Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, այցելել է ՀՀ ազգային անվանգության ծառայություն եւ հանդիպել իր որդու հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Էմիլ Բուդաղյանը: «Որդուս տեսել եմ, ամեն ինչ կարգին է, նորմալ վիճակում էր: Նա ինձ ասաց, որ այս գործի հետ որեւէ առնչություն չունի, ես էլ եմ վստահ, որ նա այս ամենի հետ կապ չունի: Հիմա պատրաստվում եմ գալ Երեւան՝ որդուս պաշտպան Հայկ Ալումյանի հետ հանդիպելու նպատակով, որպեսզի պարզեմ, թե ինչ կա այս գործով, եւ ինչ ենք անելու՝ նրա կալանքի հարցը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու համար»,- հավելեց Բուդաղյանը:
Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժել է Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին: Հայկ Ալումյանը հայտնել է, որ որոշումը կբողոքարկվի նաև Վճռաբեկ դատարանում:
Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը կալանավորվել է հուլիսի 5-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձին դրդելը: