Ինչո՞ւ է ոստիկանությունն անընդհատ «ներում» իր «Ալեն Դելոնին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի դեմ թանկացման բողոքի ակցիան ցրելու ընթացքում գործադրված բռնությունների համար ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ նկատողություն են ստացել: Այդ թվում` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը, որի անունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է մամուլի էջերում:

Նշենք, որ Արթուր Մեհրաբյանը նշված օրը խախտել էր ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի թ կետի պահանջը: Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու, զսպվածություն չցուցաբերելու եւ ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսեւորելու համար, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` Ա. Մեհրաբյանին հայտարարվել է նկատողություն:

Իսկ ով է Արթուր Մեհրաբյանը, որի անունը ժամանակ առ ժամանակ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում` տարբեր աղմկահարույց պատմությունների շրջանակում:

Եվ այսպես, Մեհրաբյանը հանրության ուշադրության կենտրոնում առաջին անգամ հայտնվեց 2009 թվականին, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր: Բանն այն է, որ 2008 թվականի դեկտեմբերին «Մոխիտո» կարաոկե-բարում դանակահարություն էր կատարվել, որը գրանցվել էր, սակայն ոստիկանների ոչ օպերատիվ գործողությունների արդյունքում չէին կարողացել պարզել, թե ովքեր են միջադեպի մեղավորները: Իրականում այդ հանցագործության մեջ կասկածվողներից մեկը եղել էր նաեւ Կենտրոնի դատախազի որդին, սակայն ոստիկանությունը այդ վարկածը չէր ստուգել: Հենց այդ «վրիպման» արդյունքում էլ Աղվան Հովսեփյանի հետ բավականին մտերիմ հարաբերություններ ունեցող Կենտրոնի ոստիկանապետ, գնդապետ Արթուր Մեհրաբյանին, մականունը` Ալեն Դելոն, փոխարինեց Երեւանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապեյանը: Ի դեպ, վերջինիս` աշխատանքից ազատման հրամանն էլ տվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Ինչեւէ: Այս պաշտոնանկությունից հետո 2011 թվականին Մեհրաբյանին նշանակեցին Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ, որտեղ, սակայն, նա երկար չպաշտոնավարեց: Դեռեւս այն ժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Մեհրաբյանի հեռացումը պայմանավորված է եղել Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի շարք չբացահայտված հանցագործություններով, որոնք միտումնավոր կերպով կոծկվել են: Մասնավորապես կոծկված գործերից մեկը Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 6-րդ բնակարանում սպանված Լուսինե Ղազարյանի դեպքն էր: Ինչի արդյունքում էլ այս անգամ Վլադիմիր Գասպարյանի հրամանով 2012թ դեկտեմբերի 7-ին Արթուր Մեհրաբյանն ազատվեց աշխատանքից:
Ի դեպ, Արաբկիր համայնքում տեղի ունեցած եւ չբացահայտված հանցագործություններն էլ ուղարկվել էին հատուկ քննչական ծառայություն` նոր քննություն սկսելու համար: Իսկ, ահա, Մեհրաբյանով զբաղվում էր ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:

Արդեն երկու նախադեպ կար, եւ թվում էր, թե Արթուր Մեհրաբյանի համար ոստիկանության համակարգ մուտք գործելու ճանապարհը պետք է որ փակված լիներ, սակայն ինչպես պարզվեց` դա այդպես չէր:

Նրա մասնագիտական գործունեության ընթացքում արձանագրված այս աղմկահարույց դեպքերը որեւէ կերպ չխանգարեցին, որ կարճ ժամանակ անց Արթուր Մեհրաբյանը նշանակվի Երեւան քաղաքի վարչության շտաբի պետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դեռեւս 2012 թվականին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը՝ պարզաբանելով, թե ինչու նա կրկին շտաբի պետ նշանակվեց, ասել էր. «Քննությունն ավարտվել է, գործն ուղարկել ենք հատուկ քննչական ծառայություն: Մնացածը ՀՔԾ-ն կորոշի՝ մեղավոր է, թե ոչ»:

Ըստ էության ՀՔԾ-ն այդպես էլ հանցագործությունների կոծկման հետ առնչություն ունեցող եւ այլ վրիպումներ թույլ տված Արթուր Մեհրաբյանին մեղավոր չճանաչեց: Եթե այդպես լիներ, ապա Արթուր Մեհրաբյանը հունիսի 23-ին չէր լինի Բաղրամյան պողոտայում, հերթական անգամ չէր խախտի ոստիկանության ծառայողի էթիկայի կանոններն ու աչքի չէր ընկնի անվայելուչ պահվածքով: Փաստորեն, այսքանից հետո Արթուր Մեհրաբյանը շարունակում է հանգիստ աշխատել ոստիկանության համակարգում` զբաղեցնելով բարձր եւ պատասխանատու պաշտոններ: Հետաքրքիր է՝ ով է նրա «հովանավորը», որի շնորհիվ քրեական պատասխանատվություն ենթադրող գործունեության մեջ կասկածվող այս ոստիկանը շարունակում է իր անխափան վերելքը կարիերայի աստիճաններով: Նման ոստիկանների անցած ուղին եւ ներկայումս զբաղեցրած պաշտոնները տեսնելով` դժվար է անսալ ոստիկանին վստահելու` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կոչերին, որքան էլ դրանք անկեղծ լինեն, եւ որքան էլ հայտարարվի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների մասին:

Ի վերջո, եթե ՀՀ ոստիկանապետը ցանկանում է, որ համակարգի նկատմամբ ձեւավորվի հանրային վստահություն եւ հարգանք, ապա պետք է համակարգը մաքրի նման վարկաբեկված կադրերից:

Այս առումով տեղին է հիշել 2011թ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը: Վերջինս անդրադառնալով ոստիկանությունում առկա բացթողումներին՝ ասել էր. «Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք եւ ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք՝ ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը»:

Քնար Մանուկյան




Լրահոս