Ինչպես հայտնի է` անսալով Բաղրամյան պողոտան փակած ցուցարարների պահանջին` Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հայտարարեց, որ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ է անցկացվելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առայժմ աուդիտի անցկացման ուղղությամբ տեսանելի առաջընթաց չկա. Կառավարությունում վերջին օրերին միայն փորձում են հստակեցնել այն հարցաշարը, որի միջոցով մրցույթում հաղթող կճանաչվի աուդիտորական ընկերությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը ռազմավարական ընկերություն է, ուստի Կառավարությունը շահագրգռված է, որ այնտեղ ամեն ինչ պատշաճ վերահսկողության ներքո լինի. «Ամենակարեւորը աուդիտ եւ խորհրդատվություն անցկացնող ընկերության ընտրության հարցն է: Իմ նախնական պատկերացումներով՝ պիտի ընտրենք աշխարհի լավագույն 10 ընկերություններից մեկին, խորհրդակցենք հասարակական ակտիվիստների, խորհրդարանական ընդդիմության հետ, որ նրանք այդ ցանկից հնարավորություն ունենան ընտրել, ենթադրենք, 3-4-5 ընկերություն, որից հետո կանենք մրցույթ, կտեսնենք, թե որ ընկերությունը կառաջարկի լավագույն գինը»: Սակայն պարզվում է, այս հայտարարությունից հետո դեռեւս որեւէ հստակ քայլ չի կատարվել աուդիտ իրականացնող ընկերության ընտրության ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենք պատրաստ են վաճառել Հայաստանում իրենց դուստր ձեռնարկությունը, եթե «լավ գին առաջարկող լինի»: Վերջինս հայտարարել էր նաեւ, թե ՀԷՑ-ում աուդիտ իրականացնող ընկերության ընտրության նպատակով անցկացվող մրցույթը կազմակերպելու են ՀՀ Կառավարությունը եւ «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համատեղ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից պարզել, թե ինչ փուլում է գործընթացը: Սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում, հետագայում տեղեկացանք, որ Հարությունյանը երկրից բացակայում է: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Նշենք, որ Զախարյանը օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե դեռեւս որեւէ բան հստակ չէ, պետք է սպասել, տեխնիկական խնդիրները լուծվելու դեպքում միայն կկարողանան բոլոր հարցերին պատասխան տալ: Բայց կարծես թե մոտ առաջիկայում այդ հարցերն այդպես էլ պատասխան չեն ստանալու, քանի որ ոչ ոք դրանցով չի զբաղվում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ