«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքն արդեն երկու ամիս է` ղեկավար չունի: Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. նա մտադիր է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քամալյանի տեղակալ Արթուր Մխիթարյանը:
Հրաժարականի պատճառների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանի հետ:
-Պարո՛ն Քամալյան, ի՞նչն է պատճառը, որ հրաժարական եք տվել: Ձեզ չի՞ գոհացրել գյուղապետի պաշտոնը:
-Ես արդեն մայիսի վերջին աշխատանքի ազատման դիմում եմ ներկայացրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Պատճառն այն է, որ վատառողջ եմ եւ ունեմ լուրջ բուժզննման, բուժման կարիք: Ստիպված պետք է մեկնեմ Ռուսաստանի Դաշնություն՝ Վորոնեժ քաղաք, որտեղ ես տասը տարի ապրել եմ եւ վեց տարի սովորել: Իմ ընկերները, ովքեր Վորոնեժում բարձրաստիճան պաշտոնյաներ են, խոստացել են բուժմանս հետ կապված հարցերով օգնել ինձ:
-Այս պահին Խաշթառակ համայնքը ղեկավար չունի: Ո՞վ է զբաղվում գյուղի հարցերով:
-Իմ դիմումի մեջ ես առաջարկել եմ, որ ինձ փոխարինի իմ տեղակալը՝ Արթուր Մխիթարյանը, ում հետ երեք տարի աշխատել եմ: Նա ունի բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ: Իսկ ես կմեկնեմ այն ժամանակ, երբ Կառավարության նիստում կհաստատեն գյուղապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը: Նաեւ պետք է հանձնում-ընդունում արվի:
-Պարո՛ն Քամալյան, կան գյուղապետեր, ովքեր այդ պաշտոնը հանձնում են պարտքերով: Դուք նման խնդիր ունե՞ք:
-Մենք պարտք ու պահանջ չունենք: Ես ավելի քան յոթը տարի է, ինչ աշխատում եմ, բայց աշխատավարձի հետ կապված ոչ մի պարտքի խնդիր չեմ ունեցել:
-Իսկ այդ յոթը տարիների ընթացքում գյուղի համար ի՞նչ եք արել:
-Կարող եմ ասել՝ ոչ մի լավ բան (ծիծաղում է-Ս.Հ.): Բայց մի շարք ծրագրերի միջոցով վերանորոգվել է գյուղի բուժամբուլատորիան, մայրուղուց մինչեւ Խաշթառակ, Լուսահովիտ տանող ճանապարհը ասֆալտապատվել է, նաեւ հիմնանորոգվել է միջնակարգ դպրոցը եւ այլն:
-Գյուղում կա՞ն հավակնորդներ, ովքեր առաջադրելու են իրենց թեկնածությունը գյուղապետի պաշտոնի համար:
-Իհարկե, կան, բոլորն էլ ինձանից շնորհքով են, ավելի եռանդուն են:
-Հնարավո՞ր է, որ լիարժեք ապաքինվելուց հետո մնաք Վորոնեժում եւ այնտեղ աշխատանք փնտրեք:
-Դուք մի՛ մոռացեք, որ ես առաջիկայում կլինեմ 60 տարեկան եւ, բնականաբար, կվերադառնամ իմ հայրենի գյուղ՝ լինելով կնոջս, երեխաներիս ու թոռներիս հետ միասին: Ցանկություն չունեմ ապրելու այլ երկրում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ