Ես կառչած չեմ իմ տեղից. մանդատ չունենալը խնդիր չէ. Գրիգորի Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս հրապարակված սահմանադրական բարեփոխումների նախագծին, ասաց, որ իր համար այդ փաստաթղթում շատ անհասկանալի բաներ կան:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե եթե հենց վաղը տեղի ունենար սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ինչպես կքվեարկեիք, պատգամավորն ասաց, թե առայժմ որեւէ պատասխան չունի:

-Պարո՛ն Մարգարյան, սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսված է անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Դուք լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր՝ ինչպե՞ս եք վերաբերվում այդ փոփոխությանը:

-Եթե գլոբալ նայենք խնդրին, ապա մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերը ունեն ե՛ւ իրենց թերությունները, ե՛ւ առավելությունները, հիմա ես չեմ ցանկանում դրանց մասին խոսել: Համենայնդեպս, համամասնական ընտրակարգի գլխավոր թերությունն այն է, որ կապն ընտրողների եւ պատգամավորների միջեւ թուլանում ու կորում է: Ես լինելով 3 անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, իհարկե, կողմնակից եմ, որ նաեւ լինի մեծամասնական ընտրակարգ, ինչպես հիմա է: Ամեն դեպքում ես կողմնակից չեմ, որպեսզի լինի կա՛մ համամասնական, կա՛մ մեծամասնական ընտրակարգ: Վերջապես եկեք նայենք մեր տարածաշրջանը, մեր երկիրը 70 տարի սովետական միության մեջ ապրած պետություն է, այսինքն՝ ժողովրդի մտածելակերպը, մենթալիտետը գրեթե նույնն է, ու ինձ թվում է, որ նման բաները փոխելիս պետք է տեսնել, թե տարածաշրջանում ինչ է կատարվում: Ես կարող եմ Ռուսաստանի օրինակը բերել, որ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք հրաժարվեցին մեծամասնական ընտրակարգից ու անցան միայն համամասնականին, բայց փաստորեն հիմա նորից են հրաժարվել համամասնականից: Ես չեմ որոշում՝ որն է ճիշտը, որը ոչ, բայց ես, լինելով մեծամասնական պատգամավոր, գտնում եմ, որ իմ ընտրողի հետ իմ կապը չեմ կորցրել ու չեմ կորցնի: Բայց ասեմ Ձեզ, որ ես կառչած չեմ իմ տեղից ու պատկերացնում եմ իմ կյանքը շատ հանգիստ, եթե մանդատ չունենամ, պատգամավոր լինել-չլինելու հետ կապված ես խնդիր չունեմ:

-Այսինքն՝ կարելի՞ է արձանագրել, որ Դուք դեմ եք, որպեսզի հաստատվի 100 տոկոս համամասնական ընտրակարգը:

-Այո՛, այո՛, որովհետեւ ինքն ունի իր թերությունները, բայց ես չեմ որոշողը, դա կորոշի ժողովուրդը, ինքը կհասկանա, թե ինչի համար է ասում այո, ինչի համար՝ ոչ:

-Ոչ վաղ անցյալում, երբ Դուք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր էիք, ԲՀԿ-ն հայտարարում էր, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն ամենաճիշտ տարբերակն է, այդ ժամանակ ինչո՞ւ չէիք բարձրաձայնում Ձեր մտահագությունը, արդյո՞ք ընդդիմացել եք խմբակցությունում:

-Քանի որ ես կուսակցության անդամ չեմ եղել, իսկ նման տեսակետները կուսակցության ժողովների ժամանակ են քննարկվում, ուստի ես իմ տեսակետը չեմ ներկայացրել: Եթե բոլոր կուսակցությունների քարոզչական տեսակետին ծանոթանաք, կհասկանաք, որ բոլորն էլ մշտապես հայտարարել են, որ ճիշտ է 100 տոկոս համամասնական ընտրակարգը, բայց ես այդ առումով որեւէ բան չեմ կարող ասել, դա իրենց տեսակետն է:

-Իսկ այս ժամանակահատվածում ուսումնասիրել եք սահմանադրական բարեփոխումների նախագծի` ներկայացված 1-7 գլուխները, ինչ կարծիք ունեք առաջարկվող փոփոխությունների մասին, որքանո՞վ են դրանք այսօր անհրաժեշտ մեր երկրին եւ ժողովրդին:

-Խորապես շատ չեմ ուսումնասիրել, հիմնականում ուսումնասիրել եմ ընտրական մասը, ճիշտն ասած, նոր փոփոխություններով մեր ընտրական սիստեմը նմանեցնում եմ Լեհաստանին: Գտնում եմ, որ այդ առումով նորմալ սիտեմ է, ու մի քանի տասնյակ եվրոպական երկրներ Դոնթի ֆորմուլայով են առաջնորդվում: Բայց մի բան կա, որը ինձ համար պարզ չի, դա այն է, որ մեր ընտրությունները լինելու են երկու փուլով: Առաջին փուլում 101 պատգամավոր է ընտրվելու, ու արդեն երկրորդ փուլում 180-ի կարող է հասնել, եթե չեմ սխալվում հաշվարկներում: Ես ինչքան նայել եմ տարբեր երկրների ընտրական օրենքները, նմանատիպ բան չեմ կարողացել գտնել, համենայնդեպս, ամեն երկիր ստույգ իր թիվն ունի, թե քանի պատգամավոր է այդ երկրում լինում: Հիմա, ճիշտն ասած, ես նոր փոփոխությունում չկարողացա գտնել, թե երկրորդ փուլում ինչպես է լինելու: Դա ինձ համար պարզ չի, բայց  հույս ունեմ, որ հետագայում ավելի կպարզեցվի եւ հասկանալի կդառնա, թե, օրինակ, ինչպես է լինելու ռեյտինգային պատգամավորը:

-Եթե  սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն լիներ հենց վաղը, Դուք այո՞, թե՞ ոչ կասեիք:

-Ես էլի եմ կրկնում՝ դեռեւս բաներ կան, որ ինձ համար պարզ չեն, կարծում եմ՝ փոփոխություններն այնպիսին կլինեն, որ ես կասեմ այո, ինձ այդպես է թվում: Բայց կրկնում եմ՝ մինչեւ այս պահը ինչը ես ուսումնասիրել եմ, դա դեռ բավարար չէ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս