Սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ մամուլի խոսնակը դեպքը լուրջ չի համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, երեկ ՀՀ ՊՆ  զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 23-ամյա Բորիս Կիրակոսյանը խրամատում աշխատելու պահին հակառակորդի կրակոցի անդրադարձից բեկորային վնասվածք է ստացել: Բեկորները ներթափանցել են նրա մեջքի և ոտքի հատված:

Զինծառայողին շտապ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել զինվորական հոսպիտալում, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը բավարար է: Տեղեկացնենք նաև, որ զինծառայողը զոհված ազատամարտիկ Վարդան Կիրակոսյանի որդին է:

Կատարվածի շուրջ Armlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարությունից: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում կարճ պատասխանեց. «Եթե դեպքը լուրջ չէ, մենք չենք մեկնաբանում»:

Վերջում հիշեցնենք, որ ինչպես ՊՆ մամուլի ծառայությունն է հայտնում, հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ,  ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետևանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը և իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների:




Լրահոս