Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօրի 177 հոդվածի 2-րդ (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով), նույն հոդվածի 3-րդ մասի (գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել է այս տարվա հունվարի 4-ին Արաբկիր վարչական շրջանի Կովկասյան 92 տանից կատարված գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը երեկոյան անհայտ անձը կամ անձիք նշված տան պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելու եղանակով ներս են մտել և այնտեղից հափշտակել մոտ 8 միլիոն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև՝ հեռուստացույց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տունը պատկանում է հայտնի գործարար “Սահակյանշին” ընկերության փոխտնօրեն՝ 29-ամյա Կարեն Սահակյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողության օրը նրանք գտնվելիս են եղել Ծաղկաձորում և կեսգիշերին վերադառնալով տեսել են տունը թալանված: