ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԿՌՎԱԽՆՁՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 3 տարի է, ինչ ՀՀ Արագածոտնի մարզի Կանչ, Հակո, Արեւուտ եւ Գետափ գյուղերի բնակիչները վնասներ են կրում իրենց գյուղերի հարակից տարածքներում տեղադրված հակակարկտային կայանների պատճառով: Այդ համայնքների բնակիչների խոսքով` կայանների կրակոցների հետեւանքով իրենց դաշտերը անձրեւի երես չեն տեսնում, արդյունքում ցորենի, գարու ողջ բերքը փչանում է: Իսկ, ահա, Արագածավան, Արտենի գյուղերի բնակիչների համար այդ կայանները առատ բերք ստանալու գրավականներից են. այստեղ հիմնականում ծիրան են աճեցնում, եւ հակակարկտային պաշտպանությունը պարտադիր է: Այդպիսով` այս գյուղերի միջեւ տեղադրված հակակարկտային կայանները դարձել են կռվախնձոր:

Կանչի գյուղապետ Մրազ Բշարյանի պատմելով՝ գյուղի մոտակայքում տեղադրված 50 հակակարկտային կայանների պատճառով իրենք չեն կարողանում ցորենի եւ գարու բերք հավաքել: «Բազմիցս դիմել ենք արտակարգ իրավիճակների նախարարություն, նույնիսկ ճանապարհներ ենք փակել, միեւնույն է՝ հարցը ոչ մի կերպ չի կարգավորվում: Անգամ այս խնդրի շուրջ նամակով դիմել ենք Սերժ Սարգսյանին: Սակայն ապարդյուն. հարցը ոչ մի կերպ չի լուծվում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց Բշարյանը:
Կանչեցիների խոսքերով՝ հակակարկտային կայանների կրակելու պատճառով անձրեւներ չեն տեղում, ինչի արդյունքում գյուղերի արոտավայրերն ու հացահատիկի, գարու դաշտերը մնում են անջրդի: «Օրինակ՝ Շիրակի մարզի բնակիչները նախորդ տարի հացահատիկի լավ բերք են հավաքել, իսկ մենք՝ ոչ: Սա էլ երրորդ տարին է՝ մենք բերք չենք ստանում: Հենց աննշան ամպեր են կուտակվում, հակակարկտային կայանները սկսում են կրակել: Ճիշտ է՝ Արագածավանի, Արտենիի բնակիչներն էլ պնդում են, թե իրենք էլ պետք է ծիրան հավաքեն, բայց այդ դեպքում մենք ինչ անենք»,- հուսահատվեց Կանչի գյուղապետը: Նշենք, որ տեղադրված հակակարկտային կայաններից դժգոհում են ոչ միայն Կանչի, այլեւ Արեւուտի, Հակոյի, Գետափի բնակիչները:
Նույն խնդրի շուրջ դժգոհող Հակո համայնքի ղեկավար Սերյոժա Չարչոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալն ասաց. «Իրենց պատճառով գյուղում երաշտ է լինում. հենց մի ամպ է լինում, կրակում են: Մեր բողոքից հետո իրենց կանչում են, ասում են՝ մի՛ զարկեք, բայց միեւնույն է՝ իրենք զարկում են ու զարկում: Օրինակ՝ վերջին անգամ մեր գյուղում անձրեւ եկել է մեկ ամիս առաջ: Ցորենը լավ սկսել էր աճել, հենց այս մեկ ամսվա ընթացքում անձրեւ չեկավ, գարու ու ցորենի հատիկները չեն մեծանում: Հարավային քամին չորացրել է: Անցյալ տարի ընդհանրապես չենք քաղել ցորեն կամ գարի: 2012 թվականին նույնպես ցորեն, գարի չենք հավաքել»,- զայրացած նկատեց Հակոյի գյուղապետ Չարչոյանը:
Ի հակառակ Կանչիի եւ Հակոյի բնակիչների՝ հակակարկտային կայանների մշտական գործունեությունը խիստ կարեւոր է Արագածավանի ու Արտենիի բնակիչների համար, որոնք ծիրանի բազմահեկտարանոց այգիներ ունեն: Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք մեկ տարի է, ինչ օգտագործում են հակակարկտային կայան: «Լսել եմ, որ հարակից գյուղերի բնակիչները դժգոհություններ ունեն, բայց դա շատ նեղ մասնագիտական է, այս պատճառով չեմ կարող խոսել այդ մասին: Մենք համապատասխան մասնագետների հետ խոսել ենք ու պարզել, որ դա նույնիսկ նպաստում է անձրեւների գալուն: Մեր գյուղում հեկտարներով ծիրանի այգիներ ունենք, նախորդ տարի մեծ վնասներ կրեցինք կարկուտից, եւ որպես փոխհատուցում պետությունը մեզ հակակարկտային կայան տվեց, առանց որի հիմա չենք կարող»,- ներկայացրեց Խլղաթյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հակակարկտային տեսչության պետ Արմեն Կարապետյանի հետ: «Իրենց կողմից բարձրացված խնդիրները հիմնավոր չեն: Մենք ունենք լակատերային կենտրոն, հենց այդ լակատերն ամպերի մեջ տեսնում է գոյացություններ, այդ դեպքում ջերմաստիճանն ու ամպերի բարձրությունն է չափվում եւ այլն, ապա որոշում է կայացվում կրակելու մասով: Հակակարկտային կայանները չեն կարող ամպերը ցրել: Դրանք տեղումները թափվելու համար են: Մենք կարկտի դեմ ենք պայքարում եւ ոչ թե ամպերի խոնավության»,- բացատրեց մասնագետը:
Հակակարկտային տեսչության պետից տեղեկացանք, որ Արագածավանում ծիրանի այգիների սեփականատերերից մի քանիսն իրենց սեփական միջոցներով են հակակարկտային կայան տեղադրել. «Ոչ մեկը չի արգելում, բոլորն էլ կարող են ձեռք բերել ու տեղադրել: Բայց հանրապետության մեջ եղած բոլոր հակակարկտային կայանները կառավարվում են միայն մեր կողմից: Մենք իրենց հետ պայմանագիր ունենք կնքած այն մասին, որ իրենք իրավունք չունեն ինքնուրույն դրանք միացնելու եւ անջատելու: Մենք դա իրենց փոխարեն ենք անում: Դա իրենց չի թույլատրվում, եւ վերահսկվում է մեր օպերատորների կողմից»,- վստահեցրեց տեսչության պետը:
Ի դեպ, նշենք, որ ՀՀ-ում տեղադրված է 421 հակակարկտային կայան, որոնց մեջ կան պետական, համայնքային եւ սեփական կայաններ: Իսկ հանրապետության կտրվածքով հակակարկտային կայանների ընդհանուր պահանջարկը կազմում է 5165: «Մենք Կառավարությանը ներկայացրել ենք, որ գոնե առաջիկայում նորմալ պաշտպանություն ունենալու համար առաջնահերթության կարգով հատկացվի 1021 հակակարկտային կայան»,- փոխանցեց հակակարկտային տեսչության պետ Ա. Կարապետյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ԱՆՁՐԵՎԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԵՆ
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ համայնքների խոշորացման ծրագրին դեմ է մարդկանց միայն մի փոքր հատվածը. «Սեպտեմբերին ԱԺ-ում կներկայացնենք օրենսդրական փոփոխությունները եւ կգնանք միասին առաջ, ամեն ինչ լավ է լինելու: Դպրոցները, մանկապարտեզները մնալու են իրենց տեղերում, մենք չենք ասել, որ փակվելու են»: Անդրադառնալով Վերին Լարսի ճանապարհի սողանքային վտանգին եւ ճանապարհի կիսով չափ փակ լինելուն` Երիցյանը նշեց. «Մենք խոսել ենք իմ վրաց գործընկերոջ հետ: Այսօր մի պահ փակվել էր ճանապարհը, եղել էր սողանք, բայց արդեն բացվել է: Դրանք անձրեւի հետեւանքներն են, անձրեւները շատ են, մեզ մոտ էլ երկրի 5-6 տոկոսը սողանքային է, նույնն էլ այնտեղ: Իրենք աշխատում են բացել, սակայն երբ հորդառատ անձրեւներ են լինում, փակվում է ճանապարհը»:

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵՐ
ՀՀ Կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց լրացուցիչ տեղեր հատկացնել այս տարվա դիմորդներին: 15 պետական պատվերի տեղ է տրվել նաեւ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղին: «Կարեւոր է նաեւ, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին հատկացվել է 10 անվճար տեղ: Ուրախ եմ, որ Արցախի մշակութային մայրաքաղաքի վերածննդի գործին մասնակից ենք»,- ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՎԱՅՐԷՋՔ
«Թուրքական ավիաընկերության» երկու ինքնաթիռներ երեկ հարկադրված վայրէջք են կատարել Ստամբուլի Աթաթյուրքի օդանավակայանում: Ստամբուլ-Բուրկինա-Ֆասո եւ Ստամբուլ-Էրբիլ ինքնաթիռների հարկադրված վայրէջքի պատճառը դարձել են տեխնիկական խնդիրները: Հիշեցնենք, որ նախօրեին էլ Բանգկոկ-Ստամբուլ չվերթն իրականացնող Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար ինքնաթիռը արտահերթ վայրէջք էր կատարել Նյու Դելիում՝ ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունից հետո:

 

ԿԵՏԵՐՈՎ
Նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշում էր կայացրել, որով մի քանի կետեր ճանաչվել էին հակասահմանադրական: Այս առնչությամբ armlur.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ: Վերջինս նշեց, որ մեկ կետից է տեղյակ, որը վերաբերում է ինդեքսավորմանը. «Այսինքն՝ այն մասը, որ պետական բյուջեից է ներդրվում, այդ մասով երկու աղբյուր է, մեկը մասնավոր հատվածն է դրվում, այսինքն՝ աշխատողներից, մյուսը՝ պետական բյուջեից: Այդ բյուջեի մասը ինդեքսավորման տակ չէր ընկնում, այսինքն՝ ժամանակի ընթացքում, եթե արժեզրկվում է դրամը, նախատեսված չէր: Այդ մասը համարվել է հակասահմանադրական, որի հետ ես միանշանակ համաձայն եմ, մեծ խնդիր չեմ տեսնում, դա ճիշտ է: Ես տեսա, որ երեք կետ կա, որից երկուսը համարվել է Սահմանադրությանը համապատասխան, այդ մեկը՝ ոչ»:




Լրահոս