ԵՐԻՏՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՐԻՈՐԴԸ` «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ երեկվա արտահերթ նիստը բավական թեժ մթնոլորտում անցավ: Ողջ օրվա ընթացքում խորհրդարանը քննարկում էր ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում էր էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելուն: Միակ մարմինը, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն չունի, ԱԺ էթիկայի հանձնաժողովն է. այնտեղ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական հոգի է ներգրավված: Արդյունքում` իշխանությունները հայտնվել են փոքրամասնության դերում:
Այն բանից հետո, երբ էթիկայի հանձնաժողովը սկսեց քննարկել ՀԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված ԱԺ արտահերթ նիստը բոյկոտած կոալիցիոն պատգամավորների վարքագիծը, իշխանական կուլիսներում Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ կայծակնային արագությամբ որոշում է կայացվել` շտապ փոխել հանձնաժողովի կազմավորման կարգը: Բայց զավեշտն այն է, որ երեկ նույն Դավիթ Հարությունյանը որոշել էր թաքնվել երիտհանրապետական Արփինե Հովհաննիսյանի թիկունքում ու էթիկայի հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել այդ գեղեցկադեմ օրիորդի միջոցով: Կարծիք կա` ՀՀԿ-ն քաղաքականապես փորձեց վարկաբեկել նաեւ չվարկաբեկված երիտհանրապետականին, որին ստիպեց ստորագրել Դ.Հարությունյանի նախագծի տակ` որպես համահեղինակ, ու մղեց ԱԺ ամբիոն` նախագահական ընտրություններից առաջ ընդդիմության դեմ գրված նախագիծը ներկայացնելու:
Ի դեպ, Հովհաննիսյանի նկատմամբ անողոք էին ՀՅԴ-ականները, եւ իրենց հարցերով հիմնական զեկուցողին հասցրին մի վիճակի, երբ նա քիչ էր մնում` լաց լիներ: Երբ ՀՅԴ-ականները հետաքրքրվում էին` ուր է Դավիթ Հարությունյանը, Հովհաննիսյանը հուզմունքից չկարողացավ պատասխանել: «Ի՞նչ եք խառնվել իրար, օրիորդի հետ եք խոսում, գոնե դա՛ հաշվի առեք»,-միանգամից շտապեց Հովհաննիսյանին պաշտպանել ԱԺ նախագահը: Ի դեպ, հենց նրա անձնական միջամտությամբ էլ Ա.Հովհաննիսյանն ընդգրկվել է ՀՀԿ ցուցակ ու դարձել պատգամավոր: «Սա Հովիկ Աբրահամյանի սիրո խոստովանությունն է Արփինե Հովհաննիսյանին»,-հեգնեց Արմեն Ռուստամյանը: Աբրահամյանը շտապեց հայտարարել, որ դա ամենեւին էլ խոստովանություն չէ: Ընդդիմադիրները երեկ միաբերան պնդում էին` ՀՀԿ-ն ուզում է իր մենաշնորհը հաստատել ամենուր եւ չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ այդտեղ եւս իրենք կոճակային մեծամասնություն չեն: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ նույնիսկ սպառնաց, որ ԲՀԿ-ն կբոյկոտի էթիկայի հանձնաժողովն ու իրենց ներկայացուցչին ետ կկանչի: Նույն միտքն ակնարկեցին նաեւ ընդդիմադիր պատգամավորները: Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ս.Սարգսյանի ու իր թիմի համար «անընդունելի է, որ երկրում լինի իշխանության թեկուզ սիմվոլիկ լծակների տիրապետող մի օղակ, որը դուրս է իրենց վերահսկողությունից ու հարյուր տոկոսով կանխատեսելի չէ իրենց համար»: ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն էլ կատարվածը որակեց փոքրոգություն. «Երբ տեսնելով, որ սկսում եք պարտվել, ձեր իսկ սահմանած խաղի կանոնները փոխում եք, որ ապահովեք ձեր հաղթանակը: Փաստորեն մենք գործ ունենք շատ վախեցած մի իշխանության հետ, որին անհանգստացնում է ընդդիմության ցանկացած քայլ»:
Ի դեպ, ուշագրավ մի հանգամանք. ԱԺ արտահերթ նիստը գումարվել էր կառավարության նախաձեռնությամբ, բայց այնտեղ քննարկվում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների նախագիծը: Նման բան ԱԺ պատմության մեջ պատգամավորները դժվարացան հիշել: Փաստորեն, սա կարելի է համարել նոնսենս: Բայց հաշի առնելով իշխանությունների վախը` միանգամայն նորմալ երեւույթ:
Հ.Գ. Նախագծի քննարկման ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ այսօր՝ առավոտյան, իր մոտ խորհրդակցություն է հրավիրում նախագծի վերաբերյալ: Չի բացառվում` լուրջ դիմադրության արժանացած նախագիծը հեղինակները ետ տանեն:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս