Կողպեքներ, փակ վիճակում գտնվող տասնյակից ավելի կողպեքներ` Երեւանի «Հաղթանակ» կամրջի ճաղաշարին: Վաղուց առիթ չէր եղել այդ կամրջի վրայով ոտքով անցնելու, վերջերս այդպիսի մի առիթ եղավ: Եւ ո՜վ զարմանք. 200-մետրանոց կամրջի` Երեւանի կոնյակի գործարանի կողմից ձախակողմյան ճաղաշարի տարբեր հատվածներում նկատում եմ ճաղաշարին ամրացված արդեն ժանգոտած ու փայլուն, հին ու նոր կողպեքներ: Հաշվում եմ, 11-ն են եւ ակնհայտորեն դրված են տարբեր ժամանակներում ու տարբեր մարդկանց կողմից: Կողպեքների վրայի մակագրություններից երեւում է, որ արտադրված են տարբեր տարիների ու տարբեր գործարանների կողմից:
Առաջին հայացքից էլ պարզ է, որ կողպեքները, որոնք կամրջի ճաղաշարին գործառական որեւէ դեր չունեն, խորհրդանշական բնույթի են եւ փակ վիճակում դրված են ինչ-որ խորհրդավոր նպատակով: Իրականությանն ամենամոտն այն ենթադրությունն է, որ այդ կողպեքները դրվել են 34 մետր բարձրության կամրջից տարբեր տարիների իրենց վայր նետած ինքնասպանների հարազատների, մերձավորների կողմից` խորհրդանշելու համար, որ ինքնասպանությունը փակուղի է: Գուցե նպատակ են հետապնդում նաեւ այլոց, ովքեր ինքնասպանության մտադրությամբ գալիս են այդտեղ, խորհրդանշորեն հասկացնելու, որ կամուրջը փակ է վայր նետվելու համար: Թեեւ համեմատությունն այս դեպքում այնքան էլ տեղին չէ, բայց հիշենք, որ մայրուղիներում ողբերգական ավտովթարների զոհերի մերձավորները դեպքի վայրում երբեմն մետաղյա պսակ, խաչքար կամ ինչ-որ այլ բան են տեղադրում:
Կողպեքներից մեկը, ինչպես երեւում է մակագրությունից, բոլորովին վերջերս է ամրացվել` դեկտեմբերի 12-ին, դրա վրա մակագրված է. «Միշտ միասին» եւ «Աստված մեզ պահապան»: Ենթադրությունը, որ կողպեքները կապված են կատարված ինքնասպանությունների հետ, հիմնված է նաեւ այն հանգամանքի վրա, որ դրանք առավելապես կամրջի հենց այն ճաղաշարին են, որը Սուրբ Սարգիս եկեղեցու կողմն է (դիմացի` աջակողմյան ճաղաշարին ընդամենը 2 կողպեք ու մի քանի հին, ժանգոտած մետաղալարի կտորներ են, որոնք հուշում են, որ իրենցից նույնպես ժամանակին կողպեքներ են կախված եղել): Ինքնասպանների մեծամասնությունը հենց այս կողմից է վայր նետվել` եկեղեցուն նայելով ու հավանաբար հայցելով Տիրոջ ողորմածությունը: Հասկանալի է, դա հոգեբանական խնդիր է, բայց միշտ պետք է հիշել, որ, ըստ քրիստոնեական կրոնի, ինքնասպանների համար Աստծո` այլոց պարագայում նույնիսկ անսահման մեծ գթասրտությունից եւ ողորմածությունից բաժին չկա:
Կարծում ենք նաեւ, որ ինքնասպանության մտադրությամբ «Հաղթանակ» կամուրջ եկածներից շատերն այդ կողպեքները կա՛մ չեն նկատել, կա՛մ էլ նկատելու դեպքում ուշադրություն չեն դարձրել: Անհամեմատ ավելի ազդեցիկ կլիներ, եթե նշված կամրջի լուսավորության սյուներին, ինչպես նաեւ այլ կամուրջների համապատասխան հատվածներում «Մեկ ազգ»-ը կամ որեւէ այլ կազմակերպություն, Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները կամ հետեւորդները թռուցիկներ փակցնեին` մոտավորապես այսպիսի մակագրություններով. «Ինքնասպանությունը ելք, փրկություն չէ, հակառակը` հոգին փրկությունից զրկող այն բացառիկ հանցանքներից մեկն է, որը Աստծո կողմից չունի ներում», «Ինքնասպաննե՛ր, կա՛նգ առեք, ձեր առջեւ դժոխքի ճանապարհն է»: Ի դեպ, «Հաղթանակ» կամրջի լուսավորության սյուների վրա այժմ «Մեկ ազգ» կուսակցությունների դաշինքի թռուցիկներն են` «Միայն ուժե՛ղ Հայաստան», «Միայն Հայ առաքելական եկեղեցի» մակագրություններով:
Եւս մեկ ուշագրավ հանգամանք. կամրջի վրա բավական ժամանակ կանգնած՝ լուսանկարում էի, առաջ գնում, հետ գալիս, երբեմն նույնիսկ տարօրինակ վարք դրսեւորում, քանի որ լուսանկարելուց առաջ ձեռքս ազատելու համար ստիպված էի լինում կռանալ ու ձեռքիս պայուսակը դնել գետնին: Կոնյակի երկու գործարանների մոտ կանգնած ճանապարհային ոստիկաններին իմ թիկունքն էր նկատելի, նրանք չէին կարող տեսնել, որ լուսանկարում եմ: Մտածում էի, թե կկարծեն` ինքնասպանության մտադրություն ունեմ, կմոտենան կամ ռադիոկապով շտապ կկանչեն այլ ոստիկանների` ինքնասպանությունը կանխելու համար: Սակայն որեւէ մեկը չմոտեցավ ինձ, միայն թիկունքիս կողմից անցնող ավտոմեքենաներից մեկի ուշադիր ու սրտացավ վարորդը կամ ուղեւորը տագնապածի տոնայնությամբ գոռաց. «Չգցվես կամրջից»:
Փորձեցինք «Հաղթանակ» կամրջի խորհրդավոր կողպեքների մասին տեղեկություն ստանալ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանից, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շահե քահանա Հայրապետյանից, Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանից, սակայն նրանք կամրջի ճաղաշարի կողպեքների գոյության մասին նույնիսկ չէին էլ լսել:
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿԱՄՐՋԻ ԿՈՂՊԵՔՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ