«Ջրաշխարհի» Խաչիկի պատճառով Նոր Նորքի բնակիչները ստիպված են կարիքները հոգալ տոպրակների մեջ. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ մեկնարկում է ամառային հանգստի սեզոնը, Նոր Նորքի մի քանի զանգվածների բնակիչները պետք է ամռան տապին երազեն լողանալու, լվացք անելու, ճաշ եփելու և առհասարակ խմելու ջրի մասին: Իսկ միակ պատճառն այն է, որ իր աշխատանքն է սկսում «Ջրաշխարհ» զվարճանքների համալիրը: Համենայն դեպս, Մասիվի բնակիչները իրենց ջուր չունենալը պատճառաբանում են բացառապես սեզոնին «Ջրաշխարհի» աշխատանքների վերսկսումով: «Բա ո՞նց է լինում, որ տարվա մյուս եղանակներին նորմալ ջուր ունենք, երբեք ջուրը չեն անջատում, երբ ուզում ես, որ ժամին ուզում ես՝ կարող ես քո գործերով զբաղվել, բայց հենց ամառը գալիս է, «Ջրաշխարհը» սկսում է իր աշխատանքը, մեր ջրերը կտրվում են: Ով ինչ ուզում է՝ ասի, այստեղ ոչ մի ուրիշ տրամաբանական բացատրություն չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց Նոր Նորքի առաջին զանգվածի բնակչուհի Ռուզաննան՝ հավելելով, որ «հանցագործություն է ամռան տապին ջրերն անջատելը»:

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ամառվա շոգին ջուր չլինելը նշանակում է, որ դու չես կարող ճաշ եփել, լվացք անել, լողանալ քո ուզած ժամին, աման լվանալ և, վերջիվերջո, զուգարան գնալ չես կարող: Բանուգործներս թողած՝ ամբողջ գիշեր տան բոլոր տարաները ջուր լցնելով ենք զբաղված: Սա ի՞նչ ապրելու ձև է: Թող էդ նույն «Ջրաշխարհի» տերերը մեկ օր մեր ապրած օրով ապրեն, տեսնենք կդիմանա՞ն»,- դժգոհեց մեր զրուցակիցը:

Հարակից շենքի բնակիչներից մեկն էլ պատմեց, որ ջուր չունենալու պատճառով այնպիսի հակահիգիենիկ վիճակ է ստեղծվում, որ բնակիչներից շատերը բնական կարիքները հարկադրված հոգում են տոպրակների մեջ ու նետում աղբանոցը ինչը սարսափելի հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակ է ստեղծում տարածքում: Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ ստիպված ամբողջ օրը ջուր են գնում խանութից, բայց հնարավոր չէ տան, կենցաղային բոլոր կարիքների համար ջուր գնել: «Մարդ կա՝ անգամ օրվա հացը չի կարողանում գնել, ուր մնաց՝ օրը 10-20 լիտր ջուր առնի: Սա ի՞նչ բան է»,- զայրացած ասաց նա:

«Ջրաշխարհից» այսօր, ի պատասխան մեր հարցերի, աշխատակցուհիներից մեկն ասաց, որ եթե բնակիչները խնդիր ունեն ջրամատակարարման հետ, ապա թող դիմեն քաղաքային ջրմուղ, իրենց՝ «Ջրաշխարհի» աշխատանքը որևէ ձևով կապված չէ Նոր Նորքի ջրամատակարարման հետ:

«Մեր ջուրը արտեզյան ջուր է, որը օրինական ձևով, մեր ուժերով հանվում է ահագին մեծ խորությունից: Մեկ վայրկյանում ահագին մեծ քանակությամբ ջուր ենք հանում և օգտագործում ենք այդ ջուրը: Իսկ խմելու ջուրը մենք օգտագործում ենք համապատասխան ֆիրմաներից մեկից»,- ասաց «Ջրաշխարհի» աշխատակից Աշխենը: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Մասիվի բնակիչների ջրամատակարարումը նվազում, երբ ամբողջական ծավալով իր աշխատանքներն է սկսում «Ջրաշխարհը», Աշխենը պատասխանեց. «Այդ հարցը միշտ տալիս են, բայց ես դրան չեմ կարող պատասխանել: Ես արդեն ասացի, որ ոչ մի կապ չկա մեր աշխատանքների ու Մասիվի ջրի ծավալների միջև»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս