Դատախազը արձակուրդ է գնում. Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով այսօր` հուլիսի 14-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով` գործով մեղադրող դատախազը դատարանին խնդրել է մինչև օգոստոս հետաձգել դատական նիստը, ինչ դատարանը բավարարել է: «Նա պատճառաբանել է, որ արձակուրդ է գնում, այդ իսկ պատճառով ցանկանում է հետաձգել դատական նիստը»,- փոխանցեց Ալումյանը:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, որի ժամանակ ճառով հանդես կգա պաշտպանական կողմը:

Հիշեցնենք` Արտակ Բուդաղյանը մեղադրվում է Սուրիկ Խաչատրյանի և  նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ տալու մեջ: Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:




Լրահոս