ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ սպասվում էր` նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման: Համապատասխան նախագիծը հրապարակվեց երեկ ՀՀ արդարադատության նախարարության կայքում: Մինչեւ կառավարման փոփոխություններին անդրադառնալ նախ նկատենք, որ մշտապես հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների մասին, բայց այժմ պարզվում է, որ իշխանությունները նախատեսում են նոր Սահմանադրություն ընդունել:

Այսպիսով, ըստ հրապարակված փաստաթղթի՝ առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ իշխանության հիմնական օղակը Ազգային ժողովն է: Նախատեսվում է, որ ԱԺ-ն լինելու է ժողովրդի ներկայացուցչական մամինը, այն իրականացնելու է օրենսդրական գործունեություն, վերահսկելու է գործադիր իշխանության գործունեությունը: Աժ-ն կազմված է լինելու «առնվազն 101 պատգամավորից»: Այսինքն՝ կսահմանվի պատգամավորների նվազագույն թիվը, իսկ առավելագույն շեմը կորոշվի օրենքով: Ստացվում է, որ պատգամավորների թիվը կարող է լինել, ասենք, երկու հարյուր կամ ավել: ԱԺ-ի ընտրակարգը պետք է երաշխավորի կայուն մեծամասնության ձեւավորումը: Մասնավորապես նախատեսվում է, որ եթե ԱԺ ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը: Այլ կերպ ասած՝ ընտրություններին մասնակցած կուսակցություններից կամ դաշինքներից մեկը ընտրությունների արդյունքում ԱԺ-ում անպայման պետք է մեծամասնություն ունենա: Աժ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին եւ ծրագրի հիմնադրույթները: ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության առաջարկած թեկնածուն:
ԱԺ-ն իրավունք կունենա ստեղծել «քննիչ հանձնաժողովներ»՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստերը պարզելու նպատակով: Նման հանձնաժողով հնարավոր կլինի ստեղծել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: ԱԺ-ն հնարավորություն կունենա վարչապետին անվստահություն հայտնել պատգամավորների առնվազն մեկ երրորդի կողմից ներկայացված նախագծի հիման վրա, այն ընդունվում է ձայների մեծամասնությամբ` անվանական քվեարկությամբ: Ի դեպ, վարչապետին անվստահություն հայտնելիս` նախաձեռնողները պարտավոր են լինելու միաժամանակ ներկայացնել նաեւ վարչապետի իրենց թեկնածուին: Գործող Սահմանադրությամբ վարչապետի անվստահության հարց հնարավոր է բարձրացնել միայն տարեկան պետական բյուջեի քննարկման ժամանակ, այն էլ զուտ բարձրաձայնելու տարբերակով, քանի որ մեծամասնություն չունեցող քաղաքական ուժն այժմ վարչապետին անվստահություն հայտնելու ոչ մի լծակ գործնականում չի ունենա:
Հանրապետության նախագահի պաշտոնը փաստացի դառնալու է ձեւական, քանի որ օժտված չի լինելու իրական իշխանությամբ: Նախագահն ուղղակի ընտրությունների արդյունքով չի ընտրվելու, ինչպես այժմ է, այլ ընտրվելու է «ընտրիչների ժողովի» կողմից` յոթ տարի ժամկետով: Միեւնույն անձը, որը պարտադիր պետք է լինի 40 տարեկանից ավել եւ անկուսակցական, կարող է հանրապետության նախագահ ընտրվել միայն մեկ անգամ: Ի դեպ, «ընտրիչների ժողովը» կազմված է լինելու ԱԺ պատգամավորներից եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից, որոնց թիվը պետք է հավասար լինի պատգամավորների թվին: Նախագահի թեկնածուներին առաջադրելու իրավունք կունենան «ընտրիչների ժողովի» անդամների առնվազն մեկ հինգերորդը: Կընտրվի այն թեկնածուն, որին կողմ կքվեարկի «ընտիչների ժողովի» անդամների առնվազն երեք հինգերորդը:
Զինված ուժերի բարձրագույն զինվորական կազմին նշանակելու եւ ազատելու է նախագահը` վարչապետի առաջարկությամբ:
Ինչ վերաբերում է Կառավարությանը, ապա այն կազմված է լինելու վարչապետից, «փոխվարչապետներից եւ նախարարներից»: Այսինքն՝ փոխվարչապետները կարող են լինել մի քանիսը: Ի դեպ, նախարարների թիվը առաջարկվում է սահմանափակել 18-ով:
Վարչապետին նշանակելու է նախագահը, բայց Աժ-ում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացմամբ: Այլ կերպ ասած՝ նախագահը լինելու է զուտ հրամանագիր ստորագրող եւ որեւէ կերպ հնարավորություն չի ունենալու ազդելու գործադիր իշխանության գործունեության վրա:
Երեկ ներկայացված նախագծում գործող Սահմանադրությունից պահպանված են միայն առաջին երկու հոդվածները, իսկ մնացածն ամբողջությամբ փոխվել են: Հրապարակված նախագծում ներկայացված են առաջին յոթ գլուխները. գլուխ 1. «Սահմանադրական կարգի հիմունքները», գլուխ 2. «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները», գլուխ 3. «Սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները եւ պետության քաղաքականության հիմնական նպատակները», գլուխ 4. «Ազգային ժողովը», գլուխ 5. «Հանրապետության նախագահը», գլուխ 6. «Կառավարությունը» եւ գլուխ 7. «Դատարանները եւ Բարձրագույն դատական խորհուրդը»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՕՐԱՆԺԸ «ՑՐՈՒՄ» Է
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ տնտեսական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Յուքոմ» եւ «Օրանժ-Արմենիա» ընկերություններն առաջիկայում կարող են միավորվել: Նման գործարքի հնարավորություն մենք փորձել էինք պարզել «Օրանժ-Արմենիա» ընկերությունից, եւ մամուլի հետ կապերի պատասխանատու Գայանե Իգիթյանը խնդրել էր հարցերն ուղղել գրավոր, ինչն էլ մենք արել էինք: Սակայն «Յուքոմ» ընկերության հետ միավորվելու հնարավորության վերաբերյալ հարցին «Օրանժից» այդպես էլ չպատասխանեցին: Մեզ ուղարկված պատասխանում անդրադարձ է արվել միայն մեր երկրորդ հարցին, որը վերաբերում է այն բանին, թե վերջին շրջանում ընկերությունում ինչ կրճատումներ են ընթանում: «Օրանժից» միայն պատասխանել են. «Ներկայիս պահին «Օրանժ-Արմենիա» ընկերության աշխատանքին ուղղակիորեն ներգրավված է շուրջ 500 աշխատակից: Թափուր աշխատատեղերի համալրման գործընթացն ընթանում է սովորականի համաձայն՝ ընկերության կարիքներին համապատասխան. թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում»:

 

ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
Հուլիսի 8-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ էր գումարել, որի ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառելու մեկ տասնյակ որոշումներ էր կայացրել` ընդհանուր 60 միլիոն դրամի չափով: Ի սկզբանե նախագծերով նախատեսված էր 75 միլիոն դրամի տուգանք, բայց քննարկման ընթացքում երեք հարց օրակարգից հանվել էր, եւ տուգանքի ընդհանուր չափն էլ 15 միլիոնով նվազել էր: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀԷՑ-ի մամլո պատասխանատու Նատալիա Սարջանյանից պարզել, թե ինչպես է այդ հարցին վերաբերում ՀԷՑ-ը ու արդյոք բողոքարկելու է որոշումները: «Այս պահին բողոքարկման հետ կապված ոչ մի որոշում չկա»,- «Ժողովուրդ»-ին հայտնեց Սարջանյանը:

 

ԿՆՎԻՐԵՆ ՍԵՐԳՈՅԻՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր՝ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, հողամասը որպես նվիրատվություն ընդունելու մասին հարց է ներկայացնելու: Մասնավորապես նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքին պատկանող հասարակական կառուցապատման հողամասերից 2 հազար 892 քառակուսի մետր մակերեսով եւ 234 հազար 252 դրամ կադաստրային արժեքով հողամաս վերցնել եւ տալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Այդ տարածքում նախատեսվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցել անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենք: Հուսանք՝ նպատակին կծառայի:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ը
«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը երեկ Բաղրամյան պողոտայից բողոքի երթով շարժվել է դեպի իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակ՝ Սերժ Սարգսյանին փոխանցելու իրենց նամակը: «Եթե մինչեւ օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն չընդունի այդ որոշումը՝ հունիսի 17-ի սակագնի թանկացման որոշումը չեղարկելու մասին, մենք կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչեւ պետությունը չհարուցի քրեական գործեր էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ», – ասված է նամակում:

 

ՍՏԵՐԼԻԳՈՎՅԱՆ
LifeNews-ը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Գերման Ստերլիգովի ղարաբաղյան ապրելակերպի մասին: Տեսանյութում նշվում է, որ Շուշիում բնակություն հաստատած գործարարը 2 մլն դրամով գնել է մոտ 130 տարի առաջ կառուցված քարի ալրաղաց: Ստերլիգովը վսհատություն է հայտնել, որ շուտով Շուշին կդառնա Ղարաբաղի «առեւտրային մայրաքաղաքը»: Նրա պլաններում ոչ միայն ալյուրի ու հացի, այլեւ տնային պանիրների, լիմոնադի, ջեմերի արտադրություն կազմակերպելն է:
Թղթակցի ներկայացմամբ` Ստերլիգովին Ղարաբաղում ընդունում են գրկաբաց՝ որպես մտերիմ ընկերոջ, ում հարկավոր է օգնել դժվարին պահին: «Ամեն օր նրան նշանակում են հանդիպումներ չճանաչված հանրապետության ամենաազդեցիկ մարդիկ: Նրան այստեղ ընդունում են ոչ միայն գրկաբաց, այլեւ թանկ նվերներ են մատուցում: Ղարաբաղ տեղափոխվելուց 10 օր անց նա դարձավ ղարաբաղյան զտարյուն ձիերի տեր»,-ասվում է տեսանյութում:
Նշենք, որ Ստերլիգովն այսօր մեկնելու է Մոսկվա` իր իսկ խոսքերով՝ որպեսզի վերջ տա խոսակցություններին, թե թաքնվում է արդարադատությունից, իսկ ընտանիքին թողնում է Ղարաբաղում:
ԻՍԿ ԵԹԵ ԱՌԱՋԱՐԿ ԼԻՆԻ՞
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե ինքը արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար թեկնածուներից մեկն է, «Երկիր Մեդիային» ասել է. «Իրականությանը չի համապատասխանում այս տեղեկատվությունը, առ գոնե այս պահը: Ինչո՞ւ, որովհետեւ ՀՅԴ-ն գործող ԱԺ-ում համարվում է ընդդիմադիր խմբակցություն, եւ նույն օրենքի շրջանակներում, եթե կուսակցության որեւէ անդամ հանդիսանում է Կառավարության անդամ, այդ խմբակցությունը դադարում է լինել ընդդիմադիր: Առ այս պահը մեր կուսակցությունում նման հարց չի քննարկվել, եւ երկրորդ՝ որեւէ նման առաջարկ մենք չենք ստացել»:

 

ՅՈԹ ԵՐԳԵՐԸ
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը, արձագանքելով Իրանի եւ Վեցնյակի պատմական համաձայնությանը, հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Աշխարհի համար բացվող Իրանը մեզ հնարավորություն է տալիս հետխորհրդային տարածքի հետնապահից վերածվելու տարածաշրջանների ու քաղաքակրթությունների կամուրջ-միջնորդի եւ ապահովելու մեր անվտանգությունն ու տնտեսական զարգացումը: Մյուս կողմից՝ այս բացառիկ պատմական պահից կարող ենք օգտվել միայն այն դեպքում, երբ վերականգնենք մեր ժողովրդի իշխանությունը: Ուստի, ողջունելով այս դարակազմիկ գործընթացը, հայաստանյան բոլոր առողջ ուժերին եւ անհատներին հորդորում ենք համախմբվել՝ հնարավորինս շուտ ապազգային ու հանցավոր ռեժիմին հեռացնելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը հաստատելու նպատակի շուրջ»:




Լրահոս