1980 թվականի հուլիսի 25-ին է մահացել ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին, ով մեծ հետք է թողել ռուսական մշակույթում։ Չնայած Վիսոցկին անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, այդուհանդերձ ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում։
Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում։ Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա՝ Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։
Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, ինչպես օրինակ՝ Համլետի (Շեքսպիրի “Համլետ”) դերում։ 1964 թվականից Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան է եղել։ Հեղինակել է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։
1970-ին համերգներ է տվել Հայաստանում։ Ամուսնացած է եղել Մարինա Վլադիի հետ։