Այս պահին կառավարության դիմաց են հավաքվել Նաիրիտ գործարանի աշխատակիցները: Նրանք դժգոհ են, որ կառավարությունը չի կատարում իր տված խոստումը` մինչ ամսի 15-ը վճարել իրենց աշխատավարձերը:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը` նաիրիտցիներին զայրացրել է այն հանգամանքը, որ իրենց ստիպում են ստորագրել մի համաձայնագիր, ըստ որի` աշխատավարձերը ստանալուց հետո իրենք չեն դիմելու դատարան` տույժ և տուգանքների ստացման նպատակով:
Նաիրիտ գործարանի արտադրության պետ Սամվել Հովհաննիսյանը Armlur.am-ի զրույցում ասաց, որ այդ համաձայնագրերի ստորագրումը նպատակ ունի մասնատել նաիրիտցիներին, քանի որ մի մասը ստորագրելով դրանք, հանգիստ կլինի, որ կստանա աշխատավարձը և այլևս չի պայքարի, իսկ մյուս մասը` ընդհանրապես չի ստանա իր աշխատավարձը:
Նաիրիտցիները արդեն իրենց աչքի առջև ունեն Արմավիայի օդաչուների նմանատիպ դեպքը:
«Մեր փողերը թող իրենք տան առանց պայմանների, և մենք տույժ ու տուգանքների համար դատարան չենք դիմի»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:
Իսկ Armlur.am-ի հարցին, թե այս հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց, որ տնօրենը պարզապես բութ գործիք է, և իրեն ինչպես ուզում, օգտագործում են:
«Եթե տնօրենը իրոք անհանգստանար Նաիրտի մասին` նա աշխատակիցների կողքին կլիներ, ոչ թե կառավարության ցանկությունները կկատարեր»,- ասաց արտադրության պետը: