ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱԺԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՏՈՆԱԾԱՌ
Իտալիայի Միլան քաղաքում՝ կենտրոնական կայարանի շենքի մոտ, տեղադրվել է տոնածառ, որի վրա կարելի է թողնել ամանորյա գրառում-ցանկություններ: Բացի ավանդական շնորհավորական բացիկներից, տոնածառի վրա թողնում են նաեւ Ձմեռ պապին ուղղված նամակներ: Ցանկությունների թվում կան անգամ շատ ծիծաղելիները. օրինակ` որ Սիլվիո Բերլուսկոնիին այլեւս չտեսնեն քաղաքականության մեջ կամ աշխատանք գտնեն Միլանում: Բացի այդ, մարդիկ ցանկանում են հանդիպել իրենց երկրորդ կեսին կամ առաջին անգամ տատիկ դառնալ:

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է 59-ամյա Հրանտ Մեգուերյանին, որը մեղադրվում է իր նախկին կնոջը սպանելու եւ նրա ընկերոջը վիրավորելու մեջ: Նա վեճի ընթացքում կրակել է կնոջ եւ նրա ընկերոջ վրա: Ոստիկանությունում նշել են, որ Հրանտ Մեգուերյանի նախկին կինը վնասվածքներ է ստացել գլխի մասում: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, իսկ նրա ընկերը վնասվածք է ստացել մեջքի հատվածում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մեգուերյանը ձերբակալված է:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայի մետրոյի «Դուբրովկա» կայարանում դաժան սպանություն է տեղի ունեցել: Անհայտ անձը հարձակվել է 28-ամյա ուղեւորուհու վրա, դանակով կտրատել զոհին եւ թողել, որ մահանա: Իրավապահների տվյալով՝ ուղեւորին դանակահարել են Լյուբլինսկայա գծի գնացքում: Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով: Ամբողջ քաղաքում փնտրում են հանցագործին:

ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՑՐՏԻՑ
«Ուկրաինայում ուժեղ սառնամանիքների պատճառով ցրտահարությունից 37 մարդ է մահացել,  որոնցից հինգը՝ հիվանդանոցում»,-գրում է BBC-ին: Բժշկական օգնության է դիմել ցրտից տուժած 190 ուկրաինացի, որոնցից 162-ը հոսպիտալացվել են: Ուկրաինայում ուժգնացող սառնամանիքների պատճառով բացվել է մոտ 1500 տաքացման կետ, որտեղ մարդկանց տրամադրում են սնունդ՝ թեյ, շաքար, ճարպ, հաց: Իսկ Ռուսաստանում սառնամանիքներից մահացել է 29 մարդ, հիմնականում՝ Չելյաբինսկի մարզում:

ՍՏԱՄՈՔՍ-ՀՅՈՒՐԱՆՈՑ
Բելգիայում արտասովոր հյուրանոց է բացվել` մարդու ստամոքսի տեսքով: Հյուրանոցը տեղակայված է Գենտի եւ Անտվերպենի միջեւ: Այստեղ բնակվելու մեկ օրն արժե 150 ԱՄՆ դոլար: Մեկ տարվա ընթացքում այս հյուրանոց մոտ 20 հազար զբոսաշրջիկ է այցելում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս