«X-Factor» ԿՈՉՎՈՂ ՁՈՒԿԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ ԷԼ ՀՈՏԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե նույնիսկ կիրթ անձնավորություն կամ արվեստագետ համարվող հեռուստահաղորդավարը ծանոթ չէ էթիկայի կանոններին եւ կարող է կիլոմետրերով հեռու լինել քաղաքակրթությունից, ապա ի՞նչ պահանջենք, օրինակ, երթուղայինի բռի վարորդից, էլ չենք խոսում կիսագրագետ պատգամավորների մասին: Ժողովուրդն ասում է՝ ձուկը գլխից է հոտում, Սերժ Սարգսյանն էլ ավելացնում՝ ձուկը գլխից պիտի բռնել, մենք էլ կավելացնենք՝ թե՛ գլխից եւ թե՛ պոչից, քանի որ այստեղ խոսքը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «X-Factor» նախագծի մասին է, որտեղ նեխած հոտը երկու կողմից էլ փչում է:
Օրեր առաջ «X-Factor»-ը ներկայացրեց իր հերթական «բոցը»` Արթուր Բաղդասարյանի ելույթը: Խոսքը ՕԵԿ նախագահի մասին չէ, այլ մի երիտասարդի, որը, մեղմ ասած, ոչ միայն երգել չգիտեր, այլեւ աչքի էր ընկնում գռեհիկ խոսելաձեւով՝ «ախպերս», «ցավդ տանեմ», «մեռնեմ հորդ աստծուն» եւ նման արտահայտություններով համեմված: Առավել ուշագրավն այն էր, որ վերոհիշյալ երիտասարդի պահվածքից առանձնապես չէր տարբերվում ժյուրիի անդամների պահվածքը, կարճ ու կոնկրետ «ոչ»-ի փոխարեն անխնա ու վիրավորական ծաղրուծանակը, Ավետ Բարսեղյանի՝ «կգա՞ս մոտիկ, քեզ կպնեմ, ինձ թվում ա՝ դու նկարած ես» ռեպլիկը, Գիսանե Պալյանի հիստերիկ ծիծաղը, նույնիսկ հասունացող, բայց ժամանակին զսպված լեզվակռիվը՝ նույն «ախպերական» կոնցեպցիայի շրջանակներում Գարիկ Պապոյանի կողմից հնչեցված «ի՞նչ ես երկարացնում», «կարաս կոպիտ խոսաս, ես 7 անգամ ավելի կոպիտ կխոսամ» եւ այլ արտահայտություններով: Եւ սա միակ դեպքը չէ, ժամանակ առ ժամանակ նույն նախագծի շրջանակներում ականատես ենք լինում մասնակիցների՝ ժյուրիի անդամների կողմից ծաղրի ենթարկվելուն:
Նախ անդրադառնանք մասնակիցներին, որոնցից շատերը, երգել չիմանալով, այնուամենայնիվ, համառորեն երգում են՝ գիտակցելով, որ լավագույն դեպքում կդառնան ծիծաղի առարկա: Սա մազոխիստական մոտեցում է, նվաստանալուց հաճույք ստանալու գերագույն շնորհ, ինչը, սակայն, ազատ քաղաքացու իրավունքն է. եթե մարդն ուզում է նվաստանալ, ոչ ոք չի կարող նրան խանգարել այդ հարցում:
Երգիչ դառնալու մոլուցքը Հայաստանում այսօր հավասար է պատգամավոր դառնալու մոլուցքին: Երկու դեպքում էլ մեծամասամբ երգիչ կամ պատգամավոր են ուզում դառնալ երգել չիմացողներն ու օրենսդրական գործունեությունից ոչինչ չհասկացող, քյաբաբային հոգեբանությամբ մարդիկ: Սրանց երկուսի նպատակն էլ «էլիտար» խավի կարկառուն ներկայացուցիչ դառնալն է, եւ ցավալին այն է, որ շատ դեպքերում դառնում են՝ օգտագործելով ամենատարբեր հնարքներ, ռեսուրսներ եւ այլն: Այսպես է ընթանում ճանապարհը հոտած ձկան պոչից մինչեւ գլուխ կամ փողոցային «բիստրոյի» քյաբաբից մինչեւ Պռոշյանի քյաբաբնոց:
Հիմա անցնենք ձկան գլխին: «X-Factor»-ում ձկան գլուխն են արդեն «էլիտար» դարձած ժյուրիի անդամները: Ազգիս «էլիտայի» ներկայացուցիչների մոտ արմատավորված է այն գաղափարը, որ իրենց ամեն ինչ կարելի է, քանի որ իրենք «էլիտար» են, իրենք գլուխն են, ոչ թե պոչը: Եւ այս համոզմունքով հարգարժան ժյուրիի անդամներն անխնա ծաղրի են ենթարկում ոչ պակաս հարգարժան մասնակիցներին՝ ընդ որում, գերագույն հաճույք ստանալով ծաղրելու եւ վիրավորելու գործընթացից: Բնականաբար, մազոխիզմը հակադարձ սադիզմ է ենթադրում. մեկն առանց մյուսի չի կարող գոյատեւել:
Այս սադո-մազոխիստական թատրոնից հաճույքով օգտվում են մի շարք լրատվական կայքեր, որոնց համար գերխնդիրը ոչ թե հոտած ձկան պոչից մինչեւ գլուխ հասնելն է, այլ «քլիքներ» հավաքելը, որպեսզի ցուցադրելով մարդկանց նվաստացումը՝ զվարճացնեն հասարակության քաղքենի հատվածին, միաժամանակ քաղքենիների այցելություններ ապահովելով՝ գրավեն ոչ պակաս «էլիտար» գովազդատուների ուշադրությունը:
Իսկ լուծումը կարծես թե չի երեւում: Ֆեյսբուքցիները վրդովվում, նամակներ են գրում, բայց ախր ձուկը բոլոր կողմերից էլ հոտած է, քանի որ նման խեղկատակությունները գրեթե բոլոր ոլորտներում են առկա:
Վերջում մնում է երգել չիմացողներին խորհուրդ տալ չերգել, իսկ «էլիտարներին» հիշեցնել, որ անկախ նրանից՝ «բիստրոյում» են, թե Պռոշյանում, կերածները նույն ճենճահոտ քյաբաբն է:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս