«Ոչ թալանին»-ը կորոշի մասնակցել ՀԷՑ-ում անցկացվող աուդիտին, թե ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ հուլիսի 14-ի կայանալիք հավաք-երթը իր պահանջով տարբեր է լինելու: Նրանց խոսքով երթի պահանջը հունիսի 23-ին ցուցարարներին բռնության ենթարկած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելն է:

«Դա մեր երրորդ պահանջն է: Շատ լավ է, որ լրագրողների մասով քրեական գործ հարուցվել է, բայց դա պետք է լինի ոչ միայն լրագրողների հանդեպ, այլ բոլոր քաղաքացիների, որովհետև 237 հոգու տարել են բաժին ու գրեթե բոլորի հանդեպ եղել է բռնություն, եղել են այլանդակ սեռական բնույթի հայհոյանքներ: Եթե ոստիկաննությունն ամեն անգամ ուժ կիրառի և չպատժվի, ապա հաջորդ անգամ ավելի լկտի և սանձարձակ է լինելու»,-նշեց Մաքսիմ Սարգսյանը:

Նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանն էլ անդրադառնալով խմբի և կուսակցությունների միջև եղած պառակտման մասին խոսակցություններին՝ նշեց, որ պառակտում չկա:

«Այս շարժման մեջ դեր են ունեցել և՛ կուսակցականները, և՛ անկուսակցականները, քանի որ ցանկացած մարդ առաջին հերթին ՀՀ քաղաքացի է: Պետք չէ բաժանում մտցնել կուսակցական և ոչ կուսակցականի մեջ»,-հավելեց նա:

Այնուհետև անդրադառնալով սպասվող աուդիտին՝ նախաձեռնության անդամները նշեցին, որ դեռ չեն որոշել՝ կմասնակցեն, թե ոչ:

«Ամեն տարի ֆինանսական աուդիտ լինում է, բայց ամեն տարի սակագինը թանկանում է, այսինքն՝ եթե տեխնիկական աուդիտ չանեն, անիմաստ է լինելու և ոչ մի թալան չեն բացահայտի»,-ասաց նախաձեռնության անդամ Սոֆյան Հովսեփյանը՝ հավելելով՝ աուդիտի տեսակը պարզելուց հետո կհասկանան՝ այդ խմբի մեջ մտնել, թե ոչ:




Լրահոս