Անհեթեթագիտության դոկտոր-պրոֆեսորների մշակած նոր Սահմանադրության նախագիծն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած հարցում, երբ նոր Սահմանադրության նախագիծը համեմատում ենք գործող Սահմանադրության հետ, համոզվում ենք, որ վերջին փաստաթուղթը անվիճելիորեն լավն է, եւ դրա առաջարկվող փոփոխությունը հավասարազոր է Հայաստանի նկատմամբ դավաճանության:

Այսպես՝ Հայաստանի գործող Սահմանադրության 22-րդ հոդվածը սահմանում է. «Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»: Այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիները եւ, ընդհանրապես, մեր հանրապետությունում գտնվող ցանկացած ոք կարող է անկաշկանդ իր գործունեությունը ծավալել՝ հիմք ընդունելով այդ պահին գործող օրենսդրությունը: Ներկա Սահմանադրությամբ մարդը կարող է չմտահոգվել, որ վաղը կամ մյուս օրը մի ինչ-որ օրենք կընդունեն, եւ իր այսօրվա գործունեությունը կհայտնվի օրենքից դուրս, կամ կպարզվի, որ ինքը պետությանը կամ «իքս» մեկին ինչ-որ գումարներ է պարտք եւ իր ունեցվածքը պետք է տա նրան:

Նոր Սահմանադրության նախագծի 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Այն օրենքները եւ այլ իրավական ակտերը, որոնք վատթարացնում են անձի իրավական վիճակը, կարող են բացառության կարգով հետադարձ ուժ ունենալ, եթե անձի վստահության իրավունքը դրան չի խոչընդոտում: 2.Անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտով»:

Այսինքն՝ նոր Սահմանադրության նախագծի հեղինակները՝ մտքի գիգանտները, երկար-բարակ մտածել եւ մի լուծում են հնարել, որպեսզի հնարավոր լինի հետադարձ ուժ տալ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին եւ այլ իրավական ակտերին: Այսինքն՝ մարդիկ այսօր իրենց համար ապրում են, սակայն վաղը կարող է պարզվել, որ նրանք հանցագործներ են կամ պետությանը հսկայական գումարներ են պարտք: Նախագծի վերը բերված հոդվածի երկրորդ կետով էլ հեղինակները հնարել են, թե ինչպես պետք է թույլ չտան, որպեսզի անձի վիճակը բարելավող ակտերը հետադարձ ուժ ունենան: Եթե այժմ այդպես է Սահմանադրության ուժով, ապա ապագայում համապատասխան իրավական ակտի հեղինակները կորոշեն անձի իրավական վիճակը բարելավող օրենքին հետադարձ ուժ տալ, թե չտալ:

Նոր Սահմանադրության նախագծում կարելի է հանդիպել նաեւ այնպիսի դրույթների, որոնք հիմարություն պարունակելուց բացի՝ նաեւ մատնում են հեղինակների ներքին վախերը: Ասենք՝ նախագծի 43-րդ հոդվածը վերաբերում է հավաքների ազատությանը: Մարդիկ չեն զլացել եւ այդ հոդվածի 1-ին կետում գրել են, որ «բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն անցկացվում են ողջամիտ ժամկետներում կատարված իրազեկման հիման վրա»: Այսինքն՝ փաստաթղթի հեղինակները ամեն կերպ փորձել են բացառել ինքնաբուխ հավաքների հնարավորությունը: Իսկ ինչու են նրանք նման քայլի դիմել, ինչու են նրանք այդպես վախեցել ինքնաբուխ հավաքներից, որ իրազեկման մասին ցանկանում են անգամ Սահմանադրությունում գրել, կարծում ենք՝ դժվար չէ կռահել: Ի վերջո, հունիսի երկրորդ կեսի իրադարձությունները եւ երկու շաբաթ շարունակ Բաղրամյան պողոտայի փակված լինելը ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունները ամենակարող չեն: Ավելին՝ կարելի է ենթադրել, որ այս դրույթը հենց այդ բողոքի ցույցերի օրերին է գրվել, քանի որ փաստաթղթի հեղինակներից մի քանիսն այդ օրերին ջղաձգումներ են ունեցել:

Նոր Սահմանադրության 47-րդ հոդվածը, որը նվիրված է ընտրական իրավունքին, ընդհանրապես խմած մարդու կենաց է: Այսպես՝ այդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք»:

Գործող Սահմանադրությամբ պատգամավոր ընտրվելու իրավունքը սահմանում է 64-րդ հոդվածը, որտեղ գրված է. «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Թվում է, թե փոփոխության հեղինակները հայոց լեզվի մասին են մտածել: Բայց ողջ խնդիրն այն է, որ եթե Սահմանադրությամբ սահմանվում է «պետական լեզվին տիրապետող» եզրույթը, ապա պետք է սահմանվի նաեւ, թե ով եւ ինչպես է որոշում՝ տվյալ անձը տիրապետում է լեզվին, թե ոչ: Նախագծում բերված ձեւակերպմամբ` ներկա կազմն ունեցող խորհրդարանը կարող է մի օր որոշել, որ պետական լեզվի իմացությունը, ասենք, Թոխմախի գողական բառապաշարի տիրապետումն է, քանի որ «ախպերությունն» այդ լեզուն է հասկանում:
Մի խոսքով, որքան շարունակում ենք ծանոթանալ նոր Սահմանադրության նախագծի հետ, այնքան համոզվում ենք, որ դրա հեղինակները անհեթեթագիտության դոկտոր-պրոֆեսորներ են:

Վահագն Հովակիմյան




Լրահոս