ԵՐԲԵՄՆ ՈՒԶՈՒՄ Է ԱՄՈՒՍՆՈՒ ՀԵՏ ՉԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցել է մեկ տարի, սակայն հեռուստադիտողների հիշողության մեջ դեռ թարմ է այն անսովոր տեսարանը, երբ Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի ուղիղ եթերում հաղորդավար Վահե Խանամիրյանն ամուսնության առաջարկություն արեց գործընկերուհուն` Լիլիթ Մուրադյանին: Ամիսներ անց նրանք դադարեցին զուտ գործընկերներ լինելուց եւ միմյանց կապվեցին նաեւ ամուսնական թելերով: «Ժողովուրդ»-ը Լիլիթ Մուրադյանի հետ զրուցել է նրա կյանքի այս նոր փուլի մասին:

-Լիլի՛թ, հեռուստատեսությունից զատ Ձեզ այլ ոլորտում պատկերացնո՞ւմ եք: Կա՞ մեկ այլ աշխատանք, որով կցանկանայիք զբաղվել:
-Նախ` հեռուստատեսությունում աշխատելով` ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, բացի այդ` իմ աշխատանքը չի սահմանափակվում միայն հաղորդում վարելով. օրինակ` նաեւ տեսանյութերի հեղինակ կամ համահեղինակ եմ, կատարում եմ այլ հավելյալ աշխատանքներ եւս:
-Իսկ ամուսնանալուց հետո Ձեր գործընկերոջ, արդեն նաեւ ամուսնու հետ եթեր դուրս գալու հանգամանքը հուզմունքի առիթ չի՞ տվել:
-Ո՛չ, դա հուզմունքի առիթ տալ չի կարող, քանի որ Վահեն մեկ տարի շարունակ եղել է իմ գործընկերը եւ հետո է դարձել իմ ամուսինը: Իսկ մեր ամուսնանալու հանգամանքը ոչ մի կերպ չանդրադարձավ մեր աշխատանքի վրա: Իրավիճակն այլ կլիներ, եթե մենք ամուսիններ լինեինք եւ հետո նոր միասին հայտնվեինք եթերում:
-Եղե՞լ է այնպես, որ ցանկանաք միասին չաշխատել, դադարել գործընկերներ լինելուց:
-Իմ դեպքում, այո, եղել է, Վահեի դեպքում` ոչ. նրա համար այսպես ավելի հեշտ է: Ես նույնպես ասում եմ, որ դժվար կլինի ուրիշի հետ աշխատելու գործընթացը, բայց լինում են պահեր, որ ասում եմ` ավելի լավ է` միասին չաշխատեինք:
-Ամեն դեպքում, գործընկերների շրջանում առկա է նաեւ մրցակցություն: Ինչպե՞ս են ամուսինները «մրցակցում» այս դեպքում:
-Առհասարակ, աշխատանքի մեջ ընկերություն չկա. ամեն մեկն ուզում է ինքը լինել առաջինը: Իսկ մեր տարբերակում առկա է ամուսնություն: Այնպես որ, իրար նկատմամբ առավելություն ցույց տալը սիրուն չի լինի: Մենք երկուսս էլ ասում ենք, որ մեր միջեւ մրցակցություն չկա, բայց երեւի թե անկախ մեզանից լինում են ինչ-որ պահեր… Ամեն դեպքում, ավելի շատ լինում են ուղիղ եթերում միմյանց սատարելու պահեր: Վահեն առաջին օրվանից էլ ինձ համար եղել է ուշադիր ու լավ գործընկեր: Եթե հաղորդավարը մտածում է իր, այլ ոչ թե հաղորդման մասին, դա սխալ քաղաքականություն է: Մենք մտածում ենք լավ հաղորդում ունենալու մասին:
-Առհասարակ, ամուսնությունից հետո Ձեր կյանքում ի՞նչն է փոխվել, կա՞ն արժեքներ, որոնք իրենց տեղը զիջել են նորերին:
-Արժեքներ` ոչ: Իսկ թե ինչն է փոխվել, այդ հարցը կարող է ունենալ հազարավոր պատասխաններ եւ չունենալ ոչ մի պատասխան: Ինչ-որ չափով ամուսնությունը փոխում է քեզ, քո պատկերացումները կյանքի, ընտանիք կազմելու վերաբերյալ: Դու դառնում ես ավելի պատասխանատու ոչ միայն քո, այլեւ ամուսնուդ համար:
-Վահեն Ձեզանից տարիքով մեծ է, թերեւս, նա Ձեզ համար լավ խորհրդատու էլ է, այո՞:
-Միգուցե, եթե ամուսինս լիներ իմ տարեկիցը, ավելի դժվար լիներ, բայց նա տարիքով ավելի մեծ է, զիջող է, համբերատար, ես էլ իմ հերթին իմ տարիքի համեմատ ավելի հեռուն եմ նայում, ռեալիստ մարդ եմ, ինձ համար ամուսնությունը միայն սիրո հետեւից ընկնելը, գեղեցիկ զգեստ հագնելը, բոլորին զարմացնելը չէ: Ես սթափ եմ գնահատում ցանկացած իրավիճակ: Առհասարակ, երկուսս էլ փորձում ենք հնարավորինս անկախ լինել, կարծում եմ, որ ստացվում է:
-Դուք համարվում եք մեր ոճային հաղորդավարուհիներից մեկը. դիզայներների օգնությանը դիմո՞ւմ եք, թե՞ ինքներդ եք կերտում Ձեր ոճը:
-Դիզայներների օգնությանը երբեք չեմ դիմում, իհարկե, լինում են համագործակցություններ, բայց դրանք ուրիշ բան են: Ես ինձ չեմ համարում այդքան կարեւոր մարդ, կարմիր գորգերի վրայով չեմ քայլում, որ դիմեմ մասնագետներին: Պարզապես փոքրուց ունեցել եմ ճաշակի զգացողություն, եւ թող մեծամտություն չթվա, բայց ինձնից լավ ոչ ոք չի կարող ասել, թե ինձ ինչ զգեստ է պետք կրել:
-Հիմա Ձեր առջեւ ի՞նչ նպատակ եք դրել, որը կուզենաք անպայման իրագործել:
-Չեմ ստի, հիմա այդ առումով մի քիչ ավելի պասիվ եմ. ժամանակին ավելի շատ էին նպատակները: Բայց դրանցից առաջնայինն ինձ համար մեր ստեղծած ընտանիքը պահելն է. ընտանիք յուրաքանչյուրս կարող ենք ստեղծել, պահելն է դժվար: Մյուս նպատակս էլ երեւի թե իմ կատարած աշխատանքում առավելագույնին հասնելն է:

 

 

 

 

 

Ո՞ՒՐ ԵՆ ԿՈՐԵԼ ԵՐԲԵՄՆԻ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ. ՄԱՍ 6

«Ժողովուրդ»-ը շարունակում է բավարարել ընթերցողների հետաքրքրասիրությունն ու անդրադառնալ երբեմնի հայտնի ու սիրված դեմքերին, որոնք այժմ չեն երեւում ասպարեզում:

Պարուհի Իռեն Ուլիխանովան, ով ժամանակին ակտիվորեն ներգրավված էր հեռուստատեսային նախագծերում, նկարահանվում էր տեսահոլովակներում, այսօր, կարծես, կորել է ասպարեզից: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ սպասում է հարմար առաջարկի. «Ունեցել եմ շատ հրավերներ, որոնք իմ սրտով չեն եղել, հիմա սպասում եմ մի առաջարկի, որը կհամապատասխանի իմ կարգավիճակին, տարիքին, նախասիրություններին. ամեն առաջարկի ետեւից չեմ ընկնում, անգամ եթե այն մեծ գումարի հետ է կապված»,-ասաց նա` հավելելով, որ ծրագրում է հեռուստատեսային մի նախագծի մասնակցել, բայց դեռ չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Նրա խոսքով` այսօր հեռուստատեսային ծրագրերի որակը շատ է ընկել. «Հեռուստաընկերությունից առաջարկ ընդունելու համար հարկավոր է, որ աշխատես լավ պրոդյուսերի հետ, որ նախագծի շրջանակներում ներդրված լինի կոնկրետ գումար, ոչ թե ասեն` հովանավորի միջոցով մի բան կանենք: Իմ պահանջները խիստ են ոչ թե, որովհետեւ ես ինձ բարձր եմ դասում, այլ չեմ ուզում հավասարվել այն մարդկանց, որոնք իրենց ամեն տեղ գցում են, միայն թե երեւան, միայն թե իրենց անունը հնչի»,-ընդգծեց պարուհին:
Ի դեպ, Իռենն ավելացրեց, որ իր գործունեությունն այժմ բավական բազմաժանր է. պարում է «Հոգու եւ պարի թատրոն»-ում, որտեղ նաեւ փորձավար է, ունի պարային խմբեր, նաեւ ամուսնու` Վահագն Գրիգորյանի հետ ընկերություն ունի, որը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ:
Հաջորդ երբեմնի հայտնին, որի հետ կապ ենք հաստատել, երգչուհի Սերինե Պողոսյանն է, ով հայտնի դարձավ Անդրեի հետ իր դուետով: Թովմաս Պողոսյանի դուստրն այժմ չի երեւում էկրաններին, իսկ պատճառը անձնական կյանքին նվիրվելն է. «Պատրաստվում եմ մայրիկ դառնալ, երեխաս շուտով կծնվի, այնպես որ, ստիպված կլինեմ որոշ ժամանակ եւս բացակայել ոլորտից` նվիրվելով զավակիս խնամքին: Որոշակի դադարից հետո արդեն կշարունակեմ կարիերաս»,-ասաց նա:
Սերինեի խոսքով` ինքը, լինելով ֆոլկլորագետ, մտադիր է ավելի մասնագիտանալ իր ոլորտում. «Հանդիսատեսն ինձնից կարող է ակնկալել աշուղական, ժողովրդական երգերի նորովի կատարումներ: Ինքս շատ կարոտել եմ բեմը, այն ոգեւորվածությունը, որ փոխանցում է հանդիսատեսը, եւ մտադիր եմ անպայման վերադառնալ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ Սոչիում օրերս մասնակցել են «Հայաստանի երգեր» խորագրով համերգ-փառատոնին: ESem.am-ի հետ զրույցում երգիչ Սարգիս Ավետիսյանը հայտնել է, որ մրցանակի են արժանացել այն երգիչները, որոնց երգերը տարվա ընթացքում շատ են հնչել Հայաստանի սահմաններից դուրս: Սոչիի համերգասրահներից մեկում կայացած համերգ-փառատոնը խոստանում է ամենամյա լինել: Երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Աիդա Սարգսյանը, երգիչներից` Արմենչիկը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Նորոն, Հարութ Բալյանը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Մավր Մկրտչյանը, Սարգիս Ավետիսյանը արժանացել են մրցանակների: Համերգ-փառատոնը վարել է Հովհաննես Ազոյանը: Նշենք, որ հուլիսի 9-ին նախատեսված է վերոնշյալ կազմի համերգն Անապայում:

 

ԹԱՆԿՅԱՆԻ ԼՈՒՄԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱՄՆ-ում պատրաստվում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել: «Խոստում» անունը կրող ֆիլմի ֆինանսավորումը հանձն էր առել ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը:
Պարզվում է` SOAD-ի անդամ Սերժ Թանկյանը նույնպես մասնակցություն ունի ֆիլմի ստեղծման աշխատանքներին: Ֆեյսբուքյան իր էջում, կիսվելով ֆիլմի մասին հղումով, նա գրել է. «Վերջին մի քանի տարիներին ես պատիվ եմ ունեցել օգնել եւ խորհուրդներ տալ իմ ընկեր Էսրաիլյանին այս գալիք ֆիլմի վերաբերյալ»:
Նշենք, որ Էրիկ Էսրաիլյանը Survival Pictures-ի մենեջերներից է: Ֆիլմի ռեժիսորը Թերի Ջորջն է, սցենարի հեղինակը` Ռոբին Սվիքորդը: Ֆիլմում դերակատարություն կունենան Քրիստիան Բեյլը եւ Օսկար Այզեքը:

 

ԱՌԱՋԻՆ ՄՈԴԵԼԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Սինդի Քրոուֆորդի 13-ամյա դուստրը ստորագրել է իր առաջին մոդելային պայմանագիրը IMG Models գործակալության հետ: «Կայա Հերբեր, բարի՛ գալուստ ընտանիք: Կայան ունի հիանալի գեներ, այդ պատճառով մենք համոզված ենք, որ նա հիանալի մոդել կլինի»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2012-ին նա Young Versace նորաձեւության տան պատանի դեմքն էր, իսկ նույն ինքը` Դոնաթելլա Վերսաչեն, այն ժամանակ հայտարարեց, որ Կայան իսկական նվեր է մայրիկի համար:




Լրահոս