունենային այցելելու մարզեր:

-Իսկ մեր հասարակության շրջանում կա՞ն սատիրիկ կերպարներ, որոնք կցանկանայիք կերտել, կա՞ն թեմաներ, որոնց կցանկանայիք անդրադառնալ:

-Ժամանակին մարդիկ մարդկային էին, հիմա ոչ. շատ են էգոիստացել, մտածում են` իրենց մոտ ամեն բան կարգին է, մնացածը` հեչ, հաշվի չեն առնում, որ իրենք կարող են մյուսների պես նույն կոտրած տաշտակի առջեւ հայտնվել: Ես կուզենայի «Չիպոլինո»-ն բեմադրել: Տեսեք` Չիպոլինոն տրորում է արքայազն Լիմոնի ոտքը, որը պարոն Լոլիկի ժառանգն էր, վերջինս դատի է տալիս Չիպոլինոյին եւ նրա ընկերներին: Շատ հետաքրիր գործ է, որն այսօր էլ որքան արդիական է, չի հնացել: Ամբողջ աշխարհում գոյություն ունի արծարծվող խնդիրը… Մարդկային հարաբերությունները պետք է վերանայվեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս