ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում քննարկվեցին «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում ներկայացված հայտերը։
Մրցութային հանձնաժողովի անդամ, առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ողջունում և կարևորում է ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարին ուղղված անվանակարգի սահմանումը։ Տիկին Ավագյանը նկատում է, որ այս ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքը կարող ենք տեսնել 1-2 տարի անց։ Ընդ որում, որոշակի դրական տեղաշարժ արդեն իսկ կա. եթե 2012թ. աղջիկ-տղա հարաբերակցությունը 100-115 էր, ապա այժմ այդ թիվը դարձել է 100-112։ Նա նաև նշում է, որ նման ծրագրերը, հանրային ակցիաները կարող են փոխել մարդկանց վերաբերմունքը։ Հանձնաժողովի անդամն ընդգծում է, որ սեռով պայմանավորված աբորտները 3 հիմնական պատճառով են առաջացել՝ նախ, երբ մարդիկ փոքր թվով երեխաներ են ունենում, այդ դեպքում ուզում են՝ երեխաները լինեն տարբեր սեռերի կամ անպայման՝ տղա։ Երկրորդ պատճառը՝ մեր ընտանիքներում ի վերուստ տղա երեխայի նկատմամբ նախապատվությունն է, և երրորդ պատճառը տեխնոլոգիաներն են (էխոսկոպիա և այլն)։ Գայանե Ավագյանը նշում է, որ այս խնդիրը լուծելու համար հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Առողջապահության նախարարությունը պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման ազգային ծրագիր և ռամավարություն է իրականացնելու ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ՝ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։
Պտղի սեռով պայմանավորված աբորտների հիմնականում դիմում են Չինաստանում, Հնդկաստանում, Վիետնամում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, և բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է տղա երեխային։
Նշենք, որ առաջիկա օրերին կհայտարարվեն ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային հերթական մրցույթի հաղթող ՀԿ-ների անունները։