Օրեր առաջ քաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիական ակտիվիստների լուսանկարներ տարածվեցին, որոնց վրա հայհոյախառն արտահայտություններ էին գրված: Ակտիվիստները բողոքի ցույց կազմակերպեցին` տարածելով քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարները: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ դա կարող է քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից կազմակերպված լինել: Սակայն, նրանք իրավապահներին չեն դիմի, քանի որ վստահություն չկա նրանց նկատմամբ:
Armlur.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը նշեց, որ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հայհոյանքներով լուսանկարների հրապարակումը, ըստ էության, վիրավորանք է նրանց նկատմամբ, որի դեպքում Քաղաքացիական օրենսգիրքն անձին հնարավորություն է տալիս դիմել դատարան:
«Քաղաքացիական օրենսգիրքը նաև նախատեսում է, որ եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով: Այլ է հարցը, եթե շենքերը կամ այլ կառույցները պղծվեն անպարկեշտ այնպիսի գրագրություններով կամ պատկերներով, որոնք առերևույթ կպարունակեն քրեական իրավախախտման՝ վանդալիզմի հատկանիշներ. այդ դեպքում արդեն իրավապահ մարմինները պետք է քննություն նախաձեռնեն՝ հանցագործության հատկանիշների առկայությունը և դրա հնարավոր կատարողին պարզելու համար»,- ներկայացրեց Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով` Օմբուդսմենը կարող է միջամտել, եթե մարդու իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից, սակայն տվյալ դեպքի հետ կապված այդպիսի փաստի կամ գանգատի վերաբերյալ տեղեկատվություն իրենք չունեն: