ՀՀ դատական դեպարտամենտում կարծես թե հերթական աղմկալի չարաշահման դեպքն է բացահայտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, դատական գործերի թարգմանության համար նախատեսված ծախսերը արհեստական կերպով շատ են ներկայացվում:
Եվ այսպես, ինչպես գիտենք՝ ՀՀ դատարանները օտարալեզու դատական գործերը ուղարկում են համապատասխան թարգմանչական ընկերություններ, որպեսզի այդ գործերը թարգմանվեն, եւ դատավորները կարողանան քննել գործը: Ի դեպ, նախկինում, երբ դատարանները դատական գործերը ուղարկում էին որեւէ ընկերություն՝ թարգմանության համար, հաշվարկային միավորը համարվում էր «A4» ֆորմատի թուղթը: Իսկ, ահա, 2014 թվականից հաշվարկման կարգը փոխվեց եւ թարգմանությունների համար նախատեսված գումարի չափը հաշվարկվում է ըստ նիշերի (տառերի, կետադրության, բառամիջյան հեռավորության հաշվարկով):
Եվ, ահա, այստեղ էլ թաքնված է շան գլուխը: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ ՀՀ վարչական դատարանը մի դատական գործ է ուղարկել թարգմանչական ընկերություն, որպեսզի թարգմանվի: Ավելի ուշ թարգմանչական ընկերությունը վարչական դատարան է ուղարկել թարգմանված նյութի Էլեկտրոնային տարբերակը, որը բաղկացած է եղել 54 հազար 341 նիշից:
«Ժողովուրդ»-ը ուսումնասիրություն կատարեց եւ նկատեց, որ նյութի էլեկտրոնային տարբերակում առկա են մեծ քանակությամբ գծանշաններ, բացատներ (տՐՏոպս), որոնք թարգմանված գործի նիշերը ավել են ցույց տալիս: Պարզեցինք նաեւ, որ, օրինակ, նյութում արված գծանշանները տեքստի սպիտակ գույնով նշելու եղանակով քողարկվում են, եւ տվյալ նյութը դիտելիս տեսանելի չեն ավել նիշերը, սակայն երբ թարգմանված նյութը էլեկտրոնային տարբերակում նայում ենք եւ վերը նկարագրված քողարկված ավելցուկները հեռացնում ենք, թարգմանված նյութի նիշի քանակը գնալով պակասում է, օրինակի համար՝ 60 հազար 341 նիշից դառնալով 38.648 նիշ: Այսինքն՝ թարգմանված նյութի նիշերը գրեթե կրկնապատիկ քանակով ներկայացնելու արդյունքում, ըստ էության, թարգմանչական ընկերությունը արհեստականորեն ավելացնում է նիշերը, որպեսզի դատական դեպարտամենտն էլ թարգմանության համար ավել գումար տրամադրի:
«Ժողովուրդ»-ի ձեռքում հայտնվել է միայն այս փաստաթութղը, սակայն նման գործերը, որոնք ուղարկվում են թարգմանչական ընկերություններ եւ վերադառնում, քիչ չեն: Արդյո՞ք մենք հերթական անգամ գործ չունենք պետական բյուջեի միջոցների փոշիացման կամ յուրացման հետ: Բացառվա՞ծ է, որ դատական դեպարտամենտը ներքին կարգով պայմանավորվածություն ունի թարգմանչական ընկերության հետ, որ ավել նիշեր են ներկայացվում, գումար է դուրս գրվում եւ…
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ դատական դեպարտամենտ, որտեղից դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլանդյանի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանն ասաց, որ այս տեղեկությունը իրենց համար նոր երեւույթ է. «Խնդրում ենք՝ Ձեր հարցը եւ այն հիմքերը, որ Դուք ունեք, ուղարկեք մեր էլեկտրոնային փոստով: Մենք կուսումնասիրենք եւ ըստ ընթացակարգի՝ կպատասխանենք Ձեր հարցերին»:
Մենք նախընտրեցինք խնդիրը բարձրացնելու համար հրապարակել նյութը, մնացածը թող արդեն դատական դեպարտամենտը պարզի, թե ինչ է կատարվում (մեծ ցանկության դեպքում կարող են տրամադրել նաեւ մեկ կոնկրետ թարգմանչական գործը): Ի վերջո, լրատվամիջոցի առաքելությունը խնդիրների մասին բարձրաձայնելն է, ոչ թե «ներքին կարգով» նամակներ ուղարկելը:
Նկատենք, որ սա միակ աղմկալի չարաշահման դրսեւորումը չէ, որ կարող է գրանցվել ՀՀ դատական դեպարտամենտում: Հիշեցնենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը եւ դեպարտամենտի եւս 12 նախկին աշխատակիցներ մեղադրվում են 115 մլն դրամ հափշտակելու համար:
Հավելելենք՝ «Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ գրել էր, որ թարգմանչական ծառայություններ մատուցող «Արթ Կոնսալթին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դատի է տվել ՀՀ դատական դեպարտամենտին: Բանն այնն է, որ ընկերությունը մի շարք դատական գործերով մատուցել է թարգմանչական ծառայություններ, որոնց համար ՀՀ դատական դեպարտամենտը պարտավոր էր վճարել, սակայն չի վճարել: Գումարը վճարելու պահանջով Դատական դեպարտամենտին ուղղվել են գրություններ, որոնց, սակայն, վերջիններս որեւէ կերպ չեն արձագանքել: Այս գործով դատական նիստերը դեռ շարունակվում են:
Տեսնենք, թե ինչ կլինի ավել նիշերի մասին ահազանգի ճակատագիրը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ
2015 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 21:30-ին, Երեւան քաղաքի Քաջազնունի փողոցի 4-րդ շենքի տարածքում տեղի ունեցած սպանությունից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ նշված տարածքում դանակահարել էին 37-ամյա Արման Մելիքյանին, որին շտապել էին տեղափոխել Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել էր:
Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Իսկ ինչը կարող էր լինել այս սպանության պատճառը, եւ ով կարող էր լինել դրա կատարողը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ սպանված Արման Մելիքյանը իր ծանոթ Կարենի հետ դեպքի օրը եղել է մայրաքաղաքի «բիստրոներից» մեկում: Կարենը եւ Արմանը միասին հաց են կերել, իսկ ավելի ուշ, երբ «բիստրոյի» աշխատակցուհին տղաներին հայտնել է, որ պետք է վճարեն իրենց սեղանի համար նախատեսված գումարը, Կարենը, որը «ֆայլաբազարի» աշխատակից է, ասել է, որ ներկա պահին իր մոտ գումար չկա, եւ համապատասխան գումարը ինքը կարող է վճարել միայն, եթե կարողանա դուրս գալ «բիստրոյից» եւ հանդիպել մի մարդու հետ, որը իրեն գումար է պարտք:
Փոխհամաձայնության գալով՝ Արմանը, Կարենը եւ «բիստրոյի» աշխատակցուհիներից մեկը միասին դուրս են եկել, որպեսզի գնան Կարենի ծանոթի մոտ եւ վերցնեն գումարը: Ճանապարհին Արմանը Կարենին ասել է. «Եթե գումար չունես, ասա՝ չունեմ, անիմաստ է այս աշխատակցուհուն մեզ հետ տանենք, հասցնենք մի տեղ, որտեղ հետագայում պարզվելու է, որ գումար չկա»: Այս արտահայտությունից Կարենը զայրացել է, եւ երկու ընկերների միջեւ սկսվել է վիճաբանություն: Այդ ընթացքում Կարենը, հավանաբար, դանակով հարվածել է Արմանին:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ հանձնարարվել է ոստիկանությանը, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերեն ու ներկայացնեն նախաքննական մարմնին:
Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ Կարենը մինչ այս սպանությունը մեկ այլ գործով էլ է հետախուզման մեջ եղել:
ԻՆՉՊԵՍ ԱՆՀԵՏԱՑԱՎ
Երեկ NEWS.am-ը տեղեկություններ էր տարածել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով 4 մեղադրյալների փաստաբաններին կանչել են ԱԱԾ՝ նոր փորձաքննությունների կատարմանն ուղղված գործողություններ անելու համար, որից հետո անհետացել է մեղադրյալներից Հենրիկ Ավագյանի հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանի հեռախոսը:
Նա հայտնել է, որ հեռախոսով մտել է ԱԱԾ, բայց տարօրինակ հանգամանքներում դուրս է եկել առանց հեռախոսի: Դատելով ստեղծված իրավիճակից՝ առաջին վարկածն այն, որ միգուցե փաստաբանի հեռախոսը ԱԱԾ-ում «թռցրել են»՝ նրա խոսակցությունները կամ հնարավոր գործողությունները կանխելու համար, կամ փաստաբանն է մեկ այլ տեղ թողել եւ չի հիշում: Սակայն չի բացառվում նաեւ, որ ԱԱԾ-ում այնպիսի խառը իրավիճակ է, որ իրեր են անհետանում:
ՆՈՐ ՊԵՏԸ «ՋԱՐԴՈՒՄ Է»
Armlur.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՃՈ ծառայության հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնից զբաղեցրած պաշտոններից ազատվել են Գեւորգ Մկրտումյանն ու Արտակ Ադամյանը: Նշենք, որ Գեւորգ Մկրտումյանը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս տարվա ապրիլին պաշտոնից հեռացված Ռոման Մկրտումյանի որդին է: Աղբյուրի տեղեկություններով` ՃՈ նորանշանակ պետ Արմեն Հակոբյանը կադրային ջարդ է սկսել, եւ առաջիկայում սպասվում են նոր պաշտոնանկություններ:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՐՃԵԼ
Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցները երեկ հայտարարություն են տարածել` պահանջելով կարճել նստացույցի մասնակից Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը.«Անսալով Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպս. Աջապահյանի հորդորին՝ պատրաստակամ ենք եւս մի քանի օր անցկացնել կարճման որոշման սպասման մեջ: Այդ սպասումը չի կարող ավելի երկար լինել, քան ս.թ. հուլիսի 14-ը: Այդ ընթացքում, լուծումներ չտեսնելու դեպքում մեզանից յուրաքանչյուրն այլեւս իրեն ազատ է համարում արձագանքել իրավական պաշտպանության լուրջ գործընթացով՝ զուգորդված բողոքի արտահայտման բազմազան գործողություններով»:
ԲՈՂՈՔԵԼ Է ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՑ
Ադրբեջանի կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբուդովն իր օգնականների հետ երեկ հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հետ, ինչից հետո հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանն ինքնակամ անցած Գրիգորյանը որեւէ բողոք չունի. «Ի տարբերություն նրա զորամասի՝ Ադրբեջանում օրական 3 անգամ է կերակրվում: Շաբաթը 3-4 անգամ ունի լողանալու, մաքուր օդում զբոսնելու հնարավորություն: Սենյակում կա հեռուստացույց: Անդրանիկն ասել է, որ իր զորամասում շատ վատ պայմաններ են եղել: Վաշտի հրամանատար Սուրեն Բալայանն ու մյուս զինծառայողները պարբերաբար ծեծել են իրեն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նրան հաճախ են այցելել, ինչի շնորհիվ էլ նա ընտանիքին նամակներ է ուղարկում: Նա նաեւ ասել է, որ կարոտում է իր սիրած աղջկան՝ Նուշիրին»,-պատմել է Բեհբուդովը:
ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթեւեկության ինտենսիվության աճ դեպի հանգստյան գոտիներ՝ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երեւան-Սեւան-Դիլիջան, Երեւան-Աշտարակ, Երեւան-Գեղարդ եւ Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում: