Լինում են պահեր, որ ասում եմ` ավելի լավ է` Վահեի հետ միասին չաշխատենք. Լիլիթ Մուրադյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցել է մեկ տարի, սակայն հեռուստադիտողների հիշողության մեջ դեռ թարմ է այն անսովոր տեսարանը, երբ Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի ուղիղ եթերում հաղորդավար Վահե Խանամիրյանն ամուսնության առաջարկություն արեց գործընկերուհուն` Լիլիթ Մուրադյանին:

Ամիսներ անց նրանք դադարեցին զուտ գործընկերներ լինելուց եւ միմյանց կապվեցին նաեւ ամուսնական թելերով: «Ժողովուրդ»-ը Լիլիթ Մուրադյանի հետ զրուցել է նրա կյանքի այս նոր փուլի մասին:

-Լիլի՛թ, հեռուստատեսությունից զատ Ձեզ այլ ոլորտում պատկերացնո՞ւմ եք: Կա՞ մեկ այլ աշխատանք, որով կցանկանայիք զբաղվել:

-Նախ` հեռուստատեսությունում աշխատելով` ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, բացի այդ` իմ աշխատանքը չի սահմանափակվում միայն հաղորդում վարելով. օրինակ` նաեւ տեսանյութերի հեղինակ կամ համահեղինակ եմ, կատարում եմ այլ հավելյալ աշխատանքներ եւս:

-Իսկ ամուսնանալուց հետո Ձեր գործընկերոջ, արդեն նաեւ ամուսնու հետ եթեր դուրս գալու հանգամանքը հուզմունքի առիթ չի՞ տվել:

-Ո՛չ, դա հուզմունքի առիթ տալ չի կարող, քանի որ Վահեն մեկ տարի շարունակ եղել է իմ գործընկերը եւ հետո է դարձել իմ ամուսինը: Իսկ մեր ամուսնանալու հանգամանքը ոչ մի կերպ չանդրադարձավ մեր աշխատանքի վրա: Իրավիճակն այլ կլիներ, եթե մենք ամուսիններ լինեինք եւ հետո նոր միասին հայտնվեինք եթերում:

20381

-Եղե՞լ է այնպես, որ ցանկանաք միասին չաշխատել, դադարել գործընկերներ լինելուց:

-Իմ դեպքում, այո, եղել է, Վահեի դեպքում` ոչ. նրա համար այսպես ավելի հեշտ է: Ես նույնպես ասում եմ, որ դժվար կլինի ուրիշի հետ աշխատելու գործընթացը, բայց լինում են պահեր, որ ասում եմ` ավելի լավ է` միասին չաշխատեինք:

-Ամեն դեպքում, գործընկերների շրջանում առկա է նաեւ մրցակցություն: Ինչպե՞ս են ամուսինները «մրցակցում» այս դեպքում:

-Առհասարակ, աշխատանքի մեջ ընկերություն չկա. ամեն մեկն ուզում է ինքը լինել առաջինը: Իսկ մեր տարբերակում առկա է ամուսնություն: Այնպես որ, իրար նկատմամբ առավելություն ցույց տալը սիրուն չի լինի: Մենք երկուսս էլ ասում ենք, որ մեր միջեւ մրցակցություն չկա, բայց երեւի թե անկախ մեզանից լինում են ինչ-որ պահեր…Ամեն դեպքում, ավելի շատ լինում են ուղիղ եթերում միմյանց սատարելու պահեր: Վահեն առաջին օրվանից էլ ինձ համար եղել է ուշադիր ու լավ գործընկեր: Եթե հաղորդավարը մտածում է իր, այլ ոչ թե հաղորդման մասին, դա սխալ քաղաքականություն է: Մենք մտածում ենք լավ հաղորդում ունենալու մասին:

IMG_2857

-Առհասարակ, ամուսնությունից հետո Ձեր կյանքում ի՞նչն է փոխվել, կա՞ն արժեքներ, որոնք իրենց տեղը զիջել են նորերին:

-Արժեքներ` ոչ: Իսկ թե ինչն է փոխվել, այդ հարցը կարող է ունենալ հազարավոր պատասխաններ եւ չունենալ ոչ մի պատասխան: Ինչ-որ չափով ամուսնությունը փոխում է քեզ, քո պատկերացումները կյանքի, ընտանիք կազմելու վերաբերյալ: Դու դառնում ես ավելի պատասխանատու ոչ միայն քո, այլեւ ամուսնուդ համար:

-Վահեն Ձեզանից տարիքով մեծ է, թերեւս, նա Ձեզ համար լավ խորհրդատու էլ է, այո՞:

-Միգուցե, եթե ամուսինս լիներ իմ տարեկիցը, ավելի դժվար լիներ, բայց նա տարիքով ավելի մեծ է, զիջող է, համբերատար, ես էլ իմ հերթին իմ տարիքի համեմատ ավելի հեռուն եմ նայում, ռեալիստ մարդ եմ, ինձ համար ամուսնությունը միայն սիրո հետեւից ընկնելը, գեղեցիկ զգեստ հագնելը, բոլորին զարմացնելը չէ: Ես սթափ եմ գնահատում ցանկացած իրավիճակ: Առհասարակ, երկուսս էլ փորձում ենք հնարավորինս անկախ լինել, կարծում եմ, որ ստացվում է:

-Դուք համարվում եք մեր ոճային հաղորդավարուհիներից մեկը. դիզայներների օգնությանը դիմո՞ւմ եք, թե՞ ինքներդ եք կերտում Ձեր ոճը:

-Դիզայներների օգնությանը երբեք չեմ դիմում, իհարկե, լինում են համագործակցություններ, բայց դրանք ուրիշ բան են: Ես ինձ չեմ համարում այդքան կարեւոր մարդ, կարմիր գորգերի վրայով չեմ քայլում, որ դիմեմ մասնագետներին: Պարզապես փոքրուց ունեցել եմ ճաշակի զգացողություն, եւ թող մեծամտություն չթվա, բայց ինձնից լավ ոչ ոք չի կարող ասել, թե ինձ ինչ զգեստ է պետք կրել:

-Հիմա Ձեր առջեւ ի՞նչ նպատակ եք դրել, որը կուզենաք անպայման իրագործել:

-Չեմ ստի, հիմա այդ առումով մի քիչ ավելի պասիվ եմ. ժամանակին ավելի շատ էին նպատակները: Բայց դրանցից առաջնայինն ինձ համար մեր ստեղծած ընտանիքը պահելն է. ընտանիք յուրաքանչյուրս կարող ենք ստեղծել, պահելն է դժվար: Մյուս նպատակս էլ երեւի թե իմ կատարած աշխատանքում առավելագույնին հասնելն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս