Ո՞վ կերավ տրամվայների փողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներում ուղեւորափոխադրումները կատարվում են հիմնականում էլեկտրատրանսպորտի միջոցով, որն էկոլոգիապես մաքուր է եւ արտանետումներով չի աղտոտում բնությունն ու շրջակա միջավայրը: Իսկ, ահա, երեւանյան կանգառներում մշտապես երթուղայինների կամ ավտոբուսների խցանումներ են, որոնք այնպիսի բույր են տարածում, որ մինչ տրանսպորտ բարձրանալը հնարավոր է անգամ շնչահեղձ լինել:

Հայկական բուսաբանության ընկերության նախագահ Մարինա Օգանեսովայի խոսքերով՝ մեծ քանակությամբ մեքենաները վնասակար են: «Ուշադրություն դարձրեք՝ մեր փողոցները նեղ են, եւ այդ քանակի մեքենաների համար իրենք բոլորովին հարմար չեն: Երկու կողմից կանգնում են մեքենաները, եւ ավելի են նեղանում փողոցները: Սրան գումարած նաեւ բենզինի որակը, դրանից նույնպես կարող է քաղաքի օդն աղտոտվել»,- լրացրեց Օգանեսովան:

Նրա խոսքերով՝ եվրոպական գրեթե բոլոր երկրներում երթուղայինները փոխարինում են տրանսպորտային այլ միջոցներով` տրամվայով, ավտոբուսով, մետրոյի կայարաններն են ավելացնում, որպեսզի օդը քիչ աղտոտվի, եւ փողոցների ծանրաբեռնվածությունը թուլանա: «Բայց այսօր Երեւանում ճիշտ հակառակն է արվում, քանի որ երթուղայինների գծերի տերերը հենց իշխանական օղակներից են եւ դրանց շահագործմամբ մեծ շահույթ են ստանում: Բացի այս, քաղաքակիրթ երկրների մայրաքաղաքներում տրանսպորտն այդքան գերծանրաբեռնված չէ, ինչպես մեզ մոտ: Այստեղ՝ Երեւանում, քառակի անգամ ավելացել է մեքենաների թիվը»,- ներկայացրեց մասնագետը:

«Սիվիլ վոյս» բնապահպանական ընկերության բնապահպան Սիլվա Ադամյանի համոզմամբ՝ Երեւանում մեքենաները շատ են, եւ բացի այս՝ կանգառներն իրար մոտ են ու շատ: «Մեքենաներն անգամ կանգնելիս եւ արագություն հավաքելիս չայրված ածխաջրերի մնացորդներ, ռադիկալներ են անջատվում է, եւ այդ կերպ օդն աղտոտվում է: Մինչդեռ նախկինում նման բան չկար, անգամ երբ քաղաքը մեկ միլիոնից ավելի բնակիչ ուներ, այդ տարիներին շահագործվում էին ե՛ւ մայրաքաղաքային տրամվայները, ե՛ւ տրոլեյբուսները»,- նկատեց տիկին Ադամյանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում ընդգրկված է 79 տրոլեյբուս, որից 63-ն են շահագործվում: Ընկերությունը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի եւ տարիներ շարունակ չի համալրվել նոր տրոլեյբուսներով:

Իսկ ինչ վերաբերում է մետրոյին, ապա խորհրդային տարիներից ժառանգություն ստացած կայարաններն են գործում եւ վերջ. նոր կայարան կառուցելու համար երկրում փող չկա: Տրամվայների «ռելսերն» էլ հանեցին, վաճառեցին՝ փակելով մայրաքաղաքում երբեւէ տրամվայ ունենալու վերջին հույսի դուռը:

Հիշեցնենք՝ Երեւանում տրամվայի գծերը սկսեցին տոտալ քանդել ու վաճառել քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի օրոք: Այժմ Նազարյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է եւ «լույսի գինն» է բարձրացնում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս