Քաղաքացիները կազատվեն ԱՊՊԱ-ի և գույքահարկի վճարումներից. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հաղորդագրություն է տարածվել, որում ասված է.

«Դեռեւս հունիսին Օմբուդսմենը բարձրացրել էր այն խնդիրը, երբ նախկինում վաճառված կամ լիազորագրով տրված տրանսպորտային միջոցները գնորդի կողմից հաշվառումից չհանելու եւ չվերահաշվառելու արդյունքում նախկին սեփականատերերը, ովքեր արդեն երկար տարիներ փաստացի չեն հանդիսանում այդ տրանսպորտային միջոցների տիրապետողը, օգտագործողը եւ տնօրինողը, պարտավորվում էին վճարել գույքահարկը:

Օմբուդսմենի գրության հիման վրա Կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբեւէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, եւ այդ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտման սահմանված դեպք 01.06.2011 թվականից հետո չի արձանագրվել, համարել խոտանված 30.12.2010 թվականի դրությամբ եւ հանել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական հաշվառման համակարգչային շտեմարանի գործող հատվածից:

Բացի այդ, որոշմամբ սահմանվել են հավելյալ երաշխիքները.

• խոտանված տրանսպորտային միջոցը ի հայտ գալու դեպքում այդ տրանսպորտային միջոցները վերադարձվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական հաշվառման համակարգչային շտեմարանի գործող հատված,

• տվյալ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հրապարակում Ոստիկանության պաշտոնական կայքում,

• ԶԼՄ-ներով քաղաքացիներին վերոնշյալ որոշման վերաբերյալ իրավական խորհրդատվություն տրամադրում եւ այլն:

Արդյունքում, նշված որոշման ընդունմամբ փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող եւ չօգտագործվող տրանսպորտային միջոցների սեփականատերերը կազատվեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված ԱՊՊԱ պայմանագիր կնքելու եւ «Գույքահարկի մասին» օրենքով նախատեսված գույքահարկ վճարելու պարտավորությունից»:




Լրահոս