Լոռու մարզպետի որդին դեպքի պահին անտառի խորքում կարիքներն էր հոգում. ինչո՞ւ երիտասարդների խնջույքն ավարտվեց կրակոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզպետների եւ նրանց որդիների մասնակցությամբ կրիմինալ պատմությունները չեն դադարում: Շուրջ երկու ամիս է, ինչ ՀՀ քննչական կոմիտեն քննում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործը, հիմա էլ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին` Լեւոն Նալբանդյանն է հայտնվել քրեական պատմության կենտրոնում:

Եվ այսպես՝ 2015 թվականի հուլիսի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին` Լեւոն Նալբանդյանը: Իսկ ո՞վ է եղել նրան կրակողը: Դեպքից երկու ժամ անց ոստիկանության Լոռու բաժին ինքնակամ ներկայացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Երիցյանը եւ պատմել ողջ եղելությունը: Ըստ Կարենի` ինքն է անզգուշությամբ ինքնաձիգով կրակել Լեւոն Նալբանդյանի վրա: Ավելին՝ վերջինս իրավապահներին ներկայացրել է АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ:

«Ժողովուրդ»-ին կատարվածի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես` դեպքի օրը մարզպետի որդին եւ նրան կրակած Կարենը բնության գրկում կազմակերպված խնջույքի են մասնակցել, որի ընթացքում տղաները մի լավ գինովցել են, ինչից հետո էլ հնչել են կրակոցները: Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետի որդին գնացել է անտառի խորքում՝ կարիքները հոգալու, իսկ Կարենը այդ նույն պահին միգուցե ցանկացել է որսորդությամբ զբաղվել կամ իր առավելությունը ցույց տալ խնջույքին հրավիրվածների ներկայությամբ եւ կրակել է Լոռու մարզպետի որդու` Լեւոն Նալբանդյանի ուղղությամբ:

Անզգուշությամբ է Կարենը այդ քայլը իրականացրել, թե միտումնավոր, ցույց կտա ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քննությունը: Սակայն այս պատմության հետ կապված տեղին է հիշեցնել, որ երբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել, մարզետը հայտարարել էր, թե իր որդին կռիվ չի արել եւ ավելին՝ դեպքի օրը եղել է Երեւանում: Սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ տեղի ունեցած միջադեպի գլխավոր դերակատարներից մեկը հենց Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանն է: Եվ հիմա այս դեպքում էլ չի բացառվում, որ Լոռու մարզպետի որդու դեմ ուղղված կրակոցների գործով եւս առաջիկայում աղմկալի բացահայտումներ լինեն:

Ինչեւէ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի հրազեն պահելու եւ կրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ մարզպետի որդուն վիրահատել են, եւ նա այս օրերին գտնվում է «Էրեբունի» բշկական կենտրոնում:

Լոռու մարզպետի կրիմինալ անցյալը

Որդու հետ կատարված այս դեպքը առիթ դարձավ, որ վերհիշենք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անցյալը: Ուշագրավ է, որ «աղմկալի» պատմություններին ունեցած մասնակցությամբ նա իր դիրքերով չի զիջում Սյունիքի մարզպետին: Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը դեռեւս 2012 թվականի օգոստոսի 23-ին գրել էր, որ իշխանական վերնախավում քիչ չեն կասկածելի կենսագրություն ունեցողները, ընդհուպ մինչեւ զանազան արարքների համար դատապարտվածները:

Ընդ որում, նրանք երբեմն այնպիսի հոդվածներով են դատապարտվում, որ զարմանալի է, թե դրանից հետո ինչպես են հայտնվում պետական պաշտոններում: Եվ, ահա, այդ անձանցից մեկը Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանն է, որի դեմ կայացված դատավճիռը հայտնվել էր մեր ձեռքի տակ: Ըստ այդ փաստաթղթի` 2000 թվականին Արթուր Նալբանդյանը ձերբակալվել էր, սակայն ավելի ուշ առողջության վատթարացման հետեւանքով նրա խափանման միջոցը փոխվել էր ստորագրությամբ չհեռանալու մասին: Նշենք, որ Նալբանդյանին ձերբակալել էին, ոչ ավել, ոչ պակաս, խուլիգանության համար:

Իսկ ինչ էր տեղի ունեցել

Պարզվել էր, որ 2000թ. քաղաքացի Մղդսյանն իր եւ Գագիկ Շահվերդյանի միջեւ պարտքի պատճառով դիմել էր Վանաձորում հանցավոր աշխարհում հեղինակություններ համարվող Գագիկ եւ Արմեն Կիլինկարովներին: Եղբայրները, լսելով երկու կողմերի բացատրությունները եւ տեսնելով բերված փաստաթղթերը, կտրականապես չընդունելով, որ Շահվերդյանն արդեն իսկ վերականգնել էր նշված գումարի իր հասանելիք մասը, պարտավորեցրել էին նրան, որ վերջինս բերի եւս 100 հազար դրամ եւ տա անձամբ իրենց: Կիլինկարովները զգուշացրել էին Շահվերդյանին, որ եթե նշված գումարը մի քանի օրվա ընթացքում իրենց չտա, ապա գումարի չափը իրենք կմեծացնեն: Վախեցած Շահվերդյանը նրանցից խնդրել էր մի քանի օր՝ փող հայթայթելու համար:

Դրանից հետո Գ. Շահվերդյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ հետագա անախորժություններից խուսափելու համար 2000-ի դեկտեմբերի 24-ին դիմել էր իր բարեկամ Կամո Շահվերդյանին եւ նրանից խնդրել միջամտել, որ Կիլինկարովներն իրեն չանհանգստացնեն: Մի քանի օր հետո ամանորի կապակցությամբ գնումներ կատարելու նպատակով Կամո Շահվերդյանը Արթուր Նալբանդյանի հետ գնացել էր շուկա եւ պատահական հանդիպելով Գագիկ Կիլինկարովին՝ հարձակվել նրա վրա, պահանջել հանգիստ թողնել մսավաճառ Գագիկին: Ավելի ուշ վերջիններս զրույցը շարունակելու նպատակով գնացել էին Ալավերդու Հայպեչ թաղամաս: Այդտեղ Կամո Շահվերդյանը եւ Արթուր Նալբանդյանը հայհոյել էին Կիլինկարովին, իսկ Նալբանդյանը բռունցքով մի քանի հարված էր հասցրել նրա դեմքին` պատճառելով առողջությանը կարճատեւ քայքայող թեթեւ մարմնական վնասվածք: Արդյունքում փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ էին առաջադրվել Աշոտ Շաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի 2-րդ մասով եւ 106 հոդվածի 1-ին մասով, Արթուր Նալբանդյանին եւ Կամո Շահվերդյանին՝ ՀՀ քր. օր.-ի 222 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:

Առաջադրված մեղադրանքների համար ամբաստանյալներ Շաքարյանը, Նալբանդյանը եւ Շահվերդյանն իրենց լիովին մեղավոր էին ճանաչել եւ տվել ինքնախոստովանական ցուցմունքներ: Արդյունքում դատարանն Աշոտ Շաքարյանին դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման, Արթուր Նալբանդյանին՝ 100 հազար դրամ տուգանքի, Կամո Շահվերդյանին՝ 30 հազար դրամ տուգանքի: Ընդ որում, Արթուր Նալբանդյանի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի էր առնվել այն, որ նա տառապել է սրտի, թոքի, երիկամների անբավարարությամբ: Դատարանի վճիռը չէր բողոքարկվել, եւ այն մտել էր օրինական ուժի մեջ:

Հավելելնք, որ այդ ընթացքում Արթուր Նալբանդյանը գրավոր կարգով դիմել էր դատարան խնդրանքով՝ վերանայել նշված դատավճիռը եւ համապատասխանեցնել ՀՀ քր. օր.-ի փոփոխմանը եւ լրացումներ կատարելու մասին օրենքին: Դատարանն ընդամենը վերաորակավորել էր նրա արարքներն ու որպես պատիժ նշանակել տուգանք` 30 հազար դրամի չափով:

Քնար Մանուկյան




Լրահոս