ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԻՐ ԵԼՈՒՅԹՈՎ ՏԱՊԱԼԵԼ ՈՒ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը դեմ է քվեարկել Վեհաժողովի կողմից ընդունված Հելսինկիի հռչակագրին: Իսկ հայաստանյան պատվիրակության մյուս երկու անդամները՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ու ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը, չեն մասնակցել քվեարկությանը:

Արդեն երկու օր է` ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ Գեղամյանը վեհաժողովի նիստում կողմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած բանաձեւին: Սակայն Արտաշես Գեղամյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ դրանք սուտ տեղեկություններ են, որոնք տարածում է մեր հառակորդ երկիրը:
Նշենք, որ Վեհաժողովի 300 պատվիրակներից քվեարկել են 130֊ը, իսկ մնացած 170 պատվիրակներն ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը: «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանից փորձել է պարզել, թե իրականում ինչպես է եղել քվեարկությունը, եւ ինչու են թյուր տեղեկություններ տարածվում:
-Ամենակարեւորն այն է, որ ադրբեջանական կայքերը նման անհեթեթություն, որ տարածում են, դա գալիս է ապացուցելու, որ երեկվա ելույթներիցս նրանք շոկի մեջ են ընկել ու այդ շոկից դեռեւս դուրս չեն եկել: Ես կխնդրեի, որպեսզի նայեիք իմ ելույթները, որից հետո ամեն ինչ պարզ կլիներ:
-Նշվում է, որ Վեհաժողովի կողմից ընդունված Հելսինկիի հռչակագրում փոփոխություններ են տեղի ունեցել, ու Դուք էլ եք կողմ քվեարկել այդ ոչ հայանպաստ փոփոխություններին: Խնդրում եմ՝ նշեք, թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:
-Բացարձակապես անհեթեթություն է, որը կարող եք տեսնել իմ ելույթները ընթերցելուց հետո: Ադրբեջանը, բնականաբար, դա կհայտարարեր, նման տեղեկություններ կտարածեր, որովհետեւ իմ ելույթով տապալել եմ, ոչնչացրել եմ բառիս իսկական իմաստով: Այն աստիճանի շոկի մեջ էին, որ այսօր (երեկ Ս. Գ.) պետք է իրենց ելույթ ունեցողը ելույթ ունենար, փախավ, չեկավ, որովհետեւ ոչնչացրել եմ: Իմ ելույթները, եթե տեսնեք, կհամոզվեք, կհասկանաք, որ ես որեւէ ավելորդ հայտարարություն չեմ անում, դրանից հետո Ձեզ մոտ որեւէ հարց չի առաջանա: Այստեղ հաղթանակի խնդիր չկա, բայց կարեւորը եղել է հետեւյալը, որ մեզ հետաքրքրող երրորդ սկզբունքները Հելսինկյան հռչակագրի իմպերատիվ մասում են: 45-րդ հոդվածն էլ մեր ուզածն է կրկնակի, որովհետեւ Ձեր ասած հարցադրումները, բնականաբար, կան: Այդ կետը մենք չպետք է արհեստականորեն վերցնենք եւ տարածենք Լեռնային Ղարաբաղի վրա: Ուրեմն՝ 45-րդ հոդվածը, որը ներկայացնում է հակամարտությունների կարգավորման երեք սկզբունքները, ազգերի ինքնորոշման եւ հավասարության իրավունքը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ տարածքային ամբողջականությունը, որոնք նշված են Հելսինկյան վերջնական ակտում եւ կոչ են անում ՌԴ-ին վերացնել Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի անեքսիան: Այսինքն՝ սա, բացի Ուկրաինայից, բոլորին վերաբերում է, այսինքն՝ մեր հարցադրումը ընդունում է ու ոչ միայն ընդունում է, այլ նաեւ ասում է՝ դա վերաբերում է բոլորին, բացի Ուկրաինայից: Սա պատահական չի, եթե իմ ելույթներն ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ ես խստագույնս դատապարտել եմ, ու ինձանից հետո Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչը խոսեց ու ուղղակիորեն ասաց, որ այս կետը՝ 4-րդ կետը, ԼՂՀ-ի հարցի հետ որեւէ աղերս չունի: Այնպես որ, մի՛ անհանգստացեք, ու ես էլ հաստատում եմ, որ, այո՛, ոչ մի աղերս չունի:
-Ադրբեջանը հակառակ տեղեկությունն է տարածում՝ նշելով, որ այն ուղղակի կապ ունի ԼՂՀ հակամարտության հետ…
-Նման բան գոյություն չունի: Ես կրկնում եմ՝ Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչը խոսեց ու ուղղակիորեն ասաց, որ այդ կետը ԼՂՀ-ի հարցի հետ որեւէ աղերս չունի: Արդեն ասացի՝ մի՛ անհանգստացեք, ու ես էլ հաստատում եմ, որ, այո՛, ոչ մի աղերս չունի, դրանք սխալ ու ոչ հավաստի տեղեկություններ են, որոնք տարածվում են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: Սա բավականին լուրջ, հաղթանակ չէի ասի, բայց լուրջ առաջընթաց կա, եւ, ինչու ոչ, նաեւ հաղթանակ է: Երկրորդ շատ կարեւոր հանգամանքն այն է, որ ցեղասպանությունների վերաբերյալ կետը, երբ Թուրքիայի պատվիրակը դեմ խոսեց, ցավոք սրտի, դեմ խոսեց նաեւ բանաձեւի հիմնական զեկուցողը, բանաձեւի հեղինակը, հետո ես ելույթ ունեցա, ու ելույթիս մեջի փաստարկներն այնպիսին էին, որ դրեցին քվեարկության: Իսկ քվեարկությունից հետո, հակառակ զեկուցողի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունների, բանաձեւն անցավ թե՛ առաջին կոմիտեով, թե՛ այսօր (երեկ Ս. Գ.):

 

 

 

 

 
ՃՈ ՆՈՐ ՊԵՏԸ ԵԿԵԼ Է ՓՈՐՁԵԼՈՒ, ՄՆՈՒՄ Է ՍՏԱՑՎԻ

ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արմեն Հակոբյանը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղավ «կադրային ջարդի»: Նախօրեին էլ ծառայության հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնից զբաղեցրած պաշտոններից ազատվել են Գեւորգ Մկրտումյանն ու Արտակ Ադամյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` պաշտոնանկությունների շարքն առաջիկայում շարունակվելու է:

Նշենք, որ Գեւորգ Մկրտումյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս տարվա ապրիլին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի, պաշտոնից հեռացված Ռոման Մկրտումյանի որդին է: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ նորանշանակ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի հետ, որը նախկինում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետն էր: Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արտակ Հարությունյանը հունիսի 29-ին ազատվել էր աշխատանքից եւ գրանցվել կադրերի ռեզերվում:
-Պարո՛ն Հակոբյան, մի քանի օր է, ինչ նշանակվել եք ՃՈ պետի պաշտոնում, սակայն արդեն իսկ լայն թափով կադրային փոփոխություններ եք սկսել: Ինչո՞ւ եք որոշել «փոխել» համակարգի աշխատակիցներին, արդյո՞ք այդ պաշտոնանկությունները շարունակական բնույթ են կրելու:
-Ես չգիտեմ, թե ովքեր են այդ տեղեկությունները շահարկում, դա պլանավորված որեւէ բան չի, բոլոր կադրային հարցերը խնդրում եմ՝ ուղղեք ոստիկանության լրատվության վարչությանը: Ես որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել, ոստիկանության համակարգում բոլորին աշխատանքի ընդունում եւ ազատում է ՀՀ ոստիկանության պետը:
-Բայց կա արդյո՞ք կադրային փոփոխությունների կոնկրետ խնդիր դրված Ձեր առջեւ: Ձեր գործունեությունն ինչպիսի փոփոխություններով եք նախատեսում սկսել, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս ներկայիս ՃՈ-ում:
-Ես նոր հեծանիվ չեմ հորինելու, աշխատելու եմ այնպես, ինչպես միշտ դրված է եղել ճանապարհային ոստիկանության առջեւ. անվտանգ երթեւեկություն, օրենքով նախատեսված այն բոլոր խնդիրները, որոնք դրված են ճանապարհային ոստիկանության առջեւ: Մենք աշխատելու ենք:
-Գաղտնիք չէ, որ հասարակության շրջանում առկա են մեծաթիվ բողոքներ ճանապարհային ոստիկաններից՝ նրանց աշխատանքից եւ սահմանած անհամաչափ տուգանքներից, եւ, ընդհանրապես, ՃՈ-ն համարվում է ամենակոռումպացված կառույցը: Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել համակարգում առկա կոռուպցիայի եւ այլ բացասական երեւույթների դեմ:
-Փորձելու ենք ամեն ինչ անել, իսկ իմ նախկին գործունեությունը եւս դրան էր ուղղված, այնպես չէ, որ այդ բողոքները մշտապես հիմնավորվել են, այնպես չէ նաեւ, որ ես կարող եմ ասել, որ ճանապարհային ոստիկանությունում այդ խնդիրը չի եղել, այն էլ է եղել, այն էլ է եղել: Աշխատելու ենք այդ ամենը հասցնել նվազագույնի ու աշխատելու ենք, որ այդ ամենն ընդհանրապես վերանա: Ես զբաղվելու եմ իմ աշխատանքով ու իմ առջեւ դրված խնդիրներով:
-Իսկ ինչպիսի՞ «ժառանգություն» եք ստացել Ձեր նախորդից:
-Ես ընդունել եմ այն, ինչը որ առկա է, ու շարունակելու եմ աշխատել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿ
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող, 19-ամյա Իվան Նովիկովի սպանության գործը դարձել է Հայաստանի երկու իրավապահ կառույցների կռվախնձորի առարկա: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 15-ին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ռուսական կողմը գրությամբ դիմել է ՀՀ քննչական կոմիտեին` խնդրելով իրենց տրամադրել հայ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի նյութերը` իրենց գործին միացնելու համար:
Քրգործն, ինչպես հայտնի է, ուղարկվել է դատախազություն՝ ռուսական կողմին հանձնելու համար: Սակայն Շիրակի մարզի դատախազությունը համապատասխան ցուցումներով քրեական գործը վերադարձրել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն: Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունը սպանված զինծառայողի գործը ուղարկել է այս անգամ արդեն ՀՀ գլխավոր դատախազություն` քննության հետագա ընթացքը որոշելու համար: Երեկ «Ժողովուրդ»-ին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հերթական անգամ իրենք գործը հետ են վերադարձրել ՀՀ քննչական կոմիտե: Այլ կերպ ասած՝ երկու գերատեսչություններ իրենց հակամարտության պատճառով դատաիրավական գործընթացը վերածել են տուն-տունիկի` չգիտակցելով, որ այս դեպքում իրենց վարքի արդյունքում պետության հեղինակությունն է տուժում: Եթե չեն ցանկանում քրեական գործը ռուսական կողմին հանձնել, ապա թող հենց այդպես էլ նրանց պաշտոնապես պատասխանեն: Իսկ եթե հանձնելու են, ապա ինչու են որոշել մուկն ու կատու խաղալ:

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդու` Էյներ Խաչատրյանի նատմամբ հետախուզում է հայտարարվել: Մեր թերթի երեկվա համարում գրել էինք, որ Էյներ Խաչատրյանը կանչվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, մայիս 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով, սակայն չէր ներկայացել, եւ նրան բերման ենթարկելու որոշում էր կայացվել: Հիմա արդեն հետախուզում են: Ի դեպ, մարզպետի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիսը եւս հետախուզման մեջ է:

 

ՆՎԱԶԵԼ Է
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում երշիկեղենի արտադրությունը նվազել է շուրջ մեկ տոկոսով: Մսամթերքի արտադրողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ արտադրության անկումն ուղղակի կապված է սպառողների գնողունակության նվազման եւ արտագաղթի հետ: Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելիս ՀՀ իշանությունները պնդում էին, որ մսամթերքի արտադրությամբ զբաղվողները հնարավորություն կունենան իրենց արտադրանքը արտահանել ՌԴ: Ավելի քան վեց ամիս է, ինչ ՀՀ-ն անդամակցում է ԵՏՄ-ին, բայց դեպի ՌԴ արտահանումները ոչ միայն չավելացան, այլեւ ընդհանրապես դադարեցին:




Լրահոս