«Ոչ թալանին» նախաձեռնությունը պատասխանում է Գլխավոր դատախազությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ էր փոխանցել ՀՀ Գլխավոր դատախազությանը, որով պահանջում էին հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու ժամանակ բռնություն կիրառած ոստիկանների և նրանց հրամանատարական կազմի և քաղաքացիական հագուստով ոստիկանների նկատմամբ համապատասխան ընթացակարգ սկսել: Այսօր Գլխավոր դատախազությունը պատասխանել է նախաձեռնության անդամների նամակին, որում, ըստ էության, որևէ նորություն չի հայտնել:

«ՀՀ գլխավոր դատախազությունը, նկատի ունենալով, որ «Ոչ թալանին»քաղաքացիական նախաձեռնության նամակում նշված փաստերի առթիվ արդեն իսկ կա հարուցված քրեական գործ, այնուամենայնիվ, վերոնշյալ նամակն ուղարկել է նախաքննությունն իրականացնող մարմնին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը»,- ասված է պատասխանի մեջ:

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Դատախազությունը ըստ էության չի պատասխանել իրենց նամակին: «Դա ոչ թե մեր նամակի պատասխանը չէր, այլ հայտարարված ինֆորմացիայի հայտարարում: Էական որևէ նոր բան չի ասվել»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Վերջինս իրենց հետագա քայլերի մասով նշեց, որ իրենք կսպասեն Հատուկ քննչական ծառայության պատասխանին, որտեղ էլ ուղարկվել է իրենց նամակը. «Քանի որ Դատախազությունից ասել են, որ մեր նամակը կհանձնեն ՀՔԾ, մենք կսպասենք ՀՔԾ-ի պատասխանին և հստակ արդեն կորոշենք»:




Լրահոս