Մեզ հանրաքվեն չի հետաքրքրում, մենք զբաղված ենք ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծմամբ. Սասուն Միքայելյան. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը:

– Պարոն Միքայելյան, հրապարակվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ի՞նչ եզրակացություն կարող եք անել առաջարկվող փոփոխություններից:

– Իրենք այդ փոփոխություններով ցանկանում են երկարաձգել իրենց կառավարումը, իրենք ցանկանում են դրանով հավերժ իշխել: Ես ընդհանրապես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, մենք մեր գործը պետք է շարունակենք և նման բաների մեջ չմտնենք: Իշխանություններն ուզում են հավերժ իշխել, այդտեղ ես ժողովրդի օգտին բան չեմ տեսնում: Այնպես են անում, որ բոլորը՝ թե՛ վարչապետը, թե՛ Ազգային ժողովը, թե՛ նախագահն ու մյուս մարմիններն ավելի կառավարելի լինեն: Հիմա Ազգային ժողովը պիտի ընտրի նախագահին, ով այդ նոր Սահմանադրությամբ դառնալու է անգլիական թագուհի: Եվ եթե մինչև հիմա իրենք էին նախագահի կցորդը, հիմա նախագահն է լինելու իրենց կցորդը: ԱԺ նախագահը կառավարման համակարգում կլինի իշխող դեմք:

– Ձեր կարծիքով՝ սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանն ի՞նչ պաշտոն է ցանկանում ստանալ:

– Ազգային ժողովի նախագահ: Ինքն ասել է, որ վարչապետ չի դառնա, նախագահ էլ երրորդ անգամ չի կարող ընտրվել:

– Իսկ ի՞նչ է անելու ձեր կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացի ժամանակ:

– Մենք մեր գործն ենք անելու: Կուսակցության առաջնահերթ գրանցման հարցն ենք լուծելու, շրջելու ենք ամբողջ հանրապետությունով, կառույցների ստեղծման հարցով ենք զբաղվելու: Ընտրական հանձնաժողովներում անդամներ ապահովելու հարցը պետք է լուծենք: Մոտ 1888 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում պետք է ունենալ 3-5 հոգի, որոնք մտահոգ կլինեն երկրի ապագայի համար, և եթե հասնենք ընտրություններին, կանգնեն ու ընտրակեղծիքների դեմ պայքարեն:

– Ընդդիմությունը որևէ ժամանակ չի կարողացել պայքարել ընտրակեղծիքների դեմ: 2008թ., երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը այդքան հզոր ընդդիմություն էին, նորից չկարողացան այնքան մարդիկ գտնել, ովքեր ընտրություններին ընտրակեղծիքների դեմ կպայքարեին:

– Նրանք հզոր չէին այն ժամանակ, նրանք այդ պարտականությունը գցել էին ժողովրդի վրա: Բայց մենք ուզում ենք ձևավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն, որ ժողովուրդը դա տեսնի ու կարողանա պայքարել: Որ ժողովուրդը զգա, թե հանրապետությունում ուժ կա, որն իսկապես կանգնել է իշխանափոխության համար: Իսկ ինչպե՞ս է եղել նախկինում: Գյուղերում վստահված անձինք չեն ունեցել, ձևի համար ներկայացուցիչ են ունեցել, և ոչ թե այնպիսիք, ովքեր նվիրյալ կլինեին և չէին թողնի, որ ընտրությունները կեղծեն: Այն ժամանակ այնպես է եղել, որ հարյուրավոր ընտրատեղամասերում անգամ հանձնաժողովի արձանագրությունները չեն վերցրել: Իշխանություններն էլ ինչ ուզեցել՝ արել են:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս