Սոնա Շահգելդյանը` բիզնեսմեն ամուսին ունենալու, պահանջկոտ լինելու և ամուսնու խանդի մասին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը վաղուց էր տեղեկացրել, որ ընտրյալ ունի եւ պատրաստվում է իր կյանքը կապել նրա հետ: Վերջերս նա անսպասելի կերպով հայտարարեց, որ ամուսնացել է` օրինականացնելով հարաբերությունները սիրելիի հետ: «Ժողովուրդ»-ը Սոնայի հետ զրուցել է նրա կյանքի նոր փուլի եւ ստեղծագործական նորությունների մասին:

-Սոնա՛, արդեն ամառը կիսվել է, բայց Դուք շարունակում եք աշխատել, առաջիկայում Ձեզանից նոր երգեր սպասե՞նք:

-Դրանցից արդեն տեղադրել եմ համացանցում, առաջիկայում էլի կմատուցեմ նոր երգեր, բացի այդ` նոր տեսահոլովակ եմ նկարահանելու, որը կթողարկվի սեպտեմբերին, իսկ մինչ այդ` օգոստոսին, ինձ կնվիրեմ ամառային հանգստին:

-Վերջերս նույնիսկ գեղարվեստական ֆիլմում փորձեցիք Ձեր ուժերը: Եթե էլի ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունենաք, կընդունե՞ք:

-Նոր առաջարկներ արդեն ստացել եմ, դեռ պետք է հստակ որոշեմ` ընդունել, թե ոչ: Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելը լուրջ բան է, պետք է պրոֆեսիոնալների թիմ լինի, որ ընդունեմ առաջարկը: Իմ մասնակցությամբ «Հյուսիս-հարավ» ֆիլմում մարմնավորել եմ հումորային, միեւնույն ժամանակ լուրջ, տարբերվող կերպարի, կարծում եմ` այն հաջողվել է: Ֆիլմի պրեմիերան կլինի սեպտեմբերին:

10401981_764326657028200_2737399369088022007_n

-Վերջերս անակնկալ կերպով հայտարարեցիք, որ ամուսնացել եք: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք առանց որեւէ խնջույքի, հատուկ արարողության ամուսնանալ:

-Ես չեմ սիրում ինչ-որ հատուկ արարողություններ անել, ամպագոռգոռ բաներ ասել. իմ բնույթն է այդպիսին: Կարեւորը երջանկությունն է, փոխըմբռնումը: Չեմ սիրում որեւէ բան անել` մարդկանց ինչ-որ բան ապացուցելու համար: Ովքեր գիտեն այդ մասին, բավական է, ովքեր չգիտեն, պարտադիր չէ, որ իմանան: Ու թեեւ չեմ սիրում թաքցնել, կոծկել իմ անձնականը, այնուամենայնիվ, չեմ էլ սիրում, որ իմ կյանք են մտնում, ինքս էլ չեմ փորձում որեւէ մեկի կյանք ներխուժել:

-Իսկ եկեղեցում պսակադրվելու ցանկություն չունեի՞ք:

-Նման ցանկություն ունեցել եմ, ի դեպ, ամեն բան դեռ առջեւում է: Պարզապես կարծում եմ, որ մարդ պետք է համապատասխան հոգեվիճակով մտնի այդ սուրբ վայր, ոչ թե ուղղակի` մտնելու համար, այդ հարցին պետք է գիտակցաբար մոտենալ` հետագայում չփոշմանելու համար: Ես շատ կարեւորում եմ նաեւ ԶԱԳՍ-ով ամուսնությունը, թեպետ կան շատ զույգեր, որոնք ամուսնությունից տարիներ հետո նոր են օրինականացնում իրենց հարաբերությունները:

sona2

-Ձեր եւ Ձեր ամուսնու միջեւ, որքանով տեղյակ եմ, տարիքային տարբերություն կա. Դուք նրանից տարիքով մեծ եք, ինքներդ էլ բնավորությամբ լիդեր եք, համարձակ, երբեմն թվում է` նաեւ իշխող: Կին-տղամարդ հարաբերություններին այս հանգամանքները չե՞ն խանգարի:

-Տարիքային այդ տարբերությունը ոչինչ չի նշանակում. կողքիդ մարդը կարող է տարիքով մեծ լինի, բայց ոչնչից գլուխ չհանի, իրար չհասկանաք… Որ ասեմ` լիդեր եմ, ոչ, բայց ինձ համարում եմ ուժեղ անձնավորություն: Կարծում եմ` կինն իր դիրքերում պետք է մնա, տղամարդն` իր: Ինքս պահանջկոտ չեմ, բայց որ տեղը գա, կպահանջեմ, կոնկրետ հարցերում կարող է եւ պահանջկոտ լինեմ. կյանքը ցույց կտա…

-Ձեր ամուսինը Ձեր ոլորտի հետ կապ ունի՞: Ինչո՞վ է նա զբաղվում:

-Ո՛չ, նա իմ ոլորտի հետ կապ չունի. ամուսինս բիզնեսմեն է, փոքր բիզնես ունի: Կարեւորը բարի ու խելացի անձնավորություն է:

-Դուք բեմի մարդ եք, Ձեզ չի՞ խանդում:

-Ո՛չ, չի խանդում, մեկս մյուսին վստահում ենք:

kar1

-Իսկ Ձեր ամուսնու ծնողներն ինչպե՞ս են վերաբերվում երգչուհու Ձեր կարիերային:

-Շատ լավ. ես իմ քրտինքով աշխատող մարդ եմ, իմ գործն էլ, կարծում եմ, լավ եմ անում:

-Կհամաձայնե՞ք ամուսնու ծնողների հետ ապրել:

-Այո՛, սիրով: Ես հիմա ապրում եմ առանձին, բայց եթե հարկ լինի, կհամաձայնեմ նաեւ նրանց հետ ապրել: Շատ սիրում եւ հարգում եմ նրանց, այդ վերաբերմունքն էլ փոխադարձ է:

-Ձեր մայրիկը պահանջկո՞տ զոքանչ է, հավանո՞ւմ է իր փեսային:

-Դե, բնականաբար, բոլոր մայրերն էլ կուզենան, որ իրենց դուստրերը երջանիկ լինեն, նրա ցանկությունն էլ հենց դա է, բայց առանձնապես պահանջկոտ չէ: Նա, թեեւ, ամեն մեկին չի վստահում եւ հավատում, բայց հավանում է իր փեսային: Մայրիկիս կարծիքն, իհարկե, կարեւորում եմ, բայց այն համոզման եմ, որ զույգի կարծիքը պետք է լինի գերիշխող. կողքից ոչ ոք չպետք է խառնվի երկուսի հարաբերություններին: Շատ բաժանություններ լինում են հենց երրորդ անձի խառնվելու պատճառով:

-Իսկ արդեն պլանավորո՞ւմ եք բալիկներ ունենալ, թե՞ դեռ չեք շտապում:

-Աստված ինչպես կամենա, դա պլանավորելով չէ. ինչ լինելու է, կլինի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս