ՆՈՐ ՏԱՐԻՆ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քիչ զարմանալի է, բայց փաստ, որ կան արտիստներ, որոնք հստակ որոշել են Նոր տարին դիմավորել տանը: Ահա նրանցից երեքը, որոնք 2013 թվական մուտք կգործեն իրենց ընտանիքի հետ միասին, այլ ոչ թե որեւէ ռեստորանում` զվարճացնելով հյուրերին:

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ
-Նոր տարին նշելու ենք տանը` ընտանեկան միջավայրում: Արդեն զարդարել ենք տոնածառը եւ ուրախ տրամադրությամբ սպասում ենք Նոր տարվան: Ամենաբարձրը Հենրիի տրամադրությունն է: Անհամբերությամբ սպասում է ամանորյա հեքիաթին ու Ձմեռ պապին: Մենք էլ ամեն ինչ անում ենք, որ նրա ցանկություններն իրականանան:
-Ամանորի գիշերը չե՞ք աշխատելու:
-Նախկինում եղել են տարիներ, երբ Ամանորի գիշերն աշխատել եմ, բայց Նոր տարին այն տոներից է, որը պետք է ընտանիքի հետ դիմավորել: Եթե առաջարկ լինի, գուցե մտածեմ ընդունելու մասին, սակայն կհամատեղեմ Ամանորն ընտանիքի հետ դիմավորելն ու աշխատելը:
-Ի՞նչ է խնդրել Հենրին Ձմեռ պապիկից:
-Նամակն արդեն գրել ու մեր միջոցով փոխանցել է, սահնակ է ցանկացել: Որդուս ցանկությունն անպայման կկատարվի:
-Մտածե՞լ եք՝ տոնական սեղանին ինչ ուտեստներ եք դնելու:
-Շատ բաներ ինքս եմ պատրաստելու, փորձում եմ տարատեսակ ուտելիքներ դնել սեղանին, որ ավանդական բաներ չլինեն: Դեռ մի քանի օր կա տոնական մենյուն կազմելու համար:

ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆ
-Այս պահին հստակ առաջարկներ չունեմ, ու լավ կլինի՝ մինչեւ վերջին օրն էլ չունենամ, որ գնամ իմ ծննդավայր` Չարենցավան, որտեղ ապրում են ծնողներս, հարազատներս: Եթե լավ հրավեր չունենամ, մնալու եմ հանրապետությունում ու Նոր տարին նշեմ ծնողներիս տանը:
-Սովորաբար ինչպե՞ս եք նշում:
-Տարիներ են եղել, որ այստեղ չեմ եղել, մի երկու տարի Ռուսաստանում եմ եղել՝ մի տարի աշխատանքով, մյուս տարի ընտանիքս էլ հետս էր, անցած տարի Դուբայում եմ եղել կրկին աշխատանքի բերումով, բայց ընտանիքս հետս էր: Ստացվում է էնպես, որ տոն օրերին չեմ կարողանում տանը նստել, նույնիսկ եթե Չարենցավան ենք գնում, հունվարի 3-ին հետ ենք գալիս, արդեն ընկերներով, կոլեգաներով ենք հավաքվում:
-Տան առեւտրին, գնումներին մասնակցո՞ւմ եք:
-Չէ՛, չեմ մասնակցում, ինձնից հասնում է գումար տալը: Բայց համով ճաշատեսակներ կարողանում եմ պատրաստել: Նոր տարվա մեր սեղանին ամեն ինչ էլ լինում է: Շաբլոն բաները պարտադիր կլինեն` բուդ, հնդուհավ, բայց այդ օրերին ես ավելի գերադասում եմ թարմ բաներ պատրաստել, օրինակ` թարմ ձուկ: Էդ օրերին մարդիկ էնքան են չոր բաներ ուտում, որ ջրիկ ապուրի կարիք ունեն: Լավ կլինի՝ սպաս սարքեք, բոլոր հյուրերը շատ են սիրում:
-Որքա՞ն գումար եք նախատեսել Նոր տարվա սեղանի համար:
-Ես կյանքում ոչ մի բան հաշվարկով չեմ անում, մինչեւ այսօր էլ չգիտեմ՝ ինչքան ենք ծախսում:
-Ձեր երեխաներն ի՞նչ նվեր են խնդրել:
-Էրեխեքս մեկը 10, մյուսը 12 տարեկան են, չգիտեմ՝ ինչքան են հավատում Ձմեռ պապիկին: Իսկ թե ինչ են ուզել, այդ հարցը թողնում եմ իրանց մամայի վրա: Դե հետո մենակ իրենք չեն, լիքը էրեխեք կան, որ նվերներ ստանում են մեզնից:
-Ի՞նչ կմաղթեք:
-Մաղթում եմ` շատ չուտեն, չհիվանդանան (ծիծաղում է-Ե. Ռ.), ցանկանում եմ իմ հայ ժողովրդին խաղաղություն, ջերմություն, երջանկություն, առողջություն:

ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԱՍՈ)
-Մեր Նոր տարին շատ անկանխատեսելի է, մենք էլ չգիտենք՝ որտեղ ենք այն նշելու, որովհետեւ մի քիչ ավելի աշխատանքային ենք նայում, լավ առաջարկը մերժել սխալ կլինի: Ընտանիքիս հետ հատուկ մի տեղ չեմ նշելու՝ չնայած աշխատում եմ 00:00-ին տանը լինել: Միայն մի անգամ է եղել, որ այդ ժամին տանը չեմ եղել:
-Գնումներ սկսե՞լ եք անել:
-Դեռ շուտ է, մի օրում կանենք: Ես ու կինս միասին ենք անում այդ ամենը:
-Հատուկ գումար նախատեսե՞լ եք:
-Ճիշտն ասած, ես գներին այդքան էլ ծանոթ չեմ, դրա համար էլ նախատեսած ոչ մի բան չկա: Կնայենք մեր հարմարությանը: Շատ ճոխ բաներ չենք անում, ամեն ինչ համեստ:
-Դուք երկու դուստր ունեք, ի՞նչ են խնդրել նրանք Ձմեռ պապիկից:
-Օրեր առաջ փոքր աղջիկս մեքենայի մեջ ասաց` պա՛պ, ես ոչ մի բան չեմ ուզելու Ձմեռ պապիկից, թող ինքն իրա սրտով նվիրի: Բայց դե ես գիտեմ, որ Ձմեռ պապիկն իրենց շորեր ու խաղալիքներ է բերելու:
-Դուք ի՞նչ նվեր կուզեիք ստանալ:
-Մի դիպլոմատ փող, դրանից ավելի չեմ ուզում (ծիծաղում է-Ե. Ռ.):

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս