ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական ներդրումները Հայաստանում զգալի պակասել են․ ինչ փոփոխություններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումներն աճել են` 2018 թվականին իրականացված 14.7 մլրդ դրամից դառնալով 164.6 մլրդ դրամ:

Փոխարենը ուղղակի ներդրումներն են զգալի նվազել, եթե տարում իրականացված ուղղակի ներդրումները 48.1 մլրդ դրամ են կազմել, ապա 2018-ին այն 74.9 մլրդ դրամ է կազմել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի տնտեսությունը հիմնված է հանքարդյունաբերության վրա: Սա նշանակում է, որ 2018-ին ներդրումները հիմնականում ուղղված են եղել հանքարդյունաբերության ոլորտ, միայն 20.6 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել էր Ջերսի օֆշորային կղզուց:

Խոսքը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի մասին է, որը սկսվել էր դեռ նախկին կառավարության օրոք: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում էր շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում` Չաննել կղզում: Տեղեկացնենք, որ օֆշորները` ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են: Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձրել օֆշորային գոտի: Բայց անցյալ տարում Ջերսիից դեպի Հայաստան ներդրում չի իրականացվել: Բանն այն է, որ բնապահպանները տեւական ժամանակ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ` պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Ի նշան բողոքի` նրանք փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհը:

Հիմնականում ուղղակի ներդրումների ծավալների նվազման վրա իր ազդեցությունն է ունեցել հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման եւ հանքագործական արդյունաբերության հարակից գործունեությունների տեսակները: Օրինակ` եթե 2018 թվականի հունվար-դեկտեմբերին հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մասով ներդրումները կազմել էին 19 մլրդ 405 մլն դրամ, ապա անցյալ տարվա նույն ժամանակահատվածում` պարզապես 0:

Հիշենք՝ թավշյա հեղափոխությունից հետո հանքերի շահագործման օրինականության վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ, եւ հիմա այդ ոլորտում հայտնի ընկերություններից Ալավերդու պղնձաձուլական գործարանն այս պահին կանգնած է, չի աշխատում` միաժամանակ զրոյացնելով պետական բյուջե վճարվող հարկերը: Իսկ ահա Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը մեծ դադարից հետո նոր է սկսել աշխատել։ Բայց մյուս կողմից, այստեղ տեղին է հիշեցնել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության կառուցվածքը պետք է փոխել, այսինքն` տնտեսությունը չպետք է հիմնվի հանքարդյունաբերության վրա: Եւ ուղղակի ներդրումների զգալի նվազումը հենց դրա հետեւանքն է: Զարմանալի չէ, որ Միացյալ Թագավորությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները. 1.3 մլրդ դրամի չափով կապիտալը դուրս է հանել երկրից:

Հայաստանից իր կապիտալն արտահանել է նաեւ Ֆրանսիան` 1.1 մլրդ դրամի չափով, 1.1 մլրդ դրամ էլ Վրաստանը:
Ի դեպ, բացի այս` նվազել են նաեւ Գերմանիայից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալները: Թեեւ Գերմանիան Հայաստանից կապիտալը չի հանել, բայց նվազեցրել է ներդրումները։ Մինչդեռ 2018-ին Գերմանիայից Հայաստան մտել էին 15․6 մլրդ դրամի ուղղակի ներդրումներ, իսկ անցյալ տարում այն կազմել է՝ 8.8 մլրդ դրամ։
Իսկ ահա Արաբական Միացյալ Էմիրություններից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան եկած ներդրումների ծավալներն են ավելացել են՝ 173.6 մլն դրամի չափով. եթե 2018 թվականի հունվար-դեկտեմբերին դրանք կազմել էին 587.7 մլն դրամ, ապա անցյալ տարվա նշված ժամանակահատվածում այն եղել է 761.3 մլն դրամ:

Միաժամանակ այս տարի իրենց ներդրումները ավելացրել են մի շարք երկրներ: Օրինակ` Արգենտինայից Հայաստան մտել է 8.9 մլրդ դրամի չափով ներդրում․ այն մեկ տարվա ընթացքում ավելացել է 6.3 մլրդ դրամով։ Իտալիայից Հայաստան մտած ներդրումների ծավալներն են զգալի ավելացել․ օրինակ եթե 2018-ին Հայաստան մտած իտալական ներդրումները կազմել են 130 մլն 300 հազար դրամ, ապա անցյալ տարի այն կազմել է 12.9 մլրդ դրամ։ Շվեյցարիայից ուղղակի ներդրումները ավելի քան 1 մլրդ դրամով են ավելացել։ Փոխարենը Ուկրաինան է Հայաստանից դուրս է հանել 57.1 մլն դրամի կապիտալը։

Իսկ ահա ռուսական ներդրումների ծավալները Հայաստանում զգալի պակասել են. օրինակ` անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան մտած ուղղակի ներդրումների չափը կազմել է 15.8 մլրդ դրամ` 2018 թվականի նույն ժամանակահատվածի` 60.1 մլրդ դրամի դիմաց: Նկատենք, որ Ռուսաստանի ներկայացումը հիմնականում մեծ է էներգետիկ շուկայում` գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման ոլորտում: Խոսքը «Հայաստան էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների մասին է: Ու, ընդհանրապես, Հայաստանի ներդրումների տեսակարար կշռի 40 տոկոսը միայն ռուսական ներդրումներն են կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս