20-ԱՄՅԱ ՏՂԱՆ ՍՊԱՆԵԼ Է ՄՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:34-ի սահմաններում, սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պետրովկա գյուղում. 20-ամյա Յուրիկ Ավագիմովը քարերով այնքան է հարվածել մորը` 43-ամյա Սուսաննա Դավոյանին, մինչեւ որ վերջինս մահացել է:
Ոստիկանության կայքից տեղեկացանք, որ ժամը 13:45-ին Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքից սպանվածի որդին՝ Յուրիկը, հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Յուրիկ Ավագիմովը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Պետրովկա համայնքի ղեկավար Հովիկ Գրիգորյանի հետ: «Յուրիկը հոգեկան խնդիրներ ուներ եւ նոյեմբերի 11-ից գտնվում էր հոգեբուժարանում: Մայրն էլ խեղճ ու կրակ կին էր»,-ընդգծեց գյուղապետը: Վերջինիս խոսքով` ընտանիքը սոցիալապես շատ վատ վիճակում էր, ապրում էր նպաստի եւ թոշակի հույսին. «Յուրիկն ի ծնե հոգեկան խնդիրներ չի ունեցել, ծնողները պատահական են հայտնաբերել, որ նրա մոտ կան շեղումներ, եւ տարել են հոգեբուժարան: Նոյեմբերի 11-ից այնտեղ էր եւ դեկտեմբերի 9-ին նոր էր հոգեբուժարանից վերադարձել տուն»:
Հովիկ Գրիգորյանը տեղեկացրեց նաեւ, որ Յուրիկը տան միակ երեխան չէ, ունի մեկ քույր եւ եղբայր: «Գիտեմ, որ դեպքի ժամանակ մյուս եղբայրը` Սեյրան Ավագիմովը, տանն է եղել, իսկ քույրը եղել  է մորաքրոջ  տանը, որը մեր կողքի գյուղում է: Եղբոր պատմելով` մորը սպանելու ժամանակ Յուրիկը հորը տանից դուրս է քշել, եղբորն էլ ասել է, թե տեղիցդ չշարժվես: Հետո էլ եղբորը եկել ասել է` մամային սպանել եմ: Եղբայրը` Սեյրանը, սկզբում չի հավատացել նրա խոսքերին, հետո հարեւաններն են տեսել մորը` այգում ընկած, ու իմացել են, թե իրականում ինչ է եղել: Սարսափելի դեպք է, ի՞նչ ասեմ: Ավելի ուշ իմացել եմ, որ տղային ձերբակալել եւ տարել են ոստիկանություն: Չգիտեմ՝ ինչ կլինի այս ամենի վերջը, բայց մի բան հաստատ է. այդ տղան հոգեկան լուրջ խնդիրներ ունի, եւ պարզ չէ, թե ոստիկանությունն ինչ կերպ կվարվի նրա հետ»,-խորը հոգոց հանելով՝ ասաց գյուղապետը:
Հ.Գ. Սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ հոգեբուժարանից թերի բուժում ստացած հիվանդները դուրս են գրվում եւ նման դաժան սպանություններ իրականացնում: Կարծում ենք, որ այսպիսի դեպքերում իրավապահների կողմից պետք է բարձրացվի նաեւ  հոգեբույժներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս