ՔԱՂԱՔԱԿԱՆ Է, ԲԱՅՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՉԷ. ՀԱՑԱԴՈՒԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել: Նախօրեին Սանասարյանը հայտարարել է, որ այն ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ քաղաքացիներին՝ հավելելով, թե հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ քաղաքացիները կգնան Ազատության հրապարակ եւ միասին կուղեւորվեն Բաղրամյան պողոտա՝ իրենց պայքարը շարունակելու: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Դավիթ Սանասարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ սպասումներ ունի պայքարից ու արդյո՞ք կարծում է, որ ժողովուրդն իր այդ քայլից հետո միանալու է իրեն:

-Այն քաղաքացիները, ովքեր իսկապես ուզում են իրավիճակ փոխել, պետք է գան, ուրիշ տարբերակ չկա, եթե կարծում են, որ սա լավ մեթոդ չի, պետք է լավ մեթոդ առաջարկեն, եթե ոչ, ապա պետք է գան Ազատության հրապարակ, միասին որոշենք, թե ինչ ենք անում, այլ տարբերակ ես չեմ տեսնում:
-Դուք հայտարարել եք, որ Ազատության հրապարակ պետք է գա ամբողջ ժողովուրդը, որպեսզի Դուք հացադուլից դուրս գաք եւ շարունակեք Ձեր պայքարը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, եթե ժողովուրդը չմիանա Ձեզ, այդ դեպքում ի՞նչ եք անելու:
-Եթե ամբողջ երկիրը գա այստեղ, ընդհանրապես, Հայաստանում իրավիճակը կփոխվի, մենք ուրիշ երկիր կունենանք, բայց մենք գիտենք, որ նման բան չի կարող լինել, ես նման ակնկալիք չունեմ, այդքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե ամբողջ երկիրը հավաքվելու է այստեղ: Ոչ մի երկրում նման բան չկա, որ ամբողջ երկիրը հավաքվում է, ամենազարգացած երկրներում էլ չկա նման բան: Ուղղակի պետք է այնքան մասսա հավաքվի, որպեսզի որոշենք, թե ինչպես մեր քայլերն իրականացնել: Կարող է լինել հազար հոգի, բայց այնքան էներգիայով լի, որ այդ հազար հոգին բավարար լինի, այստեղ կարեւորը որակն է, իհարկե, նաեւ քանակը, բայց որակով քանակը:
-«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ դիմել է հացադուլի, սակայն որեւէ արդյունքի չի հասել: Ձեր կուսակցության առաջնորդի փորձն աչքի առջեւ ունենալով` չեք կարծում, որ նման կերպ պայքարելն անարդյունավետ է:
-Տեսեք, ես կուսակցական որեւէ հարցի չեմ պատասխանում, բայց դրան անդրադառնամ. արդյունքը դեռեւս հայտնի չի` եղել է, թե չի եղել, որովհետեւ ես այսօր հստակ կարող եմ ասել, որ այս շարժումը նախորդ շարժումների շարունակությունն էր, անկախ նրանից, թե կային լիդերներ, որոնց մոտեցումները ես ընդունում եմ կամ չեմ ընդունում, անկախ նրանից, թե այդ շարժումները ինչ արդյունքներ ունեցան, դրանք կիսաքայլեր էին, ինչեր էին, այնուամենայնիվ, եկավ մի իրավիճակ, որ այսօր կարող ենք ցուցիչով տեսնել եւ ասել, որ ՀՀ քաղաքացու գիտակցությունը ավելի շատ բարդացել է, այսօր մենք կարող ենք շատ լսել, որ մենք ենք տերը մեր երկրի ու այս հայտարարությանը մենք կամաց-կամաց պետք է բովանդակություն հաղորդենք: Ես վստահ եմ, որ մենք այդ ուղղությամբ քայլում ենք, անկախ նրանից, թե շոշափելի արդյունքն այս պահին որքան է, դա մենք կարող ենք տեսնել վաղը ու հասկանալ, թե դա ինչի է վերածվում: Դրա համար եկեք այս ամենը շատ քանակով չչափենք, այլ տեսնենք այն արդյունքները, այն իրական արդյունքները, որոնք մենք ունենք: Շարժումը ավելի լրջանում է, քաղաքացիները ավելի լուրջ մասնակցություն են ունենում:
-Այս պայքարը սկսել էր «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը կարծես թե հունիսի 28-ից հետո իր պայքարը, գոնե այս ձեւով, համարում էր ավարտված: Ինչո՞ւ Դուք որոշեցիք շարունակել նրանց նախաձեռնած պայքարը, երբ անգամ նախնական ժամանակահատվածում չէիք էլ մասնակցում ցույցերին եւ Բաղրամյան պողոտայում հայտնվեցիք այն ժամանակ, երբ կարելի է ասել՝ շարժումն արդեն մարում էր:
-Ես չգիտեմ՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը համարել է ավարտված, թե չէ, մենք չենք առանձնացել, ես եկել եմ այն ժամանակ, երբ որ ժողովուրդը կանգնած է եղել Բաղրամյան պողոտայում բարիկադների մոտ, ժողովուրդն է որոշել, որ ինքը ցանկանում է մնալ բարիկադների մոտ: Ժողովուրդի մի մասը մնացել է մինչեւ վերջ ու չի եկել այնտեղից այնքան ժամանակ, մինչեւ ոստիկանները ուժով հեռացրել են, բերման են ենթարկել եւ այլն: Իմ համոզմամբ՝ որեւիցե առանձնանալու բան չի եղել, իրենք հայտարարել են, որ գնում են Ազատության հրապարակ, մեծ մասը մնացել է այստեղ, այնպես որ, եկեք՝ ճիշտ գնահատականներ տանք:
-Նախաձեռնության անդամներից Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ շարժումը քաղաքականացրին, ինչի համար իրենք որոշեցին Բաղրամյան պողոտայից տեղափոխվել Ազատության հրապարակ: Ինչո՞ւ քաղաքականացրիք նրանց նախաձեռնած շարժումը:
-Ես չեմ կիսում Արմեն Մկրտչյանի մոտեցումը, շարժումն ի սկզբանե քաղաքական խնդիր է ունեցել լուծելու, ու չի քաղաքականցվել առանձնահատուկ: Գոյություն ունի իշխանություն, ու կան քաղաքացիներ, որոնք պահանջ են ներկայացնում ու այդ պահանջը ներկայացնում են կոնկրետ իշխանություններին: Գործ ունենք միջազգային հարաբերության հետ, եւ ՌԴ-ն ու ՀՀ-ն քաղաքականություն են որոշում, այնպես որ սա քաղաքական խնդիր է: Այս շարժումը քաղաքացիական շարժում է, Դուք այստեղ չեք տեսնի կուսակցականների ելույթներ, այլ կտեսնեք կուսակցությունների ներկայացուցիչներին ժողովրդի մեջ: Ես այս պահի դրությամբ որեւէ կուսակցական աշխատանք չեմ տանում, որպեսզի շարժմանը չվնասեմ:

 

 

 

 
ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ

Երեկ Սահմանադրական դատարանը քննեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների` Սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված դիմումը: ՍԴ-ի հրապարակած որոշումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ դեռեւս անհնար է որեւէ կոնկրետ բան ասել որոշման մասին, մինչեւ այն ամբողջությամբ չհրապարակվի:

Նշենք, որ դիմումի քննարկման ժամանակ երեկ ՍԴ-ում ներկա են գտնվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը հանդես է եկել որպես պատգամավորների ներկայացուցիչ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Խաչատրյանը, Արայիկ Աղաբաբյանն ու Էլինար Վարդանյանը: Որպես պատասխանող կողմ հանդես է եկել ԱԺ-ն, որի ներկայացուցիչը ՍԴ-ում ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանն էր:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորները Սահմանադրական դատարան էին ներկայացրել 400 էջանոց հիմնավորում, ըստ որի՝ օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ անդամ Կիմ Բալայանը փորձել է պարզել, թե ինչո՞ւ օրենքի նախագիծը, մինչ ընդունվելը, ԱԺ մշտական հանձնաժողովներում չի քննարկվել: ԱԺ իրավաբանական վարչության պետը, սակայն, խուսափել է այս հարցին պատասխանելուց` ասելով. «Չեմ պատրաստվել, հարցերին պատասխանելու համար կարող ենք հետաձգել դատը»: Այնուհետեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:
Որոշման հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետարքրքվել, թե ինչպես է գնահատում այն, քանի որ այդ որոշմամբ, ըստ էության, որեւէ բան չփոխվեց: «Ըստ վիճարկվող օրենքի՝ գնաճով ճշգրտվում է միայն այն գումարը, որ քաղաքացու աշխատավարձից է տարվել, հաշվի առնված չէ, որ բյուջեն, եթե հատկացում է կատարում, ապա դա էլ քաղաքացու սեփականությունն է: Այս մասով կտրուկ եւ մի անգամից է ճանաչում Սահմանադրությանը հակասող, քանի որ ընդամենը 1 մասն է ինդեքսավորվում: Բայց ինձ համար այս հրապարակումից, համենայնդեպս, դեռեւս պարզ չէ ընթացակարգային խախտումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ մեր պահանջը երկու հիմնական հարթության մեջ էր: Գուցե շատերի ակնկալիքն այն էր, որ կտրուկ մեկ անգամից պետք է ասվեր, որ Սահմանադրությանը հակասում է: Բայց ես խնդրում եմ՝ չշտապենք, առաջիկա օրերին որոշումը կհրապարակվի, եւ առավել մանրամասն կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ որպես դիմող կողմի ներկայացուցիչներ»,-եզրափակեց պատգամավորը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՇՏԱՊՈՒՄ Է
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի երեկ հետաձգվեց: Պատճառն այն է, որ օրաթերթը գործին ներգրավել է փաստաբան Տիգրան Ավետիսյանին: Վերջինս միջնորդեց դատարանին գործի նյութերին ծանոթանալու եւ նախապատրաստվելու համար իրեն ժամանակ տրամադրել:
Որպես կանոն դատավորները նման միջնորդությունները չեն մերժում եւ 2-ից 3 շաբաթ են տրամադրում փաստաբանին:
Սակայն այս գործով նիստը նախագահող դատավոր, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը որոշեց, որ փաստաբանին 1 շաբաթն էլ բավարար է, ու հաջորդ նիստը նշանակեց հուլիսի 14-ին:
Փաստաբանին ընդամենը մեկ շաբաթ տրամադրելու փաստը Armlur.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հետեւյալ կերպ գնահատեց. «Դատարանը շտապում է ավարտել այս գործը: Իսկ դա լինում է միայն այն դեպքում, երբ հրահանգն իջեցված է, նախապես կանխորոշված է` ինչ վճիռ է սպասվում: Ձեւական դատավարություն կանեն, արագ-արագ ինչ-ինչ գործողություններ կիրականացնեն եւ կավարտեն»:

 

ԲՈԼՈՐՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԵՆ
Հայաստանի քաղաքական դաշտն արդեն մեկնել է արձակուրդ: Քաղաքական գործիչները կա՛մ երկրում չեն, կա՛մ էլ որեւէ գործընթացի չեն «խառնվում». թայմ աութի մեջ են: Իշխող Հանրապետական կուսակցությունը դեռեւս անցած շաբաթ է մեկնել արձակուրդ` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ «Օջախ» ռեստորանում մի լավ քեֆ անելուց հետո: ՀՅԴ-ականներն էլ չկան, բացառությամբ Արծվիկ Մինասյանի, որը զբաղված է սահմանադրական բարեփոխումներով: ԱԺ ՕԵԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներից որեւէ մեկին եւս չես կարող «գտնել»: Նրանց հեռախոսներն էլ չեն պատասխանում:

 

ԱՐՑԱԽԻ ՍԻՐՈՒՑ
Ռուս գործարար, քաղաքական ու հասարակական գործիչ, «Ալիսա» բորսայի հիմնադիր, Ռուսաստանում առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ Գերման Ստերլիգովը, հուլիսի 4-ին ընտանյոք հանդերձ հեռացել է Ռուսաստանից ու բնակության նպատակով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Սույն փաստը, ինչպես եւ ակնկալվում էր, Ադրբեջանին չէր կարող անտարբեր թողնել: Ազերիների մոտ կարծես թե արդեն սովորություն է դարձել Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած հարցի շուրջ մեծ վայնասուն բարձրացնել: Այս անգամ էլ բացառություն չեղավ: Ադրբեջանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է Գերման Ստերլիգովի՝ Լեռնային Ղարաբաղ այցի փաստը:




Լրահոս