Սահմանադրական բարեփոխումների «Հայեցակարգում» արված ցանկացած արձանագրում հակասության մեջ է այսօրվա իրականության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանում առկա խնդիրները լուծել խոստացող իշխանությունների հրապարակած «Հայեցակարգում» կառավարման համակարգի փոփոխությունների հիմնավորումներին անցնելուց առաջ քննարկվում է սոցիալական պետության գաղափարը: Արձանագրելով հանդերձ սոցիալական պետության սահմանադրական երաշխիքների հարցում բաղթողումների ու թերությունների հանգամանքը՝ իշխանությունը որեւէ իրական ու գործնական առաջարկ փաստացիորեն չի ներկայացնում: Հատկանշական է, որ սոցիալական պետության գաղափարի շեփորահարումը իշխանության համար տվյալ պարագայում լոկ ձեւական բնույթ է կրում, ինչն ապացուցվում է «Հայեցակարգի» մի շարք դրույթներով:

Այսպես, Սերժ Սարգսյանին որոշ մտահոգություններ պատճառած սույն փաստաթղթում հռչակվում է. «Գործող Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքների մասին գլխում չկա որեւէ դրույթ, որը, թեկուզ ամենաընդհանուր ձեւով, կկոնկրետացներ սոցիալական պետության ճանաչումը եւ հռչակումը։

Սահմանադրության զսպվածությունը սոցիալական պետության հարցում հատկապես ցայտուն է այն ֆոնի վրա, երբ իրավական պետության եւ ժողովրդավարության սկզբունքները կոնկրետացված են արդեն իսկ սահմանադրական կարգի հիմունքների մասին գլխում։ Ուստի սոցիալական պետության սկզբունքի ընդհանուր բնութագրումը սահմանադրական կարգի հիմունքների մասին գլխում կարող է նպաստել ինչպես այդ սկզբունքի ավելի հստակ մեկնաբանմանը, այնպես էլ դրա դրսեւորմանն օրենսդրության մեջ եւ իրավակիրառ պրակտիկայում»:

Նախ հարկ է նկատել, որ ընդհանրական ճանաչումներով ու հռչակումներով սոցիալական պետություն պարզապես հնարավոր չէ կառուցել: Այդ գործի համար առաջին հերթին հարկավոր է պետական իշխանության կողմից համարժեք կամք եւ պատրաստակամություն: Ավելին՝ գործող Սահմանադրությանը զսպվածության մեջ մեղադրելով՝ «Հայեցակարգը» իրեն իսկ մղում է փակուղի՝ հղում անելով իրավական պետության ու ժողովրդավարության սկզբունքների կոնկրետացվածության հանգամաքին: Այստեղ բնականաբար հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է փոխվում իրավական ու ժողովրդավարական հարցերում այդօրինակ մասնավորեցումից: Ակնհայտորեն Հայաստանում իրավական պետության կառուցման ուղղությամբ իրական առաջընթաց չկա եւ չի էլ կարող լինել, քանի դեռ Սերժ Սարգսյանն ու նրա իշխանության բոլոր օղակները, զբաղված լինելով իշխանության ինքնանպատակ պահպանությամբ, ինքնահոսի են թողել պետականաշինության գործընթացը եւ իրենց այդօրինակ պահվածքով հակառակ ազդեցություն են ունենում պետության զարգացման վրա: Ամեն առիթով ոտնահարելով Հայաստանում իրավունքի էությունը՝ իշխանությունը պահը բաց չի թողնում նաեւ ժողովրդավարության այլասերման հարցում:

Ժողովրդավարությունն առաջին հերթին դրսեւորվում է ազատ ու արդար ընտրություններով, մինչդեռ Հայաստանում նման միջոցառում ունենալը մոռացված երազ է համարվում: Նման պայմաններում սահմանադրական մակարդակում ժողովրդավարական ու իրավական սկզբունքների կոնկրետացումները ոչ մի էական դերակատարություն չունեն եւ չեն էլ կարող ունենալ, քանզի ի բնե հակասում են իշխանության տրամաբանությանը, նրա ձեւավորման միջոցներին եւ հատկապես արժեհամակարգին: Համատարած կեղծիքներով իշխանությանը տիրացած մարդն արդյո՞ք կարող է գործել իրավունքի ու օրենքի շրջանակներում: Այս ամենից հետեւում է, որ սոցիալական պետության սկզբունքի ո՛չ մասնավոր, ո՛չ էլ առավել եւս ընդհանրական բնութագրումը չեն կարող լրջագույն նշանակություն ունենալ, քանի դեռ Սերժ Սարգսյանը հակված չէ այդ սկզբունքի գերակայությանը, ինչն էլ օրինաչափորեն տեղի ունենալ չի կարող: Արդյունքում սոցիալական պետության կառուցման ուղղությամբ վերջին տարիներին Սերժ Սարգսյանն ու նրա վարչապետները ոչինչ չեն արել՝ բացառությամբ կենսաթոշակային ոլորտում մի շարք կիսատ-պռատ ներմուծումներից, հասարակությանը կոմունալ վճարների բեռի տակ ճնշելուց, դրամ-դոլար խարդավանքներով քաղաքացիներին ունեզրկելուց: Այդ ամենով հանդերձ իշխանությունը չի խորշում նորանոր բառաբարդումներով եւ սեփական սազանդարներին հրապարակ նետելով՝ հիմնավորել իր ապօրինությունները եւ նոր հիմքեր գցել հասարակության թշվառացման ուղղությամբ:

Սոցիալական պետության հիմնախնդիրը քննելիս «Հայեցակարգը» նաեւ հավելում է. «Որպես կանոն, սոցիալական եւ ազատության հիմնական իրավունքները կառուցվածքային առումով միմյանցից արմատապես տարբերվում են։ Եթե ազատությունը երաշխավորող դասական հիմնական իրավունքները պետությունից առաջին հերթին պահանջում են ձեռնպահ մնալ այդ իրավունքներին միջամտությունից, ապա սոցիալական հիմնական իրավունքների մեծ մասը, ընդհակառակը, պահանջում է հանրային իշխանության պոզիտիվ գործողություններ՝ այդ իրավունքներն իրականացնելու նպատակով»։ Այսօրինակ ձեւակերպումից հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պետությունը «դասական» հիմնական ու սոցիալական իրավունքների ոլորտում խճճվել է, չգիտի՝ որոնք պաշտպանի, ինչն էլ հանգեցնում է այսպիսի իրավիճակի: Հարկ է հիասթափեցնել «Հայեցակարգի» հեղինակներին: Պետությունն այսօր պաշտպանում է ո՛չ հիմնական, ո՛չ էլ սոցիալական իրավունքները: Այդ խնդիրն ամենացայտունը դրսեւորվեց «կուտակային կենսաթոշակային» ռեֆորմի ժամանակ, երբ պետությունը (Հայաստանի պարագայում՝ պետական լծակներին ապօրինաբար տիրացած խումբը) բացահայտորեն խախտեց մարդու հիմնարար ազատությունների սահմանադրական նորմը եւ համատարած պարտադրեց գումարներ վճարել ինչ-որ ֆոնդերի, անգամ այն պարագայում, երբ օրենքը վիճարկվում էր Սահմանադրական դատարանում:

Սոցիալական իրավունքների բնագավառում էլ գործի դրվեց «պարտադիր, բայց ոչ պարտադրված» անհեթեթությունը, ինչի արդյունքում պետության պոզիտիվ գործողությունները փաստացիորեն հանգեցին պետական համակարգում ծառայողների համատարած թալանին: Վերջապես, Սերժ Սարգսյանի նախագահությունը ցույց տվեց, որ սոցիալական պետության կառուցումն իր համար բնավ էլ առաջնահերթություն չէ, ուստի եւ այդ կապակցությամբ «Հայեցակարգում» արված ցանկացած արձանագրում հակասության մեջ է այսօրվա իրականության հետ եւ ինքնըստինքյան արժեզրկում է փաստաթուղթն ու դրա բովանդակությունը:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս