Ինչ վնասներ է կրել սահմանամերձ Բերդավանը կարկուտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին` ժամը 16:55-ից սկսած, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան համայնքում մոտ կես ժամ տեղացած կարկուտը եւ տեղատարափ անձրեւը մեծ վնասներ են պատճառել գյուղի ցանքատարածություններին: Կարկտահարության պատճառած վնասների մասին տեղեկատվություն ստանալու համար նույն օրը Իջեւանից Բերդավան է ժամանել Տավուշի մարզպետի օգնականը: Հունիսի 18-ին նույն նպատակով Բերդավան է այցելել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:

Նշենք, որ Բերդավանը խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում: Մարզպետարանի ներկայացուցիչը հայտնեց, որ ստեղծվել է Բերդավանում կարկտահարության վնասների չափերն ուսումնասիրող համայնքային հանձնաժողով, որի ղեկավարն է Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Գիշյանը:

Հունիսի 18-ին էլ Բերդավան է այցելել, դաշտերում, այգիներում շրջել, կարկտահարության վնասներն ուսումնասիրել Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: Նա հայտնեց, որ վնասների չափերը մեծ են, կառավարությունից համապատասխան մասնագետներ են հրավիրելու կարկտահարության վնասների չափերի մասին ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց նրանից` սպասվում է արդյոք, որ կառավարությունը նյութական կամ ֆինանսական փոխհատուցում, օգնություն կտա կարկտահարությունից տուժած սահմանամեձ Բերդավանի բնակիչներին:

Նա ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, սակայն նախադեպ կա. անցյալ տարի պետական բյուջեից 20 միլիոն դրամի չափով օգնություն տրվեց կարկտահարությունից տուժած Տավուշի մարզի բնակիկչներին: Բերդավան գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ կարկտահարության վնասները հատկապես մեծ են գյուղի «Ձորի բաղ» եւ «Քարի հետեւ» տեղամասերում, վնասվել են դաշտերում ու բերդավանցիների տնամերձ հողամասերում ցանքերն ու այգիները: Նրա խոսքերով` բերդավանցի երկու ընկերներ գյուղատնտեսական վարկ են վերցրել, 3,5 միլիոն դրամ ծախսելով` պոմիդորի, ձմերուկի եւ այլ մշակաբույսերի մեծ ցանքեր կատարել, նրանք իրենց ընտանիքներով 4 ամիս դաշտերում տքնաջան աշխատել են, սակայն կարկուտը ոչնրացրել է նրանց աճեցրած բերքը. վարկերի բեռի տակ գտնվող այդ ընտանիքներն անելանելի վիճակում են:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հակակարկտային 10 կայան կա, որոնք գլխավորապես տեղակայված են Նոյեմբերյանի տարածաշրջանի` Դեբեդի հովտի բնակավայրերի տարածքում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս