ԻՆՉՈ՞Ւ ՏՈՒՅԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ ՀԵՆՑ ՀԻՄԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի նկատմամբ նախօրեին խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Նա կասկածվում է ապօրինի զենք կրելու համար:

Armlur.am-ի հետ զրույցում Ղազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ հուլիսի 10-ին Արթուր Ղազարյանը Մաշտոցի պողոտայի եւ Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից տարվել էր ոստիկանություն` ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել էին «ВИКИНГ» մոդելի 9 մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ: Դեպքի առթիվ 2015 թվականի հուլիսի 10-ին Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ապօրինի զենք, ռազմամթերք պահելու, փոխադրելու կամ կրելու համար Արթուր Ղազարյանին սպառնում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Այն, որ մեր երկրում ապրող յուրաքանչյուր թաղային հեղինակության ավտոմեքենայում զենք կա, թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Եւ ցանկացած պահի, երբ ոստիկանները որոշում են պատժել այս կամ այն հեղինակությանը կամ օրենքով գողին, նրան պատահաբար բերման են ենթարկում եւ անպայման կա՛մ զենք, կա՛մ թմրանյութ հայտնաբերում նրա մոտից կամ ավտոմեքենայի միջից: Ու քանի որ իրավապահները մեր երկրում անասելի «հումանիստ» են, շատ դեպքերում առաջարկում են «զոհին» ինքնուրույն ընտրել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է ցանկանում դատապարտվել՝ ապօրինի զենք կրելո՞ւ, թե՞ թմրանյութ պահելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Սա ընդհանրապես: Իսկ մասնավորապես «Ժողովուրդ»-ին լուրեր հասան նաեւ այն մասին, որ չճշտված վարկածներից մեկի համաձայն՝ Քանաքեռցի Տույն ու իր թիկնապահներն այդ օրը «զակազ» կատարելու էին գնում, դրա համար Տույն անմիջապես ձերբակալվեց: Այդպես է, թե ոչ, ժամանակը եւ իրավապահների իրականացրած քննությունը ցույց կտան:
Հիմա դառնանք Արթուր Ղազարյանի մեկուսացման փաստին մինչ այժմ ունեցած եւ հրապարակված տեղեկությունները համադրելու եւ իրավիճակը վերլուծելու միջոցով:
Ինչո՞ւ կարող էր ձերբակալվել հենց քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը: Պատասխանը ստանալու համար թերեւս սկսենք այն հարցից, թե ով է Քանաքեռցի Տույը, ո՞ւմ հետ է խնդիրներ ունեցել, ո՞ւմ շրջապատի ներկայացուցիչ է համարվում եւ այլն:
Նախ հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է ամիսներ առաջ սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի, ում փետրվարի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանեցին, մտերիմներից եւ հավատարիմներից մեկը: Ու հենց այդ սպանությունից հետո քրեական աշխարհում ակտիվորեն սկսեցին խոսել այն մասին, որ Երրորդմասցու շրջապատին եւս վտանգ է սպառնում. նրանց կա՛մ «կվերացնեն», կա՛մ կմեկուսացնեն:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը զրահապատ մեքենայով է քաղաքում շրջում՝ հնարավոր վտանգները կանխազգալով: Գրել էինք նաեւ, որ Լեւոն Ղազարյանի սպանությամբ քրեական աշխարհում վերադասավորումներ են տեղի ունենում, եւ իշխանությունների հովանավորությունը վայելող հեղինակությունների տեղը «թափուր է»: Բանն այն է, որ ե՛ւ Լեւոն Ղազարյանը, ե՛ւ Արթուր Ղազարյանը համարվում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալները: Առաջինը սպանվեց, երկրորդը բանտում է, ու թերեւս «համապատասխան» բացատրական աշխատանքներ են տարվում նրա հետ:
Իսկ առջեւում սահմանադրական փոփոխությունների հարցն է, որը, ինչպես ՀՀ-ում յուրաքանչյուր զանգվածային քվեարկություն, տեղի է ունենում թաղային հեղինակություն-բանդիտների անմիջական մասնակցությամբ: ՀՀ իշխանությունները մշտապես ցանկացած ընտրություն կազմակերպում են հենց նրանց միջոցով, ու այս աշխարհում վերադասավորումները հատկապես այս վճռական փուլում շատ կարեւոր են: Իշխանությունները թերեւս մաքրում են քրեական աշխարհը, որպեսզի հասկանան` հանրաքվեի ժամանակ որտեղից կարող են ձայներ ունենալ եւ ում վրա պետք է հույս դնել:
Այնպես որ, քանաքեռցի Տույի ձերբակալությունը, ըստ ամենայնի, տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ: Նրան վնասազերծելով՝ իշխանությունները փորձում են վերադասավորումներ կատարել քրեական աշխարհում եւ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո խախտված բալանսը վերականգնել:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 

 
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. հունիսի 26-ին արդարադատության խորհուրդը որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին:
Եվ այսպես, տեղեկացանք, որ 2015թ. ապրիլի 21-ին ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով դատավոր Ռուբեն Ափինյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Իսկ ինչ սխալ է թույլ տվել Ռուբեն Ափինյանը:
Պարզվում է՝ վերջինիս նախագահությամբ քննվել է «Մարաթուկ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը ընդդեմ «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության: Եվ, ահա, գործի քննության մեջ ՀՀ արդարադատության նախարարը թերություններ է տեսել եւ դիմել արդարադատության խորհուրդ, որպեսզի դատավորի արարքը քննության առնեն: Արդարադատության խորհուրդն էլ, լսելով դատավորի պարզաբանումները` կապված իր կայացրած որոշումների հետ, այնուամենայնիվ, գտել է, որ Ափինյանը թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի, դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, եւ նշված խախտումները, ըստ ՀՀ դատական օրենսգրքի, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Ուստի այս ամենի արդյունքում էլ որոշվել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարել նախազգուշացում:
Նկատենք, որ սա միակ դեպքը չէ, երբ Ռուբեն Ափինյանը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության: Դեռեւս 2012 թվականին արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության էր ենթարկել 22 դատավորների, որոնց մեջ էր նաեւ Ռուբեն Ափինյանը: Խորհուրդը գտել էր, որ դատարանը, կարճելով գործի վարույթը, խախտել է հայցվորների` ՀՀ Սահմանադրությամբ եւ Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարվել էր նախազգուշացում:
Ի դեպ, այսքանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ»-ը 2014 թվականին գրել էր, որ Ռուբեն Ափինյանի՝ դատական նիստի ժամանակ արած արտահայտության համար փաստաբաններից մեկը դիմել է արդարադատության խորհուրդ:
Հիշեցնենք, որ քաղաքացիական գործով դատական նիստի ժամանակ Ափինյանն ասել էր. «Ինչ եք կարծում, օրինակ՝ մի ՓԲԸ կարա աշխատանքային օրենսգրքով աշխատի, հա՞, իսկ մի այլ ՓԲԸ կարող է փաթթած ունենա, հա՞, ու, ընդհանրապես, օրենքից դուրս աշխատի՞, ո՞նց հասկանանք»:
Եվ, ահա, փաստաբանը «փաթթած ունենա» արտահայտության համար է դիմել արդարադատության խորհուրդ՝ կցելով նաեւ ձայնագրությունը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռուբեն Ափինյանը չցանկացավ մեկնաբանել արդարադատության խորհրդի որոշումը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
Ո՞ՒՄ ԱՆՈՒՆՆ Է ՏՎԵԼ
Մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում ծեծի ենթարկված, տուժող Հարություն Զաքարյանը երեկ ներկայացել է քննչական կոմիտե եւ հարցաքննվել: Այս մասին Armlur.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ Հարություն Զաքարյանը մոտ մեկ ամիս է, ինչ Մոկսվայից վերադարձել է: Այնտեղ նա փորձում էր վերականգնել տեսողությունը, որը կորցրել է ծեծի ենթարկվելու հետեւանքով:

 

ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ԵՆ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը երեկ՝ երեկոյան, հաղորդագրություն է տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ով, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել էր, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման: «Հավատարիմ մնալով իր ապակառուցողական դիրքորոշմանը` ադրբեջանական կողմը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` հայկական բնակավայրերի եւ ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք եւ անդառնալի կորուստներով հղի», – ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:

 

ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ
«Ի տարբերություն նախորդ օրերի՝ հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հարավային ուղղությամբ կիրառելով նաեւ 60 մմ ականանետ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների դիմել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության երեկվա հաղորդագրությունում:

 

ՈՍԿՈՒ ԳՈՂԸ
Հուլիսի 14-ին, ժամը 18:05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշից դուրս գալու պահին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 26-ամյա Վարդան Պ.-ին: Ոստիկանության ներկայացմամբ` Վարդան Պ.-ն բացատրություն է տվել, որ հանքախորշ էր գնացել՝ հանքանյութ գողանալու, հետագայում այն մշակելու եւ ոսկի ստանալու նպատակով: Կատարվում է հետաքննություն:

 

ԿԱՊ ՉՈՒՆԻ
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն Armlur.am-ի հետ զրույցում ապատեղեկատվություն է համարել այն լուրերը, թե ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին առնչություն ունի քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանի (Չուգուն) սպանության գործին: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Արթուր Հովհաննիսյանը օրեր առաջ կոնֆլիկտ էր ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու` Արթուր Մանուկյանի հետ: Ի դեպ, վերջինս Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի փեսան է:




Լրահոս