Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է ԵՄ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի պատասխանատու-համակարգող Թիմ Ուիլյամսի հետ։
Թիմ Ուիլյամսը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ առաջարկելով համագործակցել մշակութային ծրագրերի շուրջ։
«Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ մասնակցելու Ձեր առաջարկած ծրագրերին։ Հայաստանը միշտ էլ հավատարիմ է եղել եվրոպական մշակութային արժեքներին. մեր քաղաքակրթությունը, մշակույթը հարում են Եվրոպային։ Հոգով և մտքով եվրոպական արժեքների տիրույթում գտնվելու բազմաթիվ օրինակներ ունենք. հարյուրամյակներ շարունակ հայ մտավորականները, արվեստագետները, հասարակական գործիչներն ապրել ու ստեղծագործել են Եվրոպայում՝ այնտեղ թողնելով նշանակալի հետք՝ համաշխարահային արժեքներ»,- նշել է Հասմիկ Պողոսյանը եւ անդրադարձ կատարել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին.
«Մենք կքննարկենք, կհստակեցնենք այն մեխանիզմները, որոնք կուղենշեն մեր մասնակցությունը Եվրամիության ծրագրին: Կարծում եմ՝ պետք է մեծ ուշադրություն դարձվի թարգմանական աշխատանքներին։ Թարգմանության բաղադրիչը շատ կարևոր է Հայաստանի համար։ Հարկավոր է միմյանց գրականություններն ակտիվորեն թարգմանել ու հանրահռչակել, միմյանց իրազեկել, թե ծրագրին միացած երկրներում մշակութային ինչ իրադարձություններ են նախատեսված, փոխադարձաբար մասնակցել դրանց, մի խոսքով՝ ավելի աշխուժացնել տարբեր մշակույթների փոխհամագործակցությունը»,- Եվրամիության ներկայացուցչի հետ զրույցում ասել է Հասմիկ Պողոսյանը։
Հանդիպման ավարտին ՀՀ մշակույթի նախարարը ԵՄ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի պատասխանատու-համակարգողին նվիրել է խորհրդանշական հուշանվեր՝ հայկական նուռ։