Մենք Ճանապարհային ոստիկանությունում հանդիպում ենք ունեցել, որը փակ էր: Այսօր որոշեցինք բաց քննարկում անել, քանի որ մենք թաքցնելու որևէ բան չունենք հանրությունից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով Ճանապարհային ոստիկանությանը փոխանցած իրենց պահանջներին և դրանց շուրջ հնարավոր քննարկումներին:
Նշենք, որ Ճանապարհային ոստիկանությունից որևէ մեկն ասուլիսին չէր մասնակցում՝ չնայած, որ հրավեր եղել էր:
Վարդան Հակոբյանի խոսքով՝ ՃՈ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ իրենք քննարկել են տեսախցիկների, խաչմերուկներում թելադրող նշանների հետ կապված մի շարք հարցեր. «Զավեշտալին այն էր, որ երբ մենք առաջարկեցինք տեսախցիկներով հսկվող տարածքներում թելադրող նշաններ տեղադրել, մեզ պատասխանին, որ իրենք միջոցներ չունեն: Բա ո՞ւր են գնում միլիոնավոր դրամների հասնող տուգանքները: Մենք եկել ենք վերջնական եզրահանգման. տեսախցիկները և արագաչափերը պետք է հանվեն: ՃՈ-ի այդ պատասխանը հաստատեց, որ տուգանքներից գոյացած գումարները չեն ուղղվում հանրության շահերին, այլ ուղղվում են ինչ-որ մեկի գրպանը: Այդ օրենքները մեզ համար սարքել են մահակ և մեզ կեղեքելու միջոց: Այս դեպքում ՃՈ-ն խուսափում է հանրային քննարկումից»:
Նախաձեռնության անդամի խոսքով՝ իրենք Ճանապարհային ոստիկանությանը առաջարկել էին այլընտրանքային միջոց, այն է՝ խախտումների նկատմամբ կիրառել բալային համակարգ: Առաջարկն ընդունվել է վերապահումով: Նույն նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանն էլ ասաց, որ Ճանապարհային ոստիկանությունն ընդունում է բալային համակարգի ներդրումը. «Բայց նրանք ասում են՝ կիրառենք բալային համակարգը, իսկ խախտումների հետ կապված մենք դիպչելու ենք ձեր գրպանին»:
Հիշեցնենք` նախաձեռնության պահանջներն են.
1. Վերացնել կարմիր գծերը
2. Վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ, սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ժամանակավոր և ընդհանրապես զրկման համար, ներդնել դասընթացային պատժի և վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների համակարգ
3. Նախկին տուգանքների և դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել անբողջական համաներում
4. Ապահովել մատչելի երթևեկություն՝ հագեցնելով ճանապարհները անհրաժեշտ բոլոր նշաններով: