ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Սահմանադրության նոր տարբերակի 4-7 գլուխները, 1-3 գլուխները չեն քննարկվել: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Վերջնական տարբերակը չի, դոգմա չի, բազմաթիվ հարցեր եղան, մեկուկես ամիս ժամանակ ունենք, որ բարեփոխումների տեքստը վերջնական տեսքի բերվի: Այսօր էլ հանրապետական կուսակցությունը վերջնական քննարկումները չի ավարտել: Սա բավականաչափ ծավալուն փաստաթուղթ է: Կարիք կա բացատրության, փոփոխության, վերջնական տարբերակը կընդունվի քննարկումների արդյունքում, հաշվի կառնվեն բոլոր առաջարկությունները», – նշեց նա:
Շարմազանովը հավելեց, որ ՀՀԿ-ի համար այս բարեփոխումների անցկացումն ամեն գնով նպատակ չէ, ամեն ինչ պետք է որոշի ՀՀ քաղաքացին: «Այս հարցը մեր օրակարգի ամենաառաջնային, գլխավոր հարցը չէ: Մենք ունենք իրավիճակը բարելավելու խնդիր: Հանրաքվեի արդյունքում պետք է որոշի քաղաքացին», – հավելեց նա:
Նա ընդգծեց, որ սահմանադրության քննարկվող տարբերակը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարման համակարգ ստեղծել: Շարմազանովը հավելեց, որ սահմանադրական բարեփոխումների հարցում նախագահի տեսակետը փոփոխության չի ենթարկվել: