ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՎ ՋՀԱՆԴԱՄՎՈՒՄ…»
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն իր անվստահությունն է  հայտնել «Գելափ»-ի վերջին հարցումների տվյալների կապակցությամբ:  ««Գելափ»-ին վստահում եմ ճիշտ այնպես, ինչպես վստահում եմ ցանկացած սուտիբեկյանի: ՀՀ-ն մի երկիր է, որտեղ միջազգային ոչ մի օրենք չի աշխատում: Այս կազմակերպությունները գալիս են իրենց կարծիքով մի վայրենի երկիր, որտեղ տարբեր անվան տակ կատարում են ամեն տեսակի հանցագործություններ: Դրանց մի ճուտն էլ այդ գելափ-մելափներն են: Գալիս են խոպան, ստանում իրենց գումարները եւ ջհանդամվում իրենց ժողովրդավարական երկրներ»:

ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները վնասազերծել եւ բերման են ենթարկել անհատ ձեռներեց Յուրա Առաքելյանին` նրա մոտից առգրավելով «Ոլտրան» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը: NEWS.am-ի տեղեկացմամբ`  Առաքելյանը Կոմիտասի շուկայի հարեւանությամբ գտնվող անշարժ գույքի գործակալություններից մեկում զենքով սպառնացել է գործակալության աշխատակիցներին: Նա ատրճանակն ուղղել է Իրանի քաղաքացի 29-ամյա Արմեն Բաղդասարյանի վրա: Կայքի  տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել աղջկա պատճառով, քանի որ երկուսն էլ նույն աղջկան են սիրում։

ԾԵԾԿՌՏՈՒՔ
ՀՀ ֆինանսների նախարարությունում երեկ լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել երկու աշխատակիցների միջեւ: Բանը հասել է նրան, որ միջամտել են նախարարն ու փոխնախարարները: Ավելի ուշ նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ փորձելով իրավիճակը մեղմացված ներկայացնել: «Նախարարությունում ընդամենը տեղի է ունեցել վիճաբանություն երկու աշխատակիցների միջեւ, որոնցից մեկը՝ Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանը, նախկինում նման վիճաբանություն հրահրելու համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական տույժի: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի քննարկմանը, որպեսզի վերջինս տա իր համաձայնությունը՝ «ՀՀ քաղծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն՝ Արմեն Բադալյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԹԱՆԿ ԵՐԿԱԹՈՒՂԻ
2008-2012թթ. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կատարված ֆինանսական ներդրումների ծավալը կազմել է շուրջ 90 մլրդ դրամ: Երեկ այդ մասին հայտնել է  ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` նշելով, որ չորս տարվա ընթացքում ՀԿԵ-ի կողմից կատարված բեռնափոխադրումների ծավալն աճել է 18.4%-ով: Սակայն 2012-ին բեռնափոխադրումների ծավալն ավելի ցածր է եղել, քան նախորդ տարի: Անդրադառնալով Վանաձոր-Ֆիոլետովո 37.8 կմ երկարությամբ երկաթուղային ճյուղի կառուցմանը` ՀԿԵ տնօրենը նշել է, որ դրա կառուցման համար կարող է պահանջվել 200-250 մլն դոլար:




Լրահոս