«Կարճ ու կոնկրետ՝ դեմ ենք Ջերմուկի շրջակայքում Ամուլսարի ոսկու արդյունահանմանը»: Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ամուլսարն՝ իր չորս գագաթներից երեքը հարթեցնելու, Ջերմուկը որպես առողջարանային գոտի հեղինակազրկելու, Սեւանա լճի որպես հատուկ պահպանվող ջրային ավազան վտանգելու, Սպանդարյան ջրամբարն ու Որոտան եւ Արփա գետերի ավազաններն ապականելու, Գնդեվազ գյուղն ամբողջությամբ ցիանիդով ու այլ թունավոր թափոններով լի փոշու տակ առնելու, Կարմիր գրքում գրանցված նորահայտ բուսատեսակը վերացնելու, Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ կենդանատեսակների միգրացիոն ուղիները եւ թռչնատեսակների բնադրավայրերը խախտելու, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի շրջանի եւ Սյունիքի մարզի Գորայք-Սարավան գյուղերի տարածքներում գյուղատնտեսության հնարավորությունները վերացնելու եւ բազմաթիվ այլ վտանգավոր հետեւանքներով լի հանքարդյունաբերական ապօրինի ծրագիրը հերթական անգամ «ներկայացվում է հանրությանը»։
Մեծ Բրիտանիայի օֆշորային Չենըլ այլընդզում գրանցված «Լիդիան Ինթերնեյշընըլը» վարկատու կազմակերպությունների պահանջների դիմաց «կատարված է» նշան դնելու համար կազմակերպել է այսպես կոչված՝ «հանրային խորհրդակցություններ»՝ Ամուլսարի ոսկու արդյունահանման եւ կորզման ծրագրի «Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման» շուրջ։
Մասնակցությունն այս խորհդրակցություններին նույնն է, ինչ ՀՀ բնակչության մասնակցությունը Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նույնիսկ «ոչ» ֊ով։ Չցանկանալով լեգիտիմացնել Ամուլսարի ոսկու արդյուհանման հնարավորությունը՝ հրաժարվում ենք մասնակցել որեւէ փաստաթղթի կամ ծրագրի բարելավմանն ուղղված քննարկմանը, քանի որ դեմ ենք փաստաթղթին կամ ծրագրին ըստ էության։ Կոչ ենք անում հանքարդյունաբերական այս աղետավոր ծրագրի իրականացմանն ուղղակիորեն չնպաստել եւ չմասնակցել «հանրային խորհրդակցություններին»։ Հանրությունն իր «ոչը» պետք է բոյկոտով արտահայտի»: