Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, 2010թ. օգոստոսի 13-ին 1976 թվականին ծնված Արմեն Հակոբյանին մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, դատապարտեց նրան ազատազրկման վեց տարի ժամկետով: Սա միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, ծագումով ղարաբաղցի Արմեն Հակոբյանի 8-րդ ազատազրկումն էր: Նա դատապարտվել է նախկին, լրամշակված եւ գործող Քրեական օրենսգրքի գրեթե բոլոր հոդվածներով ու կետերով` կողուպուտ, գողություն, խարդախություն, գրեթե բոլոր շրջանների ու մարզերի դատարանների կողմից` Սյունիքից մինչեւ… Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը 2009թ. դեկտեմբերի 28-ի դատավճռով` նրան դատապարտել էր էլի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` ազատազրկման ութ տարի ինը ամիս 25 օր ժամկետով: «Նուբարաշենում» իր վերջին ազատազրկման պատիժը կրելու ընթացում նրա մոտ թարմ գաղափարներ են հղանում. որոշում է «Օդնակլասնիկ» կայքի միջոցով ծանոթանալ զանազան կանանց հետ, նրանց ներկայանալ որպես Մեղրիում բնակվող ֆրանսահայ գործարար եւ խոստանալ ամուսնանալ: Այս խոստումները տրվում են ոչ միայն կայքով, այլեւ բջջային հեռախոսի ամեն կնոջ համար նախատեսված համարներով` 094006320, 077771244, 098771244: Հիմնական սցենարը. պատրվակով, որ Մեղրիում «Ղ-տելեկոմի» լիցքավորման քարտեր չեն վաճառվում, խնդրում է լիցքավորել իր հեռախոսները կամ տարբեր մարդկանց միջոցով իրեն կանխիկ փող, ոսկյա զարդեր ու կենցաղային իրեր փոխանցել: Մի քանի անգամ սա կատարվել է «Նինվե» տաքսի ծառայության վարորդ Ռոման Դավթյանի միջոցով: Արմեն Հակոբյանը Լիլիթ Ղազարյանից` 240.000, Կարինե Ղազարյանից` ոսկյա ականջօղեր, խաչով ոսկյա շղթա եւ 45.000 դրամ, Գայանե Պողոսյանից` 31.000, Ալվինա Մնացականյանից` 65.000, Մարիամ Մնացականյանից` 296.500 դրամ եւ բջջային հեռախոս. Մարինե Հայրապետյանից` 32.000, Անուշ Վարդանյանից` 50.000 դրամ է ստացել: Ամենաշատը տուժած Լիլիթ Ղազարյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքով Արմենին մոր` Ռուզաննա Ղազարյանի միջոցով փոխանցել է 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար ոմն Գրիշայի միջոցով, ապա որոշ ժամանակ անց կրկին Ա.Հակոբյանի խնդրանքով` 42.000 դրամ, իսկ 2009թ. դեկտեմբերի 14-ին 84.000: Վերջին անգամ Արմենը նրան զանգահարել է 094 006320 հեռախոսահամարով, հարցրել, թե որքան է պարտք ու անհետացել:Իսկ Կարինե Ղազարյանը 2009թ. դեկտեմբերի 13-ին «Օդնակլասնիկի» կայքով Արմենի հետ ծանոթանալուց չորս օր հետո, նրա կողմից ուղարկված Ռոման Դավթյանին Հանրապետության հրապարակում հանձնել է իր ոսկյա զարդերը եւ 42.000 դրամով լիցքավորել հեռախոսը: Միայն տուժող Լիլիթ Ղազարյանին է խաբել այլ սցենարով. 2009թ. դեկտեմբերի 9-ին Արմենը զանգահարել է նրան եւ սփյուռքահայի բարբառով խոսելով` նշել, որ մաքսատան հետ կապված խնդիրներ ունի: Ապա խնդրել է օգնել 20.000 դրամով` պատճառաբանելով, որ իր ապրանքները բաց չեն թողնում մաքսատնից` այդ գումարի մուծված չլինելու պատճառով: Գումարը փոխանցվել է «Կենտրոն» թաղապետարանի մոտ, ոմն Գրիշայի միջոցով:Արմեն Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՇՈՒՐԱ, ՄԻԱՅՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ