ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որդուս երրորդ երեխան ծնվել է նոյեմբերի 3-ին. ընդամենը օրեր անց, ինչպես տեղեկացանք, օրենքի ուժ ստացավ այն նախաձեռնությունը, որ երրորդ երեխան ունենալու դեպքում պետության կողմից հատկացվելու է մեկ միլիոն դրամ: Ուզում եմ իմանալ՝ մեր փոքրիկին ե՞ւս կհատկացվի: Հարսս չի աշխատում, երեխային հասանելիք որեւէ գումար դեռեւս չի ստացել. ե՞րբ կտրվեն նախատեսված պետական գումարները:

Անուշ Դադայան (49 տարեկան, մանկավարժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «2012 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու մասին»  N 1861-Ն որոշման՝ երեխայի ծննդյան միանվագ նպաuտի չափը սահմանված է 50 000 դրամ, իuկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպեu նաեւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար՝ 430 000 դրամ:
Համաձայն ՀՀ կառավարության 2012թ. հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N740-Ն որոշման՝ 2014-2015թթ. նախատեսվում է 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը` 50 հզ. դրամ, երրորդ եւ չորրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը սահմանել 1 մլն դրամ, իսկ հինգ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում` 1,5 մլն դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական աջակցության
վարչության պետ Ա. Մինասյան  

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր պատասխանատու պետական մարմիններից շատերը կարծես խոսքները մեկ են արել ու հարցերին պատասխանում են այնպես, որ մի լրացուցիչ հարց ու պատասխանի կարիք էլ լինի: Ամենազավեշտալին այն դեպքերում է, երբ հարցն ուղղակի «այո» կամ «ոչ» պատասխան է պահանջում (ինչպես եւ այս դեպքում), այնինչ դրանք այդպես էլ մնում են օդից կախված: Երեւի զուր չէ հիշեցնել մեր պատասխանատուներին, որ հարցերը հենց նրա համար են, որ ուղիղ պատասխաններ տրվեն:




Լրահոս