ԲՀԿ-ՈՒՄ «ՍԱՂ ՏՈՇՆԻ» ԷՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ  նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետեւողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային Ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով` ապահովելու փոփոխությունների հետագա շարունակությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»,-երեկ, ժամը 22-ի մոտակայքում անսպասելի հրապարակվեց Կոալիցիոն նոր հուշագրի այս տեքստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատեց,  որ այսօր այն կստորագրվի կոալիցիայի նիստում:Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունների «տրամաբանության մեջ» երեկ, օրվա առաջին կեսի դրությամբ  պաշտոնապես հայտարարվեց, որ Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը հետաձգվում է: «Հայաստանի Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություններն առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել առաջիկա քայլերի համակարգման ուղղությամբ»,- news.am-ին ասել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ավելացրել էր` «ներկայումս երկու կուսակցությունների միջեւ ինտենսիվ բանակցություններ են ընթանում տարբեր հարցերի շուրջ, սակայն կոնկրետ որոշումների դեռ չեն հանգել»:Սակայն միաժամանակ, Սերժ Սարգսյանը եւ փեսա Միքայել Մինասյանը օրվա վերջում կրկին շրջանառության մեջ էին դրել «կամ կամ» տարբերակը: Իսկ արդեն օրվա վերջում, ՀՀԿ-ն խորհրդի նիստ արեց ու որոշեց հարցին լուծում տալ: Միայն մի տեխնիկական խնդիր էր մնում պարզելու. տեքստի մեջ գրվելո՞ւ է «2013-ին կոալիցիան պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը», թե՞ առանց անունի, ինչպես հրապարակված տարբերակում է: Նշենք, որ մինչեւ վերջին պահը շարունակվող Գագիկ Ծառուկյանի սեթեւեթանքները հենց սրան էին վերաբերում: Նա ամեն կերպ ձգտում էր գոնե այնպիսի տեքստի տակ ստորագրել, որտեղ Սերժ Սարգսյան անուն-ազգանունը չլիներ: Այսինքն`  Ծառուկյանը ջանում էր այսպիսի սցենարի իրականացմանը. յուրաքանչյուր ուժ առանձին-առանձին գնում է խորհդարականական ընտրությունների, իսկ հետո  պայմանավորված խորհրդարանական  ընտրությունների գրանցվելիք արդյունքով, կոալիցիոն  ուժերը պաշտպանում են  միասնական թեկնածուին: Գագիկ Ծառուկյանը փորձում էր այսպիսով «պահել դեմքը»` միաժամանակ չփչացնելով հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ: Բայց չստացվեց:Մեր տեղեկություններով`  երեկ  այս տարբերակը կարծես թե համաձայնեցվելու վրա էր, եւ Ծառուկյանի մոտից ինչ-որ տեքստ էր ուղարկվել պատգամավոր Վարդան Բոստանջյանին` խմբագրման: Սակայն վերջինս մեր զանգերին չէր պատասխանում, որպեսզի պաշտոնապես ճշտեինք, թե ինչն է խմբագրում: Այն, որ հուշագրում «անվանական թեմա չկա», ինչպես ձեւակերպեց մի  ԲՀԿ-ական, դիտվում էր որպես Գագիկ Ծառուկյանի հաղթանակ: Վերջինիս  մերձավորագույն շրջանակները շարքային ԲՀԿ-ականներին նույնիսկ  հաղորդել էին, որ ամեն ինչ  նորմալ է, «տոշնի է, մեր ուզածով է»: Եւ ԲՀԿ-ում էլ հետհամագումարյան տրամադրությունները, ի տարբերություն նախահամագումարյանի, լավատեսական էին: Ոչ մի անգամ չէին հավաքվել` մինչեւ երեկ երեկո չարաբաստիկ տեքստի հրապարակումը: Նշենք նաեւ, որ հակառակ որոշ պնդումների, թե Ռոբերտ Քոչարյանը չունի  պաշտոնական  Մոսկվայի աջակցությունը,  դիվանագիտական մի  աղբյուր նշեց, որ Գագիկ Ծառուկյանին Մոսկվայում հստակ ասվել է` գնա՛, կոալիցիայից դուրս արի: Եւ սա ոչ թե այն պատճառով, որ ՌԴ-ում խելագարվում են Ռոբերտ Քոչարյանի համար, այլ որովհետեւ սա մոսկովյան բոլոր թեւերի կողմից որպես արեւմտամետ ընկալվող Սերժ Սարգսյանին ցավեցնելու ձեւ է: Նույնը, ի դեպ, պնդեց ՀՀԿ-ական մեր աղբյուրներից մեկը: Ամեն դեպքում անհասկանալի էր մնում, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը` ստանալով նման պատասխան, այսինքն` քարտբլանշ, չի դիմում  կոալիցիայից դուրս գալու քայլին. գուցե նա վախենալու այլ հիմքե՞ր ունի:Ինչեւէ, փաստորեն ՀՀԿ-ն հերթական անգամ «քցեց» ԲՀԿ-ին: Այլապես ինչպես բացատրել, որ դեռեւս բանակցվող տեքստը անսպասելի հրապարակման է հանձնվում եւ հայտարարվում, որ վաղը, այսինքն` այսօր, այն դրվելու է ստորագրման: Մեր տեղեկություններով` Ծառուկյանի թիմը մինչեւ կեսգիշեր ժողով էր անում, եւ շարքերում կային շատ ագրեսիվ տրամադրվածներ, որոնք պնդում  էին, որ Գագիկ Ծառուկյանը չպետք է ստորագրի Կոալիցիոն հուշագրի տակ:Հ.Գ. Ի ամփոփում նշենք, որ ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտի  մասին գրելը խիստ անշնորհակալ գործ է  այն առումով, որ ամբողջ ընթացքում անընդհատ իրավիճակներ ու պայմանավորվածություններ էին փոխվում, քանի որ ներքեւները չգիտեն, թե ինչ են որոշում Սերժ Սարգսյանը, փեսան եւ Գագիկ Ծառուկյանը:  Բայց մինչ ուշ երեկո իշխանական կուլիսներում առկա իրավիճակն այսպիսին էր:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս